Մատչելիության հղումներ

Խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը. ԱԳՆ


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը «Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ»:

Հայտարարությունում ասված է. «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ»:

Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ», - նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանում հայերի միությունը հայտնել է, որ Մոսկվայում իրավապահներն անցած գիշեր ավելի քան 50 ադրբեջանցու են ձերբակալել հայերի վրա հարձակումներ գործելու համար:

XS
SM
MD
LG