Արդեն 4 օր հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդներ չկան. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին, 13 հուլիսի, 2020թ.

Անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 554 նոր դեպք՝ արված 2190 թեստից, այսինքն` դրական է եղել հետազոտությունների շուրջ 26 տոկոսը։ Դրական լուրն այն է, որ առողջացել է ավելի շատ մարդ, քան վարակվել՝ հիվանդությունը հաղթահարել է 583 քաղաքացի:

Մահացել է 15 մարդ, ամենատարեցը՝ 88, ամենաերիտասարդը՝ 60 տարեկան քաղաքացիներ։ Բացի մահացած 63 տարեկան կնոջից, մնացած 14-ն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

«Հայաստանին այժմ անհրաժեշտ է ամուր թիկունք, բայց կորոնավիրուսի տարածումը դեռ շարունակվում է», - այսօր կառավարության նիստին արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. - «Այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը: Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, և մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների և մասնավորապես դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ: Ցավոք, ոչ բոլորն են մինչև այս պահը կրում դիմակներ, և մեր կոչն է` անպայման հետևել հակահամաճարակային կանոններին»:

Ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 650 վարակակիր, 50 մարդ շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ վիճակը կառավարելի կայուն, բայց ծանր է։ Նախարարն ընգծեց՝ արդեն 4 օր է` տանն ու այլ հիվանդանոցներում չկան հիվանդներ, որոնք սպասում են կորոնավիրուսային հիվանդանոցներ տեղափոխվելուն. - «Ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում. 554 թիվն, իհարկե, այն ցանկալի թիվը չէ, որ մենք ձգտում ենք ունենալ: Սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես 2 շաբաթվա վաղեմության թվերի և իրավիճակի հետ` այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց: Նաև թվի բացարձակ մեծ լինելը, բայց միևնույն ժամանակ կայուն լինելն արդյունք է այն բոլոր հակամահամաճարակային գործողությունների, որ կառավարությունը և ազգաբնակչությունն իրականացնում են, այն պարզ 3 գործողությունների հիմնականում, որ մենք նշում ենք և հատկապես դիմակներ կրելու և սոցիալական հեռավորության»:

Առողջապահության նախարարը նաև ասաց, որ դեռ հաջողվում է դիմագրավել մարտահրավերներին` նշելով, որ տարեց ու քրոնիկակակն հիվանդություն ունեցող քաղաքացիները դեռ մնում են որպես խոցելի խումբ։

Առայսօր Հայաստանում 33 հազար 559 մարդ վարակված է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ, 10 հազար 832-ը փաստացի հիվանդանոցային բուժում են ստանում, մինչև այսօր առողջացել է 21 հազար 931 մարդ, մահացել՝ 607-ը։