Մատչելիության հղումներ

Նախագահ Թրամփը կրկին անդրադառնում է վիճահարույց «Հիդրոքսիլ Քլորոքուին» դեղամիջոցին


Միացյալ Նահանգներում կորոնավիրուսիով վարակվածների թվի չդադարող աճի ֆոնին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի թեթև ձեռքով կրկին օրակարգում են «Հիդրոքսիլ Քլորոքուին» վիճելի դեղամիջոցի շուրջ քննարկումները։

Դրանք վերսկսվեցին այն բանից հետո, երբ Թրամփը Twitter-ի իր օգտահաշվում կիսվեց տեխասցի բժշկուհի Ստելա Իմանուելի գրառմամբ, որը պնդում էր, թե կորոնավիրուսի դեմ պայքարում «Հիդրոքսիլ Քլորոքուին»-ը խիստ արդյունավետ է։ Քիչ անց Twitter-ը արգելափակել էր Սպիտակ տան ղեկավարի այդ գրառումը, իսկ ամերիկացի լրագրողները պարզել էին, որ Թրամփի ուշադրությանն արժանացած բժշկուհին մեղմ ասած տարօրինակ հայացքներ ունի։

Նա մասնավորաբար պնդում է, որ դիմակները համաճարակի դեմ պայքարում արդյունավետ չեն, իսկ բժիշկները փորձում են պատվաստանյութ ստեղծել, որը մարդկանց աթեիստ կդարձնի: Այս ամենը սակայն չխանգարեց, որպեսզի Դոնալդ Թրամփը անցած գիշեր Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ բժշկուհուն իր պաշտպանության տակ առնի։

«Ես կարծում էի, որ նա շատ տպավորիչ է։ Այդ կինը պնդում է, որ «Հիդրոքսիլ Քլորոքուին»-ի օգնությամբ հարյուրավոր մարդկանց է բուժել, այնպես որ, ըստ իս, նրա կարծիքը կարևոր էր», - հայտարարեց Թրամփը՝ ընդհատելով մամուլի ասուլիսը և լքելով սրահը։

Վիճահարույց դեղամիջոցի շուրջ քննարկումների ֆոնին վարակակիրների թիվը Միացյալ Նահանգներում շարունակում է աճել։ Երեքշաբթի երեկոյան տվյալներով, ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի 4 միլիոն 300 հազար դեպք է արձանագրվել, մահացության ցուցանիշը մոտենում է 150 հազարին։

Լատինական Ամերիայում համավարակը չի նահանջում

Համաճարակաբանական ճգնաժամը Լատինական Ամերիկայում ևս խորանում է՝ նոր երկրներ ընդգրկելով։ Եթե մինչև օրս հիմնական խնդիրները ծագում էին Բրազիլիայում, Չիլիյում և Պերուում, ապա այժմ դրանց է ավելացել նաև Արգենտինան։ Տեղացի բժիշկների պնդմամբ, մայրաքաղաք Բուենոս Այրեսի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները գրեթե լեփ-լեցուն են։

«Բուենոս-Այրեսի վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների քանակը զգալի է։ Մասնավոր հիվանդանոցներում զբաղված է մահճակալների 80, իսկ պետական հիվանդանոցներում 89 տոկոսը», - նշել է Արգենտինային ռեանիմատոլոգների ընկերակցության ներկայացուցիչ Արնալդո Դուբինը։

Եվրոպան փորձում է կանխել համաճարակի երկրորդ ալիքը

Արևմտյան Եվրոպայում համաճարակաբանական կացությունը համեմատաբար կայուն է։ Տարածաշրջանի խոշորագույն պետությունները այս փուլում փորձում են բացառել համաճարակի երկրորդ ալիքի մեկնարկը։ Իտալիայի Սենատը երեկ երեկոյան կողմ քվեարկեց վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկին։ Իտալական կառավարության ղեկավարի խոսքով, արտակարգ միջոցառումների երկարաձգումը հնարավորություն կտա կանխել ոչ միայն վարակի ներքին տարածման, այլև դրսից ներկրման դեպքերը։

«Մենք չպետք է մոռանանք միջազգային իրավիճակի մասին։ Աշխարհի մի շարք պետություններում համաճարակաբանական կացությունը բարելավման նշաններ չի ցուցաբերում։ Դա վերաբերում է նաև Իտալիայի հարևանությամբ գտնվող երկրներին՝ Ֆրանսիային, բալկանյան պետություններին, Իսպանիային», - նշել է Կոնտեն։

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 700 նոր դեպք է հայտնաբերվել, իսկ Իսպանիայում համաճարակի դեմ պայքարը նոր փուլ է մուտք գործում։ Վաղվանից երկրի մայրաքաղաք Մադրիդում դիմակ կրելը պարտադիր է դառնալու անխտիր բոլոր հանրային տարածքներում։

Այս ամենին զուգահեռ Եվրոպայում չեն դադարում պատվաստանյութի շուրջ քննարկումները։ Մինչդեռ Գերմանիայի իշխանությունները խորհուրդ են տալիս պատվաստանյութի արագ ստեղծման հետ կապված լուրջ հույսեր չփայփայել։

«Այս պահին որևէ հրաշք ակնկալել մենք չեն կարող։ Մեր գնահատմամբ, պատվաստանյութը լայն հանրության համար հասանելի կլինի ոչ վաղ, քան գալիք տարվա կեսերին», - այսօր հայտարարել է Գերմանիայի կրթության և գիտության նախարար Անյա Կարլիչեկը՝ նշելով նաև, որ այս պահին առնվազն երկու գերմանական ընկերություններ զբաղված են պատվաստանյութի ստեղծմամբ։

Կորոնավիրուսի պատվաստանյութի մշակմամբ են զբաղված նաև բրիտանացի գիտնականները։ Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայմանագիր է ստորագրել պատվաստանյութ մշակող Sanofi և GlaxoSmithKline ընկերությունների հետ՝ պարտավորվելով դեռ գոյություն չունեցող դեղամիջոցի առնվազն 60 միլիոն չափաբաժին գնել։

Հնդկաստանում մեկ օրում 48 հազար նոր դեպք է արձանագրվել

Ասիական տարածաշրջանում կորոնավիրուսի դեպքերի թվով միանձնյա առաջատարը Հնդկաստանն է։ Այստեղ վերջին մեկ օրում կորոնավիրուսի 48 հազար նոր դեպք է արձանագրվել, ավելի քան 700 մարդ մահացել է։ Վարակակիրների ընդհանուր թիվը Հնդկաստանում հատել է մեկ ու կես միլիոնի շեմը։

Կորոնավիրուսի համաճարակը լրջորեն ազդել է նաև իսլամի հինգ հիմնասյուներից մեկը համարվող հաջի՝ Մեքքա կատարվող ամենամյա ուխտագնացության վրա, որը մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը։ Եթե նախորդ տարի հաջին երկու և կես միլիոն մարդ էր մասնակցել, ապա այս տարի ուխտավորների թիվը չի գերազանցում հազարը։ Կորոնավիրուսի պատճառով Սաուդյան Արաբիայի սահմանները փակ են։ Այս տարի համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ ուղեկցվող հաջին մասնակցելու իրավունք ստացել են միայն թագավորության տարածքում աշխատող մի քանի հարյուր օտարերկրացիներ և կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բուժաշխատողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG