Մատչելիության հղումներ

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք


Նախօրեին 2 հազար 418 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 515 մարդու մոտ, տոկոսային առումով թեստավորվածների մոտ 21 տոկոսը։ Ինչն, ի տարբերություն նախորդող ամիսների՝ ավելի ցածր ցուցանիշ է համարվում։

Ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ իրականացված թեստերը բավականին շատ են և այս պահին աշխատանքներ են տարվում՝ առաջիկայում մինչև 4000 հետազոտություն իրականացնելու համար։

«Բարձր թիվ է բավականին և առաջիկայում էլ մենք, էլի, ուժերը փորձում ենք բարելավել, որպեսզի հնարավոր լինի մինչև 3000 կամ 4000 հետազոտություն անել: Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, այնուամենայնիվ, 2000-ը բավականին բարձր թիվ է», - ասաց Նիկողոսյանը:

Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 33 հազարը։ Երեկ առողջացել է 619, մահացել՝ ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 11 մարդ, ևս 5-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն այլ պատճառով են մահացել։ Մարտի 1-ից սկսած վարակված 33005 մարդկանցից 21 հազար 348-ն առողջացել են, 592-ը` մահացել։ Վարակված, սակայն այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվը 189 է։ Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում 10 հազար 876 հիվանդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139 հազար 220 թեստավորում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տանը հոսպիտալացման սպասող հիվանդներ չկան։

«Ժամը 9-ի դրությամբ այս պահին չունենք հոսպիտալացման սպասող հիվանդներ, չնայած որ թիվն օրվա ընթացքում հնարավոր է փոխվի, օրինակ, երեկ հաստատված դրական դեպքերից ոմանք ունենան բժշկական օգնության կարիք: Այս պահին դեռևս չունենք», - նշեց Ալինա Նիկողոսյանը:

Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդին, դրանք թեև դեռ բավարար են, սակայն հիվանդանոցներում վիճակը շարունակում է լարված մնալ։ «Մահճակալային ֆոնդը լիովին բավարարում է, իսկ հիվանդանոցների լարվածությունը դեռևս նույնն է և կլինի այնքան ժամանակ, մինչև բոլոր մեր դրական դեպքերը չլավանան», - ասաց ԱՆ խոսնակը:

Կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանում։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ առաջիկայում որոշակի մտավախություն ունեն վարդավառի տոնակատարության հետ կապված։ Սպասվում են մեծաթիվ այցելուներ։

«Փորձից ելնելով գիտենք նախորդ տարիների փորձից, որ բավական մեծաթիվ այցելուներ են լինում այդ օրը դեպի մարզ, նաև հաշվի ենք առնում, որ այս տարի սահմանները փակ են, և մեր հայրենակիցները Հայաստանում են, կանխատեսում ենք, որ այս տարի ավելի շատ կլինի: Նաև հասկանում ենք, որ մեծ մասը բացօթյա է լինելու, բնության մեջ են լինելու, բայց, այնուամենայնիվ, եթե մեծաթիվ մարդիկ հավաքվեն, որոշակի կանոնների պահպանման խնդիր կլինի, ուստի և՛ պարետատան հետ ենք քննարկել, և՛ մեր գործընկեր կառույցների՝ ոստիկանության, ԱԻՆ-ի հետ, որպեսզի այդ օրը լրացուցիչ ուժեր ներգրավենք և փորձենք հսկողություն սահմանել և ավելի խստացնել», - ասաց Սանոսյանը:

Մարզում, որտեղ այս ընթացքում համաճարակային օջախների պատճառով մի քանի համայնքի ելումուտ է փակվել որոշ ժամանակով, մինչ օրս 1380 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

XS
SM
MD
LG