Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է տասն անգամ ավելին լինել։ Այս մասին նախօրեին հայտարարել է կառույցի գլխավոր գիտաշխատող Սոումյա Սվամինատանը` վկայակոչելով տարբեր երկրներում հակամարմինների ուսումնասիրության արդյունքները:
«Այն թիվը, որը մեզ է հայտնի, թեստավորում անցածներն են, և նրանք այն մարդիկ են, ովքեր իսկապես հիվանդ են կամ թեստավորվելու հնարավորություն ունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարակված մարդկանց թիվը հաճախ տասն անգամ ավելին է, քան ախտորոշվածների վիճակագրությունը», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Այս պահին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 11 միլիոնին, որից շուրջ 6 միլիոնն արդեն ապաքինվել է, մահացել է ավելի քան 520 հազարը:
ԱՄՆ-ում արձանագրվել է վարակակիրների ռեկորդային բարձր թիվ՝ 55 հազար
Վարակակիրների և մահացության ցուցանիշներով աշխարհում առաջին տեղը զբաղեցնող Միացյալ Նահանգներում միայն վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակվածների ռեկորդային բարձր թիվ՝ 55 հազար, այդ թիվը կրկնակի ավելի է երկու շաբաթ առաջ արձանագրված ցուցանիշից: Աշխարհի որևէ այլ երկրում օրվա կտրվածքով նման թիվ դեռ չի գրանցվել։
Վարակակիրների թիվը սրընթաց աճում է Ամերիկայի 50 նահանգներից առնվազն 40-ում՝ այդ թվում Ֆլորիդայում, որտեղ հաստատվել է 10 հազար նոր դեպք, ինչը մեկ օրվա կտրվածքով աննախադեպ բարձր ցուցանիշ է և գերազանցում է անգամ եվրոպական երկրներում վարակի ամենաթեժ պահին արձանագրված ցուցանիշը։
Վարակի տարածման մյուս էպիկենտրոնը հայաշատ Կալիֆորնիան է, որտեղ նոր դեպքերի թիվն աճել է 37 տոկոսով, հոսպիտալացվող վարակակիրների թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելացել 56 տոկոսով:
Տեքսասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը, ով ավելի վաղ կտրականապես մերժում էր դիմակների անհրաժեշտությունը, այսօրվանից դրանք պարտադիր է դարձրել նահանգում, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակի 8 հազար նոր դեպք։
«Վերջին մի քանի շաբաթներին կորոնավիրուսի դեպքերը կտրուկ և էականորեն աճում են, մենք պետք է կենտրոնանանք տարածումը դանդաղեցնելու վրա, այս անգամ մենք չենք ուզում Տեքսասը կրկին փակելով հասնել դրան», - հայտարարել է Էբոթը:
Բրազիլիայում վարակակիրների թիվը հատեց 1,5 միլիոնի սահմանագիծը
Աշխարհում վարակակիրների թվով երկրորդը շարունակում է մնալ Բրազիլիան։ Վերջին մեկ օրում լատինամերիկյան այս երկրում ավելի քան 48 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել ՝ընդհանուր ցուցանիշը հասցնելով մեկուկես միլիոնի: Սա ամենաբարձր թիվն է հունիսի 19-ից ի վեր, երբ արձանագրվել էր ավելի քան 54 հազար նոր դեպք մեկ օրվա կտրվածքով: Զոհերի թիվը երկրում հասնում է 62 հազարի:
Բրիտանացիները դեմ են կարանտինի թուլացմանը
Եվրոպական երկրներից իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ Մեծ Բրիտանիայում, որը զոհերի թվով առաջատարն է՝ շուրջ 44 հազար։
Չնայած համաճարակային չբարելավվող կացությանը՝ Միացյալ Թագավորության կառավարությունը հուլիսի 4-ից թուլացնում է սահմանափակումները, ընդհուպ վերացնելով պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար, ինչը բրիտանացիների շրջանում դժգոհությունների և քննադատության ալիք է բարձրացել:
YouGov սոցիոլոգիական գործակալության կողմից անցկացված սոցհարցումների համաձայն՝ բրիտանացիների մեծամասնությունը միանշանակ կողմ է երկրորդ կարանտինին, 10 հարցվածներից 8-ըհայտարարել են, որ պատրաստ են կրկին կարանտինային պայմաններին վերադառնալ, միայն թե հարթվի համաճարակային իրավիճակը ՝ բացառելով երկրորդ ալիք:
Համաճարակի երկրորդ ալիք մի շարք երկրներում
Մինչ այդ, մի շարք երկրներ արդեն բախվում են երկրորդ ալիքին: Միացյալ Նահանգներից բացի, որտեղ շարունակում են վիճել՝ հաղթահարե՞լ է արդյոք երկիրը առաջին ալիքը և արդեն բախվել է երկրո՞րդ ալիքին, վարակը կրկին տարածվում է Գերմանիայում, որտեղ անցած օրերին կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել մսի վերամշակման գործարաններից մեկում, ինչը ստիպել է իշխանություններին սահմանափակումներ մտցնել ավելի քան կես միլիոն բնակչության համար:
Իսրայելում, որտեղ հաջողվել էր վերահսկողության տակ առնել համաճարակը, անցած շաբաթվանից կրկին աճում է նոր դեպքերի թիվը, ինչը ստիպել է կոշտ միջոցների դիմել մասնավորապես դիմակներ կրելու կանոնները խախտելու հարցում:
Վարակակիրների թիվը շաբաթների դադարից հետո աճում է Ճապոնիայում, Սերբիայում, Իրանում, Հարավային Կորեայում:
Փհենյանը պնդում է՝ մինչ օրս երկրում կորոնավիրուս չկա
Իսկ ահա Հյուսիսային Կորեայի իշխանությունները շարունակում են համառորեն պնդել, որ երկրում կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունը կոչ է արել ենթականերին պահպանել զգոնությունը վարակի դեմ պայքարում:
Հյուսիսկորեացի ղեկավարի պնդմամբ՝ «երկիրը կարողացել է զսպել կորոնավիրուսի ներթափանցումն արտասահմանից»:
Շվեդիայի կառավարությունը, որը չնայած համաճարակային ծանր կացությանը հրաժարվել է արտակարգ ռեժիմ սահմանել և սահմանափակումներ պարտադրել բնակչությանը, այժմ վերլուծում է անցած կես տարվա գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով՝ ստուգելու դրանց արդյունավետությունը։ Երկրում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 70 հազար մարդ, ավելի քան 5 հազարը զոհվել է: Հարևան Դանիայում, օրինակ, վարակակիրների թիվը 12 հազար է, որից միայն600-ն է մահացել, մյուս հարևան՝ Նորվեգիայում հաստատվել է 9 հազար դեպք, մահացել է 250 մարդ, Ֆինլանդիայում 7 հազար վարակակիր կա, զոհերի թիվը 300 է:
Համաճարակի դեմ պայքարը՝ ԵՄ-ում Գերմանիայի նախագահության գլխավոր առաջնահերթություններից
Համաճարակի և դրա հետևանքների դեմ պայքարը Եվրամիությունում Գերմանիայի նախագահության գլխավոր առաջնահերթություններից է, այսօր հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսրաթում։
Եվրոպան պետք է ավելի ակտիվ գլոբալ պատասխանատվություն ստանձնի, շեշտել է գերմանական կառավարության ղեկավարը:
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ քաղաքական մթնոլորտը դառնում է ավելի դաժան, իսկ հակամարտություները միշտ և հատկապես համաճարակի ժամանակ հարվածում են առաջին հերթին աղքատներին և թույլերին», - դաշնային խորհրդին ներկայացնելով Եվրամիությունում Գերմանիայի նախագահության պլանը՝ շեշտել է Անգելա Մերկելը: