Աշխարհում կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտենում է 17 միլիոն 200 հազարին, մահացել է ավելի քան 670 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 10-ը միլիոն 700 հազար հիվանդ:
ԱՄՆ-ում երեկ մեկ րոպեում մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից
Առավել մտահոգիչ իրավիճակը Միացյալ Նահանգներում է, որտեղ ախտահարվածների թիվն անցել է 4.5 միլիոնը:
Երեկ Ամերիկայում մահացել է 1461 հիվանդ, փաստորեն` մեկ րոպեում մեկ մարդ: Ընդհանուր հաշվով ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ:
Հիրավի ճնշող վիճակագրություն է՝ անցած 11 օրում COVID-19 հիվանդությունից Միացյալ Նահանգներում մահացել է ավելի քան 10 հազար մարդ:
Մեծ թվով նահանգներում իշխանությունները վերականգնել են սահմանափակումները: Երկրում թեժ վեճ է՝ բացե՞լ դպրոցները, թե՞ ոչ:
Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե դեմոկրատները սոսկ քաղաքական շարժառիթներով են պահանջում հետաձգել ուսումնական տարվա մեկնարկը:
Սպիտակ տունը և Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարները պետք է բանակցեն համավարակից տուժած տնտեսությանն ու բնակիչներին ֆինանսապես սատարելու նոր օրինագծի շուրջ, քանի որ վիրուսի պատճառով աշխատանքից զրկվածներին նպաստներ տրամադրելու գործող օրենքն այս շաբաթավերջին ուժը կկորցնի:
«Հիմարությունն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը»
Ամերիկացի մասնագետներն ասում են, թե շատ բարդ է պայքարել նոր կորոնավիրուսի տարածման դեմ, երբ բնակիչների զգալի մասն անտեսում է տարրական կանոնները, դիմակ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահպանում:
Տեքսաս նահանգում Հյուսթոնի հիվանդանոցում աշխատող դոկտոր Ջոզեֆ Վարոնը խոստովանել է, որ երբեմն նույնիսկ հուսահատության եզրին է հասնում:
«Հիմա ես երկու ճակատով եմ կռվում՝ մի պայքարը COVID-19-ի դեմ է, մյուսը՝ մարդկային հիմարության: Խնդիրն այն է, որ առաջին ճակատում ես ունեմ հաղթելու ինչ-որ հույս, բայց երկրորդի դեմ պայքարը գնալով ավելի ծանր է դառնում: Հիմարությունը վիրուսի համեմատությամբ ավելի վտանգավոր թշնամի է»,- ասել է Հյուսթոնի հիվանդանոցի ավագ բժիշկ ու թոքաբան Վարոնը:
Նրա փոխանցմամբ, մարդիկ մասնագետներին չեն լսում՝ լինի դա գիտություն, թե պարզ բանականություն, ամբողջ երկրում մարդիկ անտեսում են խորհուրդները:
«Հյուսթոնի հիվանդանոց ամեն օր փոխադրվում են նոր հիվանդներ, միջինը՝ 40 մարդ, չնայած դրան, Հյուսթոնում ամենուր տեսնում ես դիմակներ չկրող ու սոցիալական հեռավորություն չպահպանող բնակիչների»,- ասել է թոքաբանը:
Դոկտոր Վարոնն աշխատել է բնական աղետների՝ երկրաշարժերի, ցունամիների, պատերազմների գոտիներում, բայց այս կորոնավիրուսը դրանցից ավելի բարդ խնդիր է համարում, քանի որ անընդհատ շարունակվող վարակ է:
«Աղետից, ռումբից, ֆիզիկական վտանգից կարող ես փախչել, պատսպարվել, բայց այս մեկը չի ավարտվում, և ամենածանրն այն է, որ մեծ ջանքերով փրկում ես հիվանդներին, բացատրում ես, թե ինչ է պետք անել, ապա տեսնում ես մարդկանց, որոնք ճիշտ հակառակն են անում»,- ասել է հյուստոնցի թոքաբանը:
Մի՞թե աղքատ երկրները կմնան առանց վակցինայի
Համաճարակաբանները նշում են, որ այս պատուհասը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստանյութն է:
Աշխարհի բոլոր առաջատար լաբորատորիաները և դեղագործական ընկերությունները զօրուգիշեր աշխատում են այդ ուղղությամբ: Արդեն կան վակցինայի մի քանի տասնյակ հնարավոր տարբերակներ:
Փորձարկումները սովորաբար փուլերով են անցկացվում՝ նախ կենդանիների վրա, ապա՝ մարդկանց, ընդ որում, խոսքը խիստ սահմանափակ թվով կամավորների մասին է, ապա շրջանակն ընդարձակվում, հասնում է հազարների, հետո՝ տասնյակ հազարների:
Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Եվրոպական միությունն արդեն նախնական համաձայնություններ են կնքում Pfizer, BioNtech, Moderna և հզոր մի շարք այլ ընկերությունների հետ: Խոսքը տասնյակ միլիոնավոր դեղաչափերի մասին է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մտահոգում է թերզարգացած, աղքատ երկրներին վակցինայից զրկելու սպառնալիքը:
ԱՀԿ-ն ցանկանում է ձեռք բերել և ավելի արդար եղանակով ու մատչելի գնով առաջարկել վակցինան ու այդպես մոլորակի թշվառ բնակչությանն էլ տալ կորոնավիրուսից փրկվելու շանս:
«Վակցինայի ազգայնամոլություն»
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հարուստ երկրների կոշտ մոտեցումն անվանել է «վակցինայի ազգայնամոլություն»:
ՄԱԿ-ը սատարում է ԱՀԿ-ին, սակայն չունի հարուստների ախորժակը զսպելու գործիքակազմ:
Ի վերջո, տնտեսապես հզոր երկրներն են ֆինանսավորում վակցինայի հետազոտությունների մեծ մասը, և այդ երկրների ընկերություններն էլ կարտադրեն հաստատված տարբերակները:
Եվ, այնուամենայնիվ, գիտնականներն ու պետական այրերը հավատում են, որ երբ կծնվի իսկապես արդյունավետ դեղամիջոց, այն, թեկուզ որոշակի ուշացումով, հասանելի կդառնա բոլորին: