Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբանը «լավ լուր» է համարել Moderna-ի պատվաստանյութի հուսադրող արդյունքները


Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դրական արդյունքներ է արձանագրել, որը ստացել է նաև Միացյալ Նահանգների կառավարության հավանությունն ու աջակցությունը։ ԱՄՆ-ի կառավարությունը այն ընտրել է առաջիններից մեկը մարդկանց վրա լայնածավալ փորձարկումներ կատարելու համար։

45 առողջ կամավորների վրա պատվաստանյութի փորձարկման արդյունքներն արձանագրել են, որ այն անվնաս է և մարդու օրգանիզմում COVID-19-ի դեմ իմունային պատասխաններ է առաջացնում։ Օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք լինում են հիվանդությունից բուժվածների մոտ։

«Ռոյթերս»-ը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ մարդկանց վրա փորձարկած Moderna-ի պատվաստանյութի խոստումնալից արդյունքները արձանագրվել են հուլիսի 14-ին։

Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են պատվաստանյութի հատկությունները և դրական գնահատական տվել։ ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան, համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին արդյունքների մասին ասել է, թե դա «լավ լուր է»։

Ֆաուչին ասել է, թե Moderna-ի պատվաստանյութը առաջացնում է հակամարմինների բավականին բարձր մակարդակ։

Պատվաստանյութի դրական արդյունքներից մեկը կողմնակի լուրջ ազդեցությունների բացակայությունն է։ Դեղամիջոցն ընդունած կամավորների կեսը գանգատվել է չափավոր ցավերից, օրինակ, գլխացավ են ունեցել, սառնություն են զգացել կամ դողէրոցք։

Moderna-ի թիմն ասել է, որ դրանք հավանաբար առաջացել են պատվաստանյութի երկրորդ, ավելի մեծ չափաքանակով ներարկման ժամանակ, երբ կամավորները ստացել են պատվաստանյութի ամենաբարձր դոզան։

Դեղագործական ընկերության պատվաստանյութը բջիջներին սպիտում է սպիտակուցներ արտադրել, որոնք նմանակում են կորոնավիրուսի արտաքին մակերևույթին։ Մարդու օրգանիզմը դա ընկալում է որպես օտարածին, ներթափանցած վիրուս և իմունային պատասխան է տալիս։

ԱՄՆ-ի կառավարությունը Moderna-ի պատվաստանյութի ստեղծմանը աջակցում է՝ տրամադրելով մոտավորապես կես միլիարդ դոլար, և այն ընտրել է առաջիններից մեկը մարդկանց վրա լայնածավալ փորձարկումներ կատարելու համար։

Moderna-ն առաջին ընկերությունն է, որ անցած մարտին սկսեց պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա։

Փորձարկումների երկրորդ փուլը սկսվել էր մայիսին։ Ակնկալվում է, որ Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունը փորձարկումների 3-րդ փուլի մեջ կմտնի այս ամսվա վերջին։ Երրորդ փուլի փորձարկումներում ընդգրկվելու են շուրջ 30 հազար կամավորներ։

Աշխարհում կորոնավիրուսի լայնածավալ տարածման, որոշ վայրերում կրկնակի բռնկումների ֆոնին ավելի հրատապ է դառնում հիվանդության դեմ պատվաստանյութի, դեղամիջոցի հայտնագործումը, որը նախ անվնաս լինի և օգնի կանխելու, հաղթահարելու կորոնավիրուսը։

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը մոտենում են 13,5 միլիոնին։

Վարակվածներից ավելի քան 7 միլիոն 800 հազարը բուժվել է, մահացել է 580 հազարից ավելի մարդ։ Շուրջ 5 միլիոնի բուժումը ընթացքի մեջ է, որոնց թվում՝ տասնյակ հազարավոր հիվանդներ գտնվում են ծանր վիճակում։

XS
SM
MD
LG