Ռուսաստանը հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցոլ թուրք գործընկերոջ հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվան ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը` իրավիճակի հետագա սրացումը կանխելու, սահմանի անվտանգությունը երաշխավորելու և ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ջանքերը ակտիվացնելու համար:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը` ի շահ տարածաշրջանի կայունացման: Այլ մանրամասներ չեն նշվում:

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե հայերը «անպայման պատասխան կտան իրենց արածի համար»: Քանիցս նույնպիսի կամ նման բովանդակությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը և նախարարությունը, խորհրդարանականները, Ազգային անվտանգության խորհուրդը:

Պաշտոնական Երևանը դատապարտել է այդ հայտարարությունները՝ շեշտելով, մասնավորապես, որ Անկարան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը շատ ճիշտ շեշտադրում է կատարել` ուշադրություն հրավիրելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքի վրա: Իսկ Լավրով – Չավուշօղլու հեռախոսազրույցում Ռուսաստանի ուղերձը հստակ դեղին քարտ է Թուրքիային. – «Միանշանակ դեղին քարտ կապված Հարավային Կովկասի հետ: Իրենք նաև խոսեցին Լիբիայի հարցի շուրջ, այնտեղ էլ տարաձայնություններ կան Ռուսաստան – Թուրքիա, բայց դեղին քարտը տրված է Ռուսաստանի կողմից հենց Հարավային Կովկասը ապակայունացնելու քայլերի հետ կապված»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ «միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր»: «Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով», - ընդգծեց Փաշինյանը:

Ստեփան Գրիգորյանը նշեց, թե Կառավարությունը հավանաբար հետագայում կմանրամասնի, թե ինչ վերանայման մասին է խոսքը, սակայն կարծում է, որ շեշտադրումները շատ տեղին են: Ըստ քաղաքագետի, Թուրքիայի քաղաքականությունն այժմ շատ նման է այն քաղաքականությանը, որ վարում են ֆաշիստական Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ. – «Մենք շատ ակտիվ հիմա պետք է լինենք, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը ոչ թե պրոբլեմ է... իրենք ուղղակիորեն զորքերով մտնում են տարբեր երկրներ: Դա լուրջ վտանգ է ամբողջ աշխարհի համար: Ակնհայտ է, որ մենք պետք է լինենք ակտիվ, դրան դիմադրենք, որ չնայենք սեպարատ, ասենք այ կա Արցախի հարց, ու վեճը Ադրբեջանի հետ Արցախի հարցի հետ կապված է: Ոչ: Դա պետք է դիտվի ավելի լայն կոնտեքստով` թուրք-ադրբեջանական ալյանսի հարձակումը տարբեր երկրների վրա, տարբեր պետությունների վրա, տարբեր կազմակերպությունների վրա: Ես ողջունում եմ այդ քաղաքականությունը»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա այս մասին ևս երեկ հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան` նշելով, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, սակայն չէր մանրամասնել այդ առաջարկների բովանդակությունը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ հայկական կողմի տեսակետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնել է հուլիսի 23-ի ելույթում:

Ռուբեն Ռուբինյան. – «Մեր դիրքորոշումները հետևյալն են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որ պետք է համապատասխան մթնոլորտ լինի, որպեսզի լինեն առարկայական բանակցություններ, այսինքն` Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները և հռետորաբանությունը չեն նպաստում այդ մթնոլորտին, որ մենք մերժում ենք Թուրքիայի ապակառուցողական դերը վերջին իրադարձությունների համատեսքստում, և որ անհրաժեշտ է, ինչպես միշտ է անհրաժեշտ եղել և հիմա ևս մեկ անգամ վերահաստատվեց անհրաժեշտությունը սահմանին հրադադարի խախտման հետաքննող մեխանիզմների ստեղծման»:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` այն համարելով «հերթական հարվածը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացին»: Նրա խոսքով, դրանով Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացն ու հանդես է գալիս դրա ձևաչափը փոխելու պահանջով:

Ռուբինյանի խոսքով, Ադրբեջանը վերջին շրջանում աչքի է ընկնում իրար հակասող հայտարարություններով. – «Մեկ ասում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը արդյունավետ չէ, և այն պետք է փոխել, կեկ ասում են, որ հարցը պետք է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լայն ֆորմատով, մեկ մեզ մեղադրում են բանակցությունների ֆորմատը փոխելու մեջ: Սրանք ինքնահակասող հայտարարություններ են: Ինչ վերաբերում է մեզ, մենք ասում ենք նույնը, ինչ շարունակաբար ասել ենք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, կարծում եմ, բավարար արդյունավետություն ունի և լավ հարթակ է»: