Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» նպատակահարմար չհամարեց դիմակ չկրելու տուգանքները խստացնելու հարցի քննարկումը ԱԺ արտահերթում


Հայաստան, Երևան, մայիս, 2020թ.
Հայաստան, Երևան, մայիս, 2020թ.

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է երկու օր առաջ հրապարակած նախագիծը, որով առաջարկում էին խստացնել արտակարգ դրության ընթացքում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները։ Մասնավորապես, այդ նախագծով հանրային բաց տարածքներում դիմակ չդնելու համար քաղաքացիները պետք է տուգանվեին 20 հազար դրամով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում՝ 50 հազար դրամով։ Նույն արարքը կրկին կատարելու դեպքում, տուգանքը կրկնապատկվում էր՝ դառնալով 40 և 100 հազար դրամ:

Այսօր մեկնարկող խորհրդարանի արտահերթ նիստում «Իմ քայլը» նպատակահարմար չի համարել այս հարցը օրակարգում ներառել, «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ «Իմ քայլը» խմբակցությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ այս պահին նպատակահարմար չենք համարում այդ հարցը արտահերթ նիստով ներառելու օրակարգ և ընդունելու», - ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ նպատակահարմար չի համարվել, արդյո՞ք տուգանքի կրկնապատկումը հավելյալ բեռ կարող էր լինել, թե՞ կան այլ պատճառներ, պատգամավորն արձագանքեց.–«Միանշանակ՝ յուրաքանչյուր տուգանքի բարձրացում վարչական իրավախախտում թույլ տված քաղաքացիների համար, բնականաբար, լրացուցիչ բեռ կլիներ: Պատճառները բազմաթիվ են, դա ներքին խմբակցության քննարկումն է, կարող եմ միայն դա ասել, որ մենք ընդհանուր հայտարարի ենք եկել, որ, այո, այս պահին նպատակահարմար չի»:

Համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ այս պահին որևէ նոր նախաձեռնություն շրջանառության մեջ դեռևս դրված չէ։ Գաբրիելյանը, սակայն, չի բացառում, որ առաջիկայում ի հայտ գա նոր նախաձեռնության անհրաժեշտություն՝ կախված իրավիճակից։

Դիմակ չկրելու համար տուգանքի բարձրացման վերաբերյալ նախագիծը մշակվել էր Ոստիկանության և Արդարադատության նախարարության հետ համատեղ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի շրջանառության մեջ դրած նախագծի հիմնավորմամբ նշվում էր. - «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաև բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը և դրա համար իրավական հետևանքը»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախքան այս նախագծի շրջանառությունից հանվելը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ այն արդարացված չէ, և որ իշխանության կողմից հուսահատ քայլ է։ Նրա կարծիքով՝ սա է՛լ ավելի կբորբոքեր մարդկանց զայրույթը, որոնք առանց այդ էլ գտնվում են սոցիալ-տնտեսական ծանր վիճակում։

«Քանի որ իշխանությունը և Կառավարությունում վստահ են, որ համավարակային ճգնաժամի չհաղթահարման միակ մեղավորը դա քաղաքացին է և ժողովուրդը, հետևաբար՝ իշխանությունը առաջնորդվում է պատժողական քաղաքականությամբ, այսինքն՝ դիմակ չկրելու համար կարող են բարձրացնել տուգանքները, ինչը, ես կարծում եմ, որ չի բարելավելու վիճակը, որովհետև պատժի խստացումը չի նշանակում, որ երևույթը վերանալու է, կամ մենք դրանով հասնելու ենք մեր նախասահմանած նպատակին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սամսոնյանը:

Այժմ քաղաքացիները դիմակ չկրելու համար տուգանվում են 10 հազար դրամով։ Եթե քաղաքացին դիմակ չի դրել և անձը հաստատող փաստաթուղթ էլ չունի, վերջինի բացակայության համար ևս 10 հազար դրամով է տուգանվում։ Տուգանքի այս չափը սահմանվեց մայիսին, նախքան այդ տուգանքը կազմում էր 100-ից մինչև 250 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG