Ռեստորանային բիզնեսը համաճարակի այս ամիսներին գտնվում է անկումային վիճակում, փորձում են գոյությունը պահպանել, ասում է մի քանի ռեստորանների հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը։
«Տուրիստական հոսքերի բացակայությունը, ներքին սպառման անկումը, մարդիկ խուսափում են նմանատիպ վայրեր հաճախելուց, որտեղ մարդկանց կուտակումներ է, ինչպես նաև երևի թե տնտեսական վիճակը արդեն որոշակի իր ազդեցությունը թողնում է սպառման վրա: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ ոլորտն այսօր միջինում 60-70 տոկոս անկում է գրանցել անցած տարվա թվերի համեմատ: Դա, իհարկե, բերում է իր խնդիրները, որովհետև մեր ոլորտը նաև արժեքաստեղծ համակարգի մի մասն է, մենք ոչ միայն աշխատատեղեր ենք ապահովում՝ մոտ 35 հազար աշխատողներ կան այս ոլորտում, այլ նաև մեր ոլորտի հետ փոխկապակցված աշխատում են գյուղատնտեսությունը, գինեգործության ոլորտի ձեռնարկությունները, սննդամթերքի՝ թե՛ ներմուծող, թե՛ տեղում արտադրող ընկերությունները, որոնք նույնպես ինչ-որ ձևով ազդեցության տակ են նաև այս վաճառքի ծավալների անկումների», - ասաց Արսեն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նկատում է՝ թեև վերջին օրերին ռեստորաններում որոշակի շարժ կա, ինչը կապված է կորոնավիրուսով վարակվածների թվի նվազմամբ, սակայն խոսել ռեստորանային բիզնեսի վերականգնման մասին, դեռ վաղ է։
«Բոլոր տնտեսվարողներն այս ոլորտի, որոնց հետ մենք շփվում ենք, արձանագրում են, որ խնդիրը դրված է ոլորտի ձեռնարկությունները փրկելու ու ոչ թե գումար աշխատելու մասին: Ու խնդիրը նաև նրանում է, որ այն բոլոր քայլերը, որոնք որ տարբեր ընկերություններ, ինչպես նաև մեր ընկերությունը ձեռնարկեցին, որպեսզի վերականգնեն վաճառքի ծավալները, դա առաքումների կազմակերպությունն է, մենյուների որոշակի ձևափոխությունն է, որոշակի ադապտացիաներ և այլն, իրենք լիարժեք կերպով չեն վերականգնում այն ծավալները, որոնք որ նախատեսված էին», - նշեց ռեստորանների հիմնադիրը:
Ոլորտի խնդիրները երեկ քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արդյունքը՝ հանրային սննդի ոլորտի կազմակերպություններին ամսական կտրամադրվի որոշակի դրամական աջակցություն։
Հանդիպմանը մասնակցած Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը գոհ է գործադիրի հետ հանդիպումից. «Բիզնեսի համար ինքը տալիս է վստահություն աշխատատեղը պահպանելու համար, որովհետև կառավարությունը համաֆինանսավորելու է աշխատավարձային ֆոնդը բիզնեսի, այսինքն որոշակի դրամական աջակցություն՝ ամսական կտրվածքով և մի քանի ամիս առնվազն շարունակությամբ տրամադրվելու է բիզնեսին: Քանի որ դրամաշնորհ է, դա նշանակում է՝ անհատույց է, դա աջակցություն է ուղիղ և բիզնեսն ավելի վստահ է լինելու ապագայի առումով, որ այդ աշխատատեղը պահպանի: Իրա վրայից այդ ծախսը որոշակի մասով դուրս է գալու, թեթևանալու է, դա շատ կարևոր է, որովհետև աշխատավարձային ծախսը բիզնեսի ամենամեծ ծախսերից է ռեստորանային ոլորտում»:
Ռեստորանների սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը կարծում է՝ եթե կառավարության աջակցությունը երկարաժամկետ չլինի, ապա բազմաթիվ բիզնեսներ սեպտեմբերից հետո կդադարեն գործել։
«Ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ամիսներն այդ այն ամիսներն են, երբ որ մենք շահույթ ենք գեներացնում, որը հետագայում օգտագործում ենք՝ այդ վատ ամիսներին աշխատատեղը պահպանելու և այլն: Հիմա եթե այս պահին մենք գտնվում ենք զրոյական վիճակում, որոշ դեպքերում փոքր վնասներ կրելով, ապա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև փետրվար-մարտ ամիս մենք շատ ավելի մեծ վնասներ ենք կրելու, երբ որ սպառումն էլ ավելի կրճատվի», - նշեց Հովհաննիսյանը:
Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները պարետատանն առաջարկել են քննարկել նաև սահմանափակումների աստիճանական մեղմացումը, օրինակ, վերացնել այն արգելքները, որոնք բիզնեսի վրա բացասաբար են անդրադառնում, բայց առողջապահական առումով վտանգ չեն ներկայացնում։
«Օրինակ՝ 5 թե 6 նստատեղ մի սեղանի շուրջ էականորեն կարող է իրավիճակը փոխել: Ծնունդներ կամ նման բաներ մեր ոլորտում, որ լինում են, շատ հաճախ ստիպված ենք ասել՝ չէ, որովհետև կամ հեռացնում ենք երկու տարբեր սեղանների վրա ու մարդիկ խուսափում են դա անել, զուտ նրա համար, որ էդ 6 թիվը նորմալ է գոնե ընտանիքները չկիսելու տեսանկյունից», - ասաց Արսեն Հովհաննիսյանը: