ԱԻՆ-ը և Արդարադատության նախարարությունը վարչապետի աշխատակազմի հետ համատեղ օրենսդրական փաթեթ են մշակում

Արդարադատության և Արտակարգ իրավիճակների նախարարությունները վարչապետի աշխատակազմի հետ համատեղ օրենսդրական փաթեթ են մշակում, որի փոփոխությունները վերաբերելու են արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքին: Այս մասին տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ չհստակեցնելով ժամկետները։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասում է՝ նախագծի շուրջ քննարկումները ակտիվ շարունակվում են և դեռ պարզ չէ մինչև արտակարգ դրության ավարտը՝ օգոստոսի 12-ը, նախագիծը կուղարկվի Ազգային ժողովի քննարկման ու քվեարկության, թե արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի։

«Քննարկումները շարունակվում են, աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել՝ ամեն օրվա կտրվածքով, և մոտ օրերս հույս ունենք, որ վերջնական տարբերակը կունենան ու կկարողանանք ներկայացնել հանրությանը: Հակահամաճարակային կանոնների մասով ես կարող եմ վստահեցնել, որ այդ մասով որևէ բան չի փոխվելու, բայց, օրինակ, հիմա քննարկվում է, որ արտակարգ դրությունը պահպանվի, սակայն հանրահավաքներ կազմակերպելու, իրականացնելու սահմանափակումը դուրս գա», - ասաց Գևորգյանը:

Ավելի վաղ կառավարության նիստին վարչապետը հայտարարել էր՝ անհրաժեշտ են կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան կորոնավիրուսի հակահամաճարակայի միջոցառումները պահպանել առանց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու:

«Մենք հասկանում ենք նաև, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել հնարավոր չի և պետք էլ չի, և այս ընթացքում, դեռ նախորդ ամսվանից մենք որոշում ունենք, որպեսզի օրենսդրական փաթեթ մշակենք, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթև, այսինքն ինքը թիրախավորված հենց հակահամաճարակային միջոցառումների տրամաբանությամբ կառաջնորդվի: Ինչո՞ւ է այդ օրենսդրությունը հարկավոր և ինչո՞ւ այդ օրենսդրության մշակումը մենք չենք սկսել մարտին, որովհետև մարտին կանխատեսումներն այլ էին, մտածում էինք, որ այս համաճարակը երևի մի քանի ամիս կտևի և մինչև այդ օրենսդրությունը պատրաստվի, երևի համաճարակն էլ կվերանա, բայց կյանքն այլ բան ցույց տվեց», - ասաց վարչապետը:

Խորհրդարանական ուժերը սպասում են կառավարության կողմից նախագծի հրապարակմանը։ «Լուսավոր Հայաստան»-ից փոխանցեցին՝ իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ում կառավարությունից ամբողջական պատկերը լսելուց հետո նոր միայն որևէ գնահատական կհնչեցնեն։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ից էլ հայտնում են՝ շատ կարևոր է, որ նոր օրենսդրական փաթեթը հապճեպ կարգով չներկայացվի և իրենք դրան ծանոթանալու հնարավորություն ունենան։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կարծիքով՝ ամեն դեպքում գործող սահմանափակումները վտանգավոր են տնտեսության համար և որոշակի մեղմացումներ անհրաժեշտ են։

«Մենք առայժմ ոչ մի գրություն, պաշտոնական ոչ մի բան չենք ստացել, բայց, իհարկե, պետք է անպայման փոփոխություններ լինեն, որովհետև թե՛ տնտեսական, թե՛ առհասարակ իրավիճակը թելադրում է նա, որ արդեն իսկ այս սահմանափակումների մեջ ոչ մի բան նորմալ չի կարում ո՛չ զարգանա, ո՛չ առաջ գնա, սա իմ անձնական կարծիքն է: Եկեք չմանրամասնենք, երբ որ մենք ստանանք օրինագիծը և կնայենք կուսումնասիրենք, այդ ժամանակ, արդեն մեր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտենք», - նշեց Աբովյանը:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին, ապա ամեն ամիս երկարաձգվել է ևս մեկ ամսով: