Բրիտանիան պատրաստվում է «սուպերշաբաթ օրվան»։ Հուլիսի 4-ին պետք է բացվեն հանրահայտ գարեջրատները՝ փաբերը, որոնք ավելի քան երեք ամիս առաջ փակվել են նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու կարանտինի օրենքով։
Բրիտանական փաբերն այդ երկրի հանրային կյանքի անբաժան մասն են, դրանք սկսել են աշխատել դեռ միջնադարից ու բաց են եղել նույնիսկ երկու աշխարհամարտերի տարիներին։
Բայց COVID-19-ի համավարակը Բրիտանիայի իշխանություններին ստիպել է դիմել փաբերը փակելու որոշման, որը հիրավի սառը ցնցուղ էր իրենց ավանդույթներին անչափ հավատարիմ բրիտանացիների համար։
Փաբերն այսօր բացվում են Հյուսիսային Իռլանդիայում, վաղն Անգլիայում (հենց լոնդոնցիներն են հուլիսի 4-ն անվանել «սուպերշաբաթ օր»), իսկ ավելի ուշ այս ամսվա ընթացքում փաբերը կբացվեն Շոտլանդիայում և Ուելսում։
Գարեջրի և այլ ըմպելիքների սիրահարներն անհամբերությամբ են սպասում այս օրվան, նրանք կարանտինն անվանել են «չորուցամաք երեք ամիս»։
«Սարսափելի էր, շատ երկատ տևեց, դե բայց պետք էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, ուրեմն, թող վերջապես սկսեն աշխատել, շատ եմ սպասում բացմանը», - ասել է փաբերի մշտական այցելու, ճարտարագետ Ալան Ֆրեյզերը։
Փաբը սոսկ գարեջրատուն չէ, այն նաև զրուցարան է, այստեղ մարդիկ հավաքվում են ոչ միայն ուտել-խմելու, այլև ընտանեկան կամ ազգային տոներ նշելու, ֆուտբոլ կամ մեկ այլ մարզական ռեպորտաժ դիտելու, լուրեր փոխանակելու, լիցքաթափվելու համար։
Ամեն մի թաղամասում կա փաբ, որտեղ մատուցողները և այցելուները շատ լավ ճանաչում են իրար, շփվում են, մեկմեկու խորհուրդ տալիս, տնից, տեղից, երեխաներից են հարցնում։
Բնականաբար, փաբերը պատրաստվում են հետկարատնինային իրականության՝ տեղադրում են ախտահանիչ նյութեր և լուծում են սոցիալական հեռավորությունն ապահովելու խնդիրը։
Նախ փաբի աշխատողները հատակին տեղադրում են գծանշաններ, սահմանափակում են սեղանների և աթոռների թիվը։
Փաբի բարի մոտ կանգնելու տեղեր չեն լինի, երաժշտության կենդանի կատարում չի լինի։
Գուցե տեսանելի ապագայում այդ արգելքներն էլ կչեղարկվեն, բայց հիմա մարդիկ ասում են, թե պետք է մերվել այն տհաճ մտքի հետ, որ կորոնավիրուսը նոր իրականություն է ստեղծել։
«Փաբը բրիտանական մեծագույն հաստատություններից մեկն է, եթե փաբն էլ չկարողանա վերապրել ճգնաժամը, ապա շատ մարդիկ կընկճվեն», - ասել է «սուպերշաբաթ օրվան» պատրաստվող «Չանդոս Արմս» փաբի սեփականատեր Արե Կոլտվելտը։