Եթե դիտարկենք թեստավորված անձանց քանի տոկոսի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, ապա տեսնում ենք, որ հուլիսին՝ հունիսի համեմատ այդ թիվը սկսել է նվազել՝ այս մասին են վկայում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալները։
Ըստ վարակաբանների, հասկանալու համար Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մոտավոր պատկերը՝ կարելի է դիտարկել, թե թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության թիվը ինչ դինամիկա է դրսևորում։ Այսինքն, եթե թեստավորվածների մեջ վարակվածների թիվը աճել է, ուրեմն կարելի է ասել, որ հիվանդության տարածումը արագացել է, իսկ եթե այդ թիվը նվազել է, ուրեմն վարակի տարածումը դանդաղել է։
Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում Covid-19-ը հայտնաբերելու թեստեր սկսել են իրականացնել փետրվարի 3-ից: Առաջին դրական դեպքը արձանագրվել է մարտի 1-ին, սակայն հաջորդ օրերին նոր վարակակիրներ չէին գրանցվում։ Մարտի 11-ից սկսած՝ ամեն օր գրանցվել են դրական նոր դեպքեր։ Օրինակ, մարտի 11-ին անցկացվել է 13 թեստ և արձանագրվել է 3 դրական դեպք, այսինքն՝ ողջ թեստավորվածների 23 տոկոսը։ Մարտի վերջին երեք օրերին՝ 29-ին, 30-ին և 31-ին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության թիվը, համապատասխանաբար, կազմում էր 26,3 տոկոս, 13,6 տոկոս և 18,5 տոկոս։
Որպեսզի այստեղ չներկայացնենք անցած ամիսների յուրաքանչյուր օրվա թիվը, ներկայացնենք տվյալ ամսվա միջին թիվը։ Այսպես, մարտ ամսին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության թիվը կազմել է 18,2 տոկոս: Մարտի 16-ից, հիշեցնենք, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որն այսօր էլ ուժի մեջ է։ Ապրիլ ամսվա միջին թիվը 9 տոկոս է։ Մայիսին՝ ապրիլի համեմատ այն աճեց՝ 19,5 տոկոս։ Հունիսին էլ ավելի աճեց՝ թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության թիվը կազմեց 30,2 տոկոս։
Պարետատան կարգադրությամբ հունիսի 4-ից հանրային վայրերում դիմակ կրելը դարձավ պարտադիր։ Հուլիսի առաջին յոթ օրվա տվյալների համաձայն այդ թիվը սկսել է նվազել և կազմել է 27,7 տոկոս։
Վարակաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով, նման տարբերակով կարելի է, իհարկե, մոտավոր պատկերացում կազմել Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մասին, սակայն դեռ վաղ է գնահատական տալ ներկայացված թվերին։
«Մենք, էլի, ունեցել ենք ցածր թվեր, երբ որ նորից բարձրացել են, այնպես որ դեռ օրինաչափություն չկա: Որևիցե մեկս օրինաչափության մասին չենք կարող դեռևս խոսել: Եթե այսօր մոտ 500 ինչքան էր, վաղը կարող է լինել 700, ինչպես մենք տեսնում ենք, ալիքաձև ընթանում է հայտնաբերելիությունը, ես չեմ ասում վարակելիությունը: Ես ընդամենը խոսում եմ հայտնաբերելիության մասին, օրինաչափության մասին չենք կարող խոսել, դեռ մենք գտնվում ենք պիկի շրջանում», - ասաց Ղազինյանը:
Երեկ արվել է 2083 թեստ, վարակվածների թիվը եղել է 535 կամ թեստավորվածների ընդհանուր թվի 25,6 տոկոսը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, դեռևս պետք է ուսումնասիրել թվերի դինամիկան՝ գնահատական տալու համար։
«Երեկվա դրությամբ մենք ունենք հաստատված 29 հազար 820 դեպք, որոնցից առողջացել են 17 հազար 427-ը և, ցավոք, 521 մահվան ելք ունենք: Օրվա դրությամբ եթե ֆիքսենք, հաստատված նոր 535 դեպք ունենք և ունենք 520 առողջացած: Մենք ունեցել ենք երեկվա դրությամբ 18 մահվան դեպք: Ուզում եմ նշել, որ հուլիս ամսվա կտրվածքով, եթե ամփոփումն անենք, շատ չնչին տոկոսային նվազում կա, բայց դա շատ չնչին է և այս պահին որևէ գնահատական տալ՝ արդյոք մենք գնում ենք դեպի նվազում, միանշանակ չենք կարող», - ասաց Նիկողոսյանը: