Մատչելիության հղումներ

Համաճարակի պատճառով Հայաստանում տուժում է թե՛ արտաքին, թե՛ նաև ներքին տուրիզմը


Սևանա լիճն ամռանը, արխիվ
Սևանա լիճն ամռանը, արխիվ

«Որոշել էինք ընկերներով գնայինք Իտալիայի հարավ, հիմնականում՝ Նեապոլ, Պոմպեյ, Սիցիլիա, հետո արդեն Փարիզ գնայինք ավելի մշակութային տուրիզմ ունենալու համար ու գնայինք դեպի Բորդո...»:

Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվեցին սահմանները, տուրիստական երկրները դատարկվեցին։ Երեք հայ ընկերների եվրոպական շրջագայությունը ևս չեղարկվեց։ «Չենք վհատվում, որովհետև այս պահին ճանապարհորդում ենք Հայաստանում», - ասում են նրանք:

Իտալիայում և Ֆրանսիայում շրջագայությունը փոխարինվեց Հայաստանով մեկ ճամփորդությամբ, ու երիտասարդները կարծես թե դժգոհ չեն. - «Գնում ենք տարբեր վայրեր, փորձում ենք բացահայտել այնպիսի տեղեր, որոնք էդքան էլ հայտնի չեն կամ, օրինակ, մեդիաների օգնությամբ դրանք առաջին տեղում չեն ճանապարհորդողների ցուցակում։ Մեզ համար միայն հաճույք է Հայաստանը բացահայտել, ու սա, կարելի է ասել շանս է՝ ավելի շատ ժամանակ անցկացնել մեր հայրենիքում»։

Հայաստանցիները հիմնականում նախընտրում են ծովափնյա հանգիստ։ Ամեն տարի ամռանը մեծամասամբ այցելում են Սև ծով։ Բայց այս տարի կորոնավիրուսը փակել է Սև ծովի բաղձալի ափեր տանող ճանապարհը։ Կփոխե՞ն արդյոք հայաստանցիները Սև ծովը կապուտակ Սևանա լճի հետ՝ այս առումով վիճակը դեռ հուսադրող չէ։

«Արդյոք իրենց վախը տիրող իրավիճակի հետ կապված կթողնի՞, որ իրենք լիարժեք տրվեն հանգստին, թե՞՝ ոչ, ստույգ ոչ մեկ չի կարող ասել», - ասում է «Նոյ Լենդ Ռեզորթ» հանգստյան գոտու մենեջեր Վարդիկ Հարությունյանը:

Սևանի ափին գտնվող այս հյուրատանը հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին դատարկ սենյակ չէիր տեսնի։ Այս տարի թեև ամրագրումներ կան, սակայն, ըստ մենեջերի, պատկերը նույնը չէ, ինչ նախորդ տարիներին։

«Մարդկանց հոսքն ավելի քիչ կլինի, քան անցած տարի։ Անկախ նրանից, որ հայերը չեն կարող ճանապարհորդել այլ երկրներ, որովհետև վախի զգացողությունը մեծ է», - նշում է Վարդիկ Հարությունյանը: - «Տեղացիների մասով հուլիս-օգոստոս ամիսները կարծում եմ նույն ձև կլինի, ոնց որ անցած տարիները, կամ ավելի քիչ։ Շատի մասին խոսք, կարծում եմ, չի կարող լինել»։

«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան տան վաճառքի ղեկավար Սիրանույշ Կայծակյանի խոսքով՝ «այս պայմաններում աշխատելն իրականում ծանր է, բայց դա է թելադրվում հիմա»։ «Հարսանիք ունենք Ամերիկայից, հարսը ոչ մի կերպ չի ցանկանում չեղարկել դեռ», - նշում է նա:

Աղվերանի այս հյուրանոցում ևս շատ մարդ չես տեսնի։ Վաճառքի մենեջերն ասում է՝ եթե ամրագրումներ էլ կան, ապա միայն՝ հանգստյան օրերի համար. - «Չենք կարող համեմատել այս և նախորդ տարին։ Թեկուզ այս տարի էլ մայիսի համար 50-60 տոկոս ամրագրում ունեինք, հունիսն արդեն մեկ տարի առաջ էր մեզ մոտ ամրագրված»:

60 համարից այս պահին 8-ն է զբաղված։ Վաճառքի ղեկավարն ասում է՝ իրենց միակ խնդիրն անորոշությունն է, թե երբ սահմանները կբացվեն, և հյուրեր կունենան: Այս պահին հյուրանոցը դեռ եկամտաբեր չէ, մարդիկ սպասում են՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է իրենց ընդունել. - «Մարդիկ վախենում են, երբ օրը 600, 700 վարակվածներ կան, իրենք խուսափում են, անգամ Երևանում, երբ շատ շոգ է, կուզեին քաղաքից դուրս գային, բայց վախենում են»:

Փակ սահմանների պայմաններում զբոսաշրջությամբ զբաղվողները սկսեցին խոսել ներքին տուրիզմի զարգացման ներուժի մասին՝ մատնացույց անելով նաև պաշտոնական վիճակագրությունը, համաձայն որի՝ 2019 թվականին 2018-ի համեմատությամբ ներքին տուրիզմը աճել էր 45 տոկոսով։ Սակայն համաճարակի տարածմանը զուգահեռ՝ ներքին տուրիզմն էլ է հանրային առողջապահական ռիսկեր պարունակում։

Զբոսաշրջության կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ ներքին զբոսաշրջությանն առնչվող գործունեությունը թեպետ այս պահին արգելված չէ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային առողջության ռիսկերը և առկա սահմանափակումները, նպատակահարմար չեն համարում իրականացնել հավելյալ խթանման միջոցառումներ։ Այն պահին, երբ վստահ կլինեն, որ ներքին զբոսաշրջությամբ մարդկանց տեղաշարժը կամ շփումները չեն ստեղծի առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, քայլեր կանեն։

Իսկ մինչ այդ, այս ժամանակահատվածն օգտագործում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և բարեկարգման, ինչպես նաև հետագա մարքեթինգային քաղաքականությունն ու գործողությունները հստակեցնելու վրա։

Անժելա Սանթրոսյանը Դիլիջանի հյուրատներից մեկում ինը տարի է խոհարար է աշխատում։ Արդեն կարոտով է հիշում նախորդ տարիների եռուզեռն ու մշտական հաճախորդներին. - «Ավելի լավ էր անցած տարվա նման պիկ լիներ, ազատ օր չունենայինք, քան թե հիմա սենց։ Երեկ էնքան պիկ էր, ուրախացել էինք, որ էդքան մարդ ա եկել, ու մենք ազատ ժամանակ չունեինք, բայց սենց տեսեք ինչ տխուր ա»։

Հյուրատան մենեջեր Սվետլանա Անանյանն ասում է՝ այսքան քիչ հյուր երբեք չեն ունեցել։ Մարդիկ, եթե անգամ գալիս են Դիլիջան, ապա, ըստ մենեջերի, վախենում են, ռեստորաններ հազվադեպ են այցելում։ Գալիս, զբոսնում և վերադառնում են։

Ասում է՝ փակ սահմանները կարող են նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը, սակայն այլ խնդիր կա. - «Մարդկանց ձեռքին փող չկա, իրենք կարող է ուզեն գան հանգստանան, բայց ֆինանսապես չձգեն։ Ես իմ ողջ պրակտիկայի ընթացքում չեմ հիշում դեպք, որ զեղչ հայտարարվի հունիս ամսին»։

Այլ պատկեր է Դիլիջանի մեկ այլ՝ «Քոզի Հաուզ» հյուրատանը։ Թեև այստեղ ևս արտերկրից ամրագրումները չեղարկված են, սակայն հայաստանցիների հոսք, այնուամենայնիվ, կա։

«Եթե էս վիճակում սենց մնա, էլի լավ ա», - ասում է հյուրատան հիմնադիր-տնօրեն Էդգար Գուլանյանը: - «Էս պայմաններում էլի գոհ ենք, որովհետև չէի սպասում, որ նույնիսկ տեղացիները կարող են գալ»:

«Կճուճ»-ը Դիլիջանի ամենահայտնի ռեստորաններից մեկն է։ Անցած ամառ այստեղ ազատ սեղան գտնելը հեշտ գործ չէր լինի, բայց այսօր կորոնավիրուսի պատճառով ռեստորանն այլևս չի գործում՝ իր մենյուով, աշխատողներով գործում է մյուս՝ «Թավա» ռեստորանում։

«Թավա»-ի պատասխանատու Գոռ Սողոմոնյանն ասում է՝ համագործակցում էին տուրիստական գործակալությունների հետ, և առավել մեծ հոսք հենց այս տարի էր սպասվում, ծրագրերը, սակայն, հօդս ցնդեցին։

«Էս պահին, ինչպես տեսնում եք, ռեստորանը դատարկ է, անցած տարի էս նույն ժամանակ թե՛ «Թավա»-ում, թե՛ «Կճուճ»-ում տեղ չի եղել, էս նույն ամսվա ընթացքում», - ասում է Սողոմոնյանը:

Ներքին տուրիզմը զարգացնելու համար, կարծում է, օրինակ՝ հյուրանոցները պետք է գներն իջեցնեն, որպեսզի սովորաբար արտերկրում կամ թեկուզ հարևան Վրաստանում հանգստացող քաղաքացիները կարողանան նույն գումարով այստեղ ևս հանգստանալ։ Այս պահին ռեստորանային բիզնեսը ձեռնտու չէ, սակայն հույս ունեն, որ ներքին տուրիզմի աճ կգրանցվի։ Սա է պատճառը, որ ռեստորանը շարունակում է աշխատել։

«Տեղի վարձակալություն, աշխատակազմի աշխատավարձեր, ծախսեր, եթե օրական առևտուրը հաշվես, էնպես չի, որ բիզնեսն այս պահին ձեռնտու է, ուղղակի հույս ունենք, որ ներքին տուրիզմը ավելի է զարգանալու Հայաստանում, ու ամեն ինչ ավելի է լավ է լինելու», - նշում է «Թավա» ռեստորանի պատասխանատուն:

Թեև Հայաստանում փորձ է արվում ներքին տուրիզմը զարգացնել, սակայն դեպի արտերկիր թռիչքների համար այս պահին էլ չեն դադարում տուրիստական գործակալություններին ուղղված հարցումները, թե երբ են թռիչքներ իրականացվելու, ասում է գործակալություններից մեկի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Դեպի դուրս թռիչքների համար այս պահին ավելի շատ են հարցնում, քան ներքին, որովհետև մարդիկ իրենց մեքենաներով գնում հանգստանում են կամ մեկ օրով գնում են, վերադառնում, այսինքն՝ տուրիստական կազմակերպության անհրաժեշտությունը շատ չի լինում», - նշում է Ստամբուլյանը:

Այս տուրիստական կազմակերպությունը գրեթե բոլոր երկրների ուղղությամբ այս տարի վաճառք է ունեցել, բայց ստիպված է եղել չեղարկել։ Այդ քաղաքացիներից ոմանք արդեն դիմել են, որպեսզի Հայաստանում հանգիստը կազմակերպեն, սակայն նրանց թիվը, ըստ Հռիփսիմե Ստամբուլյանի, մեծ չէ։

«Մենք կշարունակենք էնքան ժամանակ, մինչև մեր հնարավորությունները սպառվեն», - իր հերթին, ասում է “One Way Tour" ընկերության հիմնադիր-տնօրեն Մաթևոս Բարսեղյանը:

Ներքին տուրիզմով զբաղվող ընկերություններից մեկը շարունակում է աշխատանքը, թեև այս պահին այն շահութաբեր չէ։ Տնօրենն ասում է՝ COVID-ի պատճառով 3-4 անգամ նվազել են պատվերները։

«Եթե անցած տարվա տվյալները հաշվենք, ու 20-30 տոկոս տուրիստներ, ովքեր մասնակցում են խմբային տուրերին, իրենց ևս բացառենք ցանկից, միայն հայերը անցած տարվա տվյալով՝ 3-4 հազար, իսկ էս տարի եթե հունիս ամսին մենք կարողանանք սպասարկել մինչև հազար հոգի, դա արտակարգ թիվ կլինի մեզ համար», - ընդգծում է Մաթևոս Բարսեղյանը:

Նա կարծում է՝ այս վիճակը կշարունակվի մինչև արտակարգ դրության ավարտը։

«Մենք ունենք հսկայական մեծ պոտենցիալ՝ Հայաստանը և Արցախը, կարող ենք շրջագայել, է՛լ ավելի ազատ ու շատ տեսարժան վայրեր, որ չգիտեին, կարող են նորովի բացահայտել», - ասում է Բարսեղյանը:

Թե որքան վնաս է կրել ներքին զբոսաշրջությունը մարտից Հայաստանում տարածվող կորոնավիրուսի պատճառով, դեռ հայտնի չէ. ոլորտի պատասխանատուներն առայժմ խուսափում են թվեր հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG