Իրավիճակը Ռուսաստանում հուլիսի 23-24-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո հանդարտվել է

Ռուսաստան - Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալում է հայ-ադրբեջանական բախումների մասնակիցներին, 23-24ը հուլիսի, 2020թ.

Իրավիճակը Ռուսաստանում հուլիսի 23-ի և 24-ի հարձակումներից հետո հանդարտվել է, ընդ որում՝ հանդարտության կոչեր են անում և՛ հայ համայնքի ներկայացուցիչները, և՛ ադրբեջանական համայնքի: Երկու համայնքները ներկայացնող հասարակական կազմակերպությունները նույնիսկ համագործակցում են՝ հայ-ադրբեջանական նոր բախումներ Ռուսաստանի տարածքում թույլ չտալու համար: Սադրանքներին չտրվելու և զգոն լինելու կոչերով հանդես են եկել նաև Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները:

Հիշեցնենք՝ բախումները սկսվել էին այն բանից հետո, երբ Ադրբեջանում ծնված հրեաներին պատկանող "Food City" մոսկովյան մեծածախ առևտրի շուկան արգելել էր հայկական ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը շուկայի տարածք, այնուհետև նաև “Твой дом” առևտրի կենտրոնում, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովն է, արգելվել էր հայկական ապրանքի վաճառքը: Իսկ հուլիսի 23-ին և 24-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի և հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների, հայերին պատկանող խանութների և սրճարանների վրա: Մի խումբ երիտասարդներ դիմեցին պատասխան քայլերի՝ հարձակվելով ադրբեջանական սրճարանների վրա:

Իրավիճակին կոշտ արձագանքեցին Ռուսաստանի իրավապահ մարմինները, և այսօր կարելի է փաստել, որ հուլիսի 26-ից սկսած նոր հարձակումներ չեն եղել:

Դեռևս հուլիսի 24-25-ը Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել էին հայերի և ադրբեջանցիների միջև ընդհարումների երեք տասնյակից ավելի մասնակիցների, ինչի մասին հայտնել էր Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը:

Ձերբակալվածների մեջ կան նաև հայեր: Մասնավորապես, մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում այս պահին ձերբակալված են հինգ հայ երիտասարդներ՝ և՛ Հայաստանի քաղաքացիներ, և՛ Ռուսաստանի: Երեք օրից դատախազությունը պետք է դիմի դատարան նրանց խափանման միջոցի հարցով:

Երիտասարդների փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը որոշ մանրամասներ պատմեց «Ազատությանը». - «Լյուբերցի քաղաքի հայկական համայնքի երիտասարդները քաղաքացիական իրենց դիրքորոշումն էին ուզում արտահայտել, օգնել քաղաքի բնակչությանը, և երթ էին կազմակերպել մեքենաներով քաղաքի տարածքով, որպեսզի ընդհարումներ չլինեն ազգամիջյան: Ինչ-որ մի պահ ադրբեջանցի մի բնակչի կողմից սադրիչ, վիրավորական արտահայտություններ հնչեցին տղաներից մեկի հասցեին, ու ինչ-որ ընդհարում առաջացավ, որի հետևանքով ադրբեջանցին թաքնվեց սրճարանի տարածքում, իսկ մեր տղաներից մեկը այդ սրճարանի ապակին վնասեց: Դա է ամբողջ պատճառը, հիմքը դա է: Բայց դրա հետևանքով, այդ վնասված ապակու, այսպես ասած, ալիքները բերեցին նրան, որ ամբողջ Լյուբերցի քաղաքում սկսվեցին մասսայական հայ բնակչության ձերբակալումներ, բոլոր հայկական մեքենաների համարները ընկան ցուցակներում, և մինչև այսօր գտնվում են հետախուզման մեջ այդ մեքենաները»:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե կրկնվեն "Food City"-ում տեղի ունեցած միջադեպերը, իրենք չեն բացառում, որ կդիմեն Ռուսաստանի իրավապահ մարմիններին այդ առևտրի կենտրոնները փակելու պահանջով:

«Այո, նման քաղաքականությունը եթե շարունակվի "Food City"-ում, “Твой дом” և մյուս ադրբեջանցի փայատեր ունեցող կառույցներում, կարելի է հարցը դնել այն մասին, որպեսզի այդ շուկաները, խանութները փակվեն, ինչպես ժամանակին փակեցին “Черкизовский рынок”-ը, օրինակ, որը արդեն իշխանությունների կողմից չէր կառավարվում», - ընդգծեց Ղուկասյանը: