Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը
Հուլիսի 13-ին տեղի ունեցան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հեռախոսազրույցները Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը։
Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, ցուցաբերել զսպվածություն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները: Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նաև նշված է, որ Մոսկվան կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմը կարևորել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել: Խոսքն, անշուշտ, Թուրքիային է վերաբերում, քանի որ Թուրքիան, ինչպես հայտնի է, նույնպես Մինսկի խմբի անդամ է:
Լովրով-Մնացականյան հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Հեռախոսազրույցի ժամանակ Մնացականյանը բացարձակ անընդունելի է որակել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որում ասված է. «Ռուսաստանի ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Անթույլատրելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Կոչ ենք անում հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմին»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը միաժամանակ կողմերին իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։ Պաշտոնական Մոսկվան հայտնում է նաև. «Ստացվող տեղեկատվության համաձայն՝ մարտական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան սպանվածներ և վիրավորներ»:
ՀԱՊԿ նիստը հետաձգվեց
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է, «Ազատությանն» այս մասին այսօր հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Ըստ խոսնակի` նիստը հետաձգվել է կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով, ինչպես նաև պետք է հստակեցվի, թե ինչ ձևաչափով պետք է քննարկումը կայանա։ Զայնետդինովը հրաժարվել է ասել, թե ում նախաձեռնությամբ, որ երկրի նախաձեռնությամբ է նիստը հետաձգվել։ Ավելի վաղ նույն Զայնետդինովն «Ազատությանն» ասել էր. - «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նախաձեռնել է Մշտական խորհրդի արտակարգ նիստ, որը կայանալու է օնլայն ռեժիմով»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտոնական հաղորդագրության համաձայն, որն այնուհետև հանվել էր ՀԱՊԿ կայքից, գլխավոր քարտուղար, Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր նախաձեռնել:
Իսկ մինչ արտակարգ նիստի մասին հայտարարությունը, որը հետո հետաձգվեց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զրուցել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Արտգործնախարարության տարածած հաղորդագության համաձայն` Մնացականյանը Զասին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, այսօր առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:
ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածում կազմակերպության նպատակների մասին կետում նշված է, որ ՀԱՊԿ-ի նպատակներից է «հավաքական հիման վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»: ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի լրատվամիջոցները` կայքերից մինչև դաշնային հեռուստաընկերություններ ակտիվ լուսաբանում են ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տալիս են և հայկական, և ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններ` պահպանելով չեզոքության սկզբունքը, բայց ոչ բոլորը: Лента.Ру-ն, մասնավորապես, այսօր հոդված է հրապարակել, որում կա հղում միայն ադրբեջանական կողմին, և դրանից հետո էլ արտատպել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու այսօր տված հարցազրույցը, որում նա հայտարարել է, թե «Ադրբեջանը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղի վերադարձին», և չի բացառել, որ սահմանին համակարտությունը վերածվի լայնածավալ բախումների: Այս Ռ/Կ-ին այսօր հարցազրույց է տվել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: