Այսօր կառավարությունն արտահերթի նիստի ընթացքում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը՝ դիմակայելու կորոնավիրուսի համաճարակը։
Վարչապետ Փաշինյանը նշեց՝ թեև Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված է, որ բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում անհրաժեշտ է արտակարգ միջոցներ ձեռնարկել, այնուամենայնիվ, օրենսդրական մակարդակում արդեն արտակարգ դրության ռեժիմից բացի այլ գործիք չկա նման գործողություններ իրակացնելու համար։
«Մյուս կողմից մենք հասկանում ենք նաև, որ արտակարգ դրությունն անվերջ երկրացնել հնարավոր չի և պետք էլ չի, և այս ընթացում դեռ նախորդ ամսվանից մենք որոշում ունենք, որպեսզի օրենսդրական փաթեթ մշակենք, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում», - ասաց վարչապետը:
Արդեն Ազգային ժողովում արտակարգ դրության երկարաձգման որոշման քննարկման ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ երկրում դեռևս առկա չէ այն իրավիճակը, որը թույլ կտա վերադառնալ նորմալ կյանքին, սակայն կան կանխատեսումներ, որ դիմակներ կրելու և մյուս կանոնները պահպանելու պարագայում հնարավոր է սեպտեմբերին ավելի լավ վիճակ ունենալ։
«Միջինում հիվանդություն ունենալու ամբողջ ընթացքում մեկ անձը կվարակի 0,8 հոգու: Այս արդյունքին, հետազոտության համաձայն, էապես նպաստել են դիմակների և մյուս կանոնների քաղաքականությունը, իհարկե, նաև կարևոր է եղանակային գործոնը: Նման միտումի պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր վարակակիրների արձանագրված դեպքեր: Կանխատեսումները շատ նախնական են և բոլորովին չեն նշանակում, թե անկման միտումները կպահպանվեն, որովհետև բազմաթիվ գործոններով են պայմանավորված», - ընդգծեց Ավինյանը:
Այնուամենայնիվ, եթե ամռանը չհաջողվեր վարակի վերարտադրության գործակիցն իջեցնել 1-ից, այսինքն երբ մեկ հիվանդը վարակում է 1-ից ավելի մարդկանց, ապա պարետատունը սեղանին դրված ուներ բլան Բ՝ պարետային ժամի սահմանում։
«Սցենարը նախատեսում էր ընդհանուր առմամբ 10 շաբաթ տևողությամբ ռեժիմ, որի կուլմինացիան պարետային ժամով 4-շաբաթյա սահմանափակումներն էին, բնականաբար, հարակից տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումներով: Վերջինս ուղեկցվելու էր միջմարզային տեղաշարժի արգելքով և աշխատանքային օրերին երեկոյան սահմանված ժամից սկսած անձանց տեղաշարժի սահմանափակմամբ: Ընդորում այս սցենարով նախատեսվում էր շաբաթ և կիրակի օրերին անձանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության լիարժեք սահմանափակումներ», - ասաց փոխվարչապետը:
Այնուամենայնիվ, Ավինյանի խոսքով, բարեբախտաբար պարետատունը առաջիկայում կարող է անգամ հանել որոշ սահմանափակումներ: «Մասնավորապես՝ առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրերը, որոնց իրագործումը, սակայն, կախված է լինելու համաճարակային վիճակից», - հավելեց Տիգրան Ավինյանը:
Ազգային ժողովում քննարկմանը պարետին տասնյակ հարցեր ուղղեցին. քննարկումը տևեց ավելի քան 3 ժամ։ Հնչեցված հենց առաջին հարցը վերաբերում էր արտակարգ դրությանն առնչվող ու ամենշատը քննարկվող թեմային՝ բացվելո՞ւ են արդյոք դպրոցները։
«Մեր նպատակն է լինելու անել հնարավորինս, որպեսզի սեպտեմբեր ամսից սկսած արդեն հանրակրթական դպրոցներն իրենց աշխատանքը վերականգնեն ոչ առցանց, այլ հենց տեղում, նորմալ ռեժիմով՝ որոշակի կանոնների պահպանմամբ», - պատասխանեց փոխվարչապետը:
Հարցուպատասխանից հետո արդեն խմբակցությունների ելույթների ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից պատգամավոր Արման Աբովյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով ԲՀԿ-ն առաջարկում էր չեղյալ հայտարարել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման 4-րդ կետը՝ հավաքների կամ հանրային միջոցառումների սահմանափակումը։ Աբովյանն ավելացրեց, որ այս նախագծի վրա աշխատել են արտախորհրդարանական գործընկերների՝ դաշնակցության և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության հետ, դահլիճն այս տեղեկությանն աղմուկով արձագանքեց։
Արման Աբովյանը հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչո՞ւ է 3 քաղաքական ուժերի համար հավաքների սահմանափակումն այլևս անթույլատրելի։ Ըստ նրա՝ թեև Սահմանադրությունը նախատեսում է այնպիսի դրույթ, որը հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով ժամանակավոր կասեցնել հավաքների ազատությունը, այնուամենայնիվ, արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարաձգումը ողջամիտ չէ և առաջացնում է հակասություն Սահմանադրության այլ հոդվածների հետ։
«Քանզի իրավական և ժողովրդավարական բնույթ ունեցող պետությունում սոսկ համաճարակի տարածումը կանխելու վերացական պատճառաբանությամբ հավաքների ազատության ամբողջական արգելք չի կարող կիրառվել», - ասաց Աբովյանը:
Խորհրդարանը դեմ քվեարկեց ԲՀԿ-ի ներկայացրած նախագծին։