Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը:
Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ քննադատվել է Հայաստանի՝ «խաղաղությունը խաթարող և միջազգային իրավունքը անտեսող ագրեսիան»: Նշվել է, որ «Հայաստանը պետք է վերջ դնի հարձակողական կեցվածքին և դուրս գա օկուպացրած ադրբեջանական հողերից», և «թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդար պայքարում»:
Օրերս նախագահ Էրդողանը նախարարական կաբինետի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփմանը նվիրված նիստի ժամանակ կրկին ռազմատենչ հայտարարություններ էր արել: «Հայաստանի հարձակումներից ճնշվածներին երբեք մենակ չենք թողել և չենք թողնելու: Մենք շարունակելու ենք գործել որպես մի երկիր, որը աչք չի դնում ուրիշի իրավունքի վրա, այլ նվաճում է իր սեփական իրավունքը», - ասել էր նա:
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած արյունալի բախումների ընթացքում Թուրքիայի նախագահն առաջին անգամ չէ նման բնույթի հայտարարությամբ հանդես գալիս: Նույնանման հայտարարություններով են հանդես եկել նաև այդ երկրի արտգործնախարարությունն ու նախարարը, պաշտպանության նախարարը, խորհրդարանական 5 կուսակցություններից 4-ը: Պաշտոնական Երևանը հակադարձում է Անկարային դատապարտող հայտարարություններով: