ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսի ախտահարումների ամենաբարձր թիվը՝ ավելի քան 55 հազար նոր դեպք:
Համավարակի շեշտակի տարածումը տեղի է ունենում ԱՄՆ Անկախության օրվա՝ Հուլիսի 4-ի նախօրեին:
Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում համազգային տոն է, որի ընթացքում մեծ թվով ամերիկացիներ երթևեկում են և մասնակցում են զանգվածային միջոցառումներին, ինչն, ըստ համաճարակաբանների, կարող է է՛լ ավելի խթանել նոր բռնկումները:
Ախտահարումների նոր դեպքեր են արձանագրվում ԱՄՆ 50 նահանգներից առնվազն 40-ում:
Արիզոնայում, Կալիֆորնիայում. Ֆլորիդայում և Տեքսասում հուլիսի 2-ին ընդհանուր հաշվով գրանցվել է 25 հազար նոր դեպք:
Տեքսասի նահանգապետ Գրեգ Աբոթի կարգադրությամբ մարդիկ հանրային վայրերում պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել:
Նախագահ Դոնալդ Թրամփը Հուլիսի 4-ը նշելու է Հարավային Դակոտայում, որտեղ այսօր ներկա կլինի տոնական հրավառությանը: Ենթադրվում է, որ այդ միջոցառմանը կմասնակցի մոտ 7,5 հազար մարդ:
Հարավային Դակոտայի իշխանությունները հաղորդել են, որ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջ չի դրվի, իսկ դիմակներ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր: