ՄԻԵԴ որոշումը, ըստ «Իմ քայլի», ապացուցում է ԱԺ-ի ճիշտ ճանապարհով գնալը, ԼՀԿ-ն համաձայն չէ

Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի երեք անդամների դիմումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից միջանկյալ միջոց չկիրառելու որոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ խորհրդարանը գնացել է իրավական ճիշտ ճանապարհով, կարծում են իշխող «Իմ քայլում»:


«Այն փոթորիկը մի բաժակի մեջ, որը փորձում են տարբեր ուժեր, տարբեր կողմեր բարձրացնել` ներկայացնելով գործընթացը որպես անիրավական, ծաղրելով գործընթացը` փորձելով ապալեգիտիմացնել, չի ստացվում և չի էլ ստացվելու, որովհետև կրկնում եմ` գործընթացը լիովին իրավական է, և առկա խնդիրը գրանցում են մեր բոլոր գործընկերները», - ասում է Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած Ալվինա Գյուլումյանը և մյուսները մինչև բուն քննությունը սկսելը պահանջել էին, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոցի կիրառի և սառեցնի ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչումը, ինչը ՄԻԵԴ-ը հրաժարվեց անել։ Ըստ Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող այս ողջ գործընթացին հետևելիս ակնհայտ է դառնում, թե որքան քաղաքականացված են ՄԻԵԴ դիմած դատավոր անդամները, ինչը, ըստ նրա, անթույլատրելի է. - «Վաղ կենսաթոշակի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունն էր, տարբեր ձևերով փորձվեց խնդիրն ամենալավ ձևով լուծել, բայց այն գործելաոճը, որը որդեգրվել է այս գործընթացի սկզբից թե՛ Հրայր Թովմասյանի կողմից, թե՛ իրեն հաճախ միացող դատավորների կողմից, ի ցույց է դնում այդ գործընթացի քաղաքական լինելը և քաղաքականացված լինելը Թովմասյանի և այդ դատավորների: Քաղաքական գործընթացի մեջ ներգրավված են և ցավոք սրտի, կառչած են իրենց աթոռներից, որն օրենքի առումով այդքան էլ ճիշտ չէ»:

Սիմոնյանն ասում է` կարևոր է նկատել, որ բացատրական մասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանադրական դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, սակայն անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված դատավորները պաշտոնավարելու էին հին կարգով։ Վերջերս որոշվել էր փոփոխություններ կատարել այդ կարգում, նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չէր կայացել համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից:

«Որ հատկանշական է` դա բացատրական մասում զետեղված տեքստն է, որը, կարծես թե, ինձ տեղ է տալիս մտածելու, որ նաև գործի քննման պարագայում նույնպես հանդիսանալու է որպես հիմնավորում և կարևոր դերակատարում է ունենալու», - նշում է ԱԺ փոխնախագահը:


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կարծիքով՝ մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց չկիրառելը բոլորովին չի կարող կանխատեսել բուն գործի ելքը: Համենայն դեպս, ըստ պատգամավոր Տարոն Սիմոնյանի, սահմանադրական փոփոխություններ կատարելիս ընթացակարգային խախտումներն ակնհայտ են եղել։

«Հակաիրավական գործընթացի արդյունքում է տեղի ունեցել այս ամեն ինչը` սահմանադրական փոփոխությունները, որովհետև ընթացակարգային առումով ակնհայտ խախտում է տեղի ունեցել, խախտվել է Սահմանադրության դրույթ: Քաղաքական բովանդակություն երբ փորձում ենք սրա մեջ տեսնել, գտնել, սա, կարծում եմ, այսպես ասած` մինչև դատարանի որոշում կայացնելու ժամանակահատվածի համար հասարակությանը բավարարելու խոսքեր են ընդամենը քաղաքական մեծամասնության կողմից, բայց դա ինչքան երկար կտևի, ես ենթադրում եմ, որ նաև մեր գործընկերները հույս ունեն, որ ժամանակահատվածը երկար կլինի, և շատերն արդեն մոռացած կլինեն», - շեշտում է ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր նշած խախտումները բավարար հիմք են, որ հետագայում Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանից հեռացված 3 դատավորները հաղթեն Եվրոպական դատարանում։ «Ես չեմ ուզում դատարանից շուտ որոշում կայացնել, բայց զուտ որպես իրավաբան մասնագետ կարող եմ նշել, որ խախտումներն ակնհայտ են, բայց թե դատարանն ինչ որոշում կկայացնի, դա կախված է հայցի բովանդակությունից, պատասխանողի տված պատասխաններից», - ասաց Տարոն Սիմոնյանը:

Խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժի` «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ ՄԻԵԴ ուղարկված այս գործի շուրջ զարգացումների շուրջ մեկնաբանություն չունեն, քանի որ գործընթացն իրավական է և ոչ քաղաքական։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստանն» Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները հակասահմանադրական էր հայտարարել, նշել, թե երկրում տեղի է ունեցել «Սահմանադրական հեղաշրջում» ու 26 պատգամավորի ստորագրությամբ դիմել էր Սահմանադրական դատարան։