Մատչելիության հղումներ

Ռուսաստանաբնակ հայ գործարարը պատրաստ է փոխհատուցել ադրբեջանցիներին հասցված վնասը


Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է բախումների մասնակիցներին, Մոսկվա, 23-24-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է բախումների մասնակիցներին, Մոսկվա, 23-24-ը հուլիսի, 2020թ.

Միլիարդատեր գործարար, РЕСО ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը հայտարարել է, թե պատրաստ է փոխհատուցել այն վնասը, որ հասցվել է ադրբեջանցի գործարարներին` վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ռուսաստանաբնակ գործարարը միաժամանակ կոչ է արել հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին «դադարեցնել բռնություններն ու կանգնեցնել նրանց, որոնք սադրում են այդ անկարգությունները»:

Մոսկվայի ոստիկանությունը հաղորդում է, որ վերջին օրերին հայերի և ադրբեջանցիների միջև արձանագրված բախումներից հետո ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով: ՌԴ Միգրացիոն ծառայությունը զգուշացրել էր, որ կարգազանցները կարող են վտարվել և զրկվել ՌԴ վերադառնալու իրավունքից` 5 տարի ժամկետով:

Երեկ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները զսպվածության կոչ էին արել հայրենակիցներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ռուսական РБК-ին տված հարցազրույցում պնդել է. «Ռուսաստանի մեր հայրենակիցները պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում»:

XS
SM
MD
LG