Նոր քրեական գործ ապօրինի որդեգրումներով. Քննչական կոմիտեն հայտնում է առնվազն 114 դեպքի մասին

Ապօրինի որդեգրումների դեպքերով նոր քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում։ Այս անգամ խոսքն առնվազն 114 ապօրինի որդեգրման մասին է, որոնք կատարվել են 2005-2019 թվականներին։

«Առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա պետություններում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում միջազգային որդեգրումների բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները այդ կազմակերպություններից, նրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ստացել են որոշակի չափաքանակով գումարներ որդեգրումների գործընթացը կազմակերպելու նպատակով», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց գործով քննչական խմբի ղեկավար Գոռ Օհանյանը։

Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, օտարերկրացիների կողմից հայաստանցի երեխաների որդեգրման գործընթացը կազմակերպելու, երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ: Այս գործում ընդգրկվել են պետական պաշտոնյաներ՝ գործող ծննդատների, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մանկատների, Կառավարությանն առընթեր պետական այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ։

«Մենք փաստեր ենք ձեռք բերել այն մասին, որ որդեգրումները առերևույթ կատարվել են տվյալ ոլորտը կարգավորող միջազգային համապատասխան` Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի, այսպես ասած Հաագայի կոնվենցիայի` «Երեխաների պաշտպանության և միջազգային որդեգրումների բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի առերևույթ խախտումներով: Խախտումները վերաբերվել են թե' գործընթացի կազմակերպմանը, թե' այդ գործընթացում կոնվենցիայով արգելված ֆինանսական օգուտ ստանալուն, ֆինանսական չարաշահումներ և այլն»:

Քննության տվյալներով, 2005-2019 թվակններին 114 երեխայի որդեգրման գործընթացը կազմակերպողների և նրանց մտերիմների հաշվեհամարներին փոխանցվել է 1 միլիոն 800 հազար եվրո և 26 հազար դոլար։

Ըստ Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարությունը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ օգուտի կանխարգելման և կոնվենցիայի հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել։

Հարուցված քրեական գործով այս պահին որևէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ի հայտ եկած նոր հանգամանքների մասին Քննչական կոմիտեն հայտնում է առանց անուններ նշելու։

Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին խոսել նախաքննության փուլում գտնվող գործի մասին։

Այս գործը միավորել են ապօրինի որդեգրումներով դեռեւս անցած տարի հարուցված քրեական գործին։ Այն վերաբերում է 2016-18 թվականներին ապօրինի գործընթացներով Իտալիա որդեգրված 30 փոքրիկներին։ Այս գործով մեղադրյալներ են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանը և ևս երկու քաղաքացի։

«Նախկինում ևս միայն իտալացիների մասին չի խոսքը գնացել, հիմնականում է իտալացիների մասին խոսքը գնացել: Ներկայումս ինչպես Իտալիայի Հանրապետությունում որդեգրված քաղաքացիների մասին է խոսքը, ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների մասին է խոսքը, այնպես էլ այլ պետություններ որդեգրված երեխաների մասին», - ասաց Գոռ Օհանյանը:

Քրեական գործի շրջանակում տվյալներ են ստացվել նաև փողերի լվացման մասին. – «Ինչպես ասեցի, Հայաստանի Հանրապետությունում վերը նշված օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչի գործառույթները փաստացի իրականացնող անձը 2010-2019 թվականների ընթացքում ստացել է որոշակի չափով գումար, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածել է, և այդ գումարները փոխանցելով ու փոխարկելով այլ հաշիվների, այլ անձանց հաշիվների, օտարերկրյա պետությունում գտնվող իր հաշիվներին, առերևույթ տվյալներ են ստացվել, որ կատարվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված այսպես ասած փողերի լվացում, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք փաստաթղթեր կեղծելով նպաստել են ապօրինի որդեգրման գործընթացի անխոչընդոտ իրականացմանը: