Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մատվիենկոյի և Վոլոդինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպում են Մոսկվայում, 25-ը փետրվարի, 2019թ.

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը զրուցակիցներին շնորհավորել է Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հիշեցնենք, Ռուսաստանում հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ սահմանադրական փոփոխությունները ստացել են քվեների գրեթե 78 տոկոսը:

Այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխությունները Վլադիմիր Պուտինին մինչև 2036 թվականը նախագահելու հնարավորություն են տալիս:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: