Նախնական տվյալներով՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ 29 տոկոսը

Վլադիմիր Պուտինը մասնակցում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, 1-ը հուլիսի, 2020թ.

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քվեարկությունը դեռ չավարտված սկսել է հրապարակել հանրաքվեի նախնական արդյունքները: Մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով՝ մաշկվել է արձանագրությունների շուրջ 2,7 տոկոսը, փոփոխությունների օգտին քվեարկել է ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ շուրջ 29 տոկոսը:

Իշխանությունները հրապարակելով քվեարկության արդյունքները մինչև դրա ավարտը օգտվում են նրանից, որ հարցը կարգավորված չէ օրենքով: Քվեարկությունն այսօր կտևի մինչև երեկոյան ժամը 8-ը: ԿԸՀ-ի տվյալներով ներկա պահին մասնակցությունը կազմում է ավելի քան 60 տոկոս:

Նախօրեին նախագահն անձամբ կոչ է արել ռուսաստանցիներին մասնակցել համառուսաստանյան հանրաքվեին։

Վլադիմիր Պուտինը Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենքի ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը, ընդ որում՝ առանց բժշկական դիմակի և ձեռնոցների:

Այսօր քվեարկության վերջին և հիմնական օրն է։ Հանրաքվեն սկսվել է հունիսի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդում են, որ մասնակցությունը գերազանցում է 55 տոկոսը։

Քվեարկությունն արդեն ավարտվել է մի շարք ռեգիոններում՝ Չուկոտկայում մասնակցությունը կազմել է 74 տոկոսից ավելին, Կամչատկայում՝ 45,5։

Հանրաքվեին նվազագույն շեմ չկա, այն կայացած կհամարվի ցանկացած մասնակցության դեպքում։ Այդուամենայնիվ, ընդդիմադիրները, դիտորդները, «Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը հունիսի 25-ից ահազանգում էին, որ բյուջետային աշխատողներին և զինվորականներին պարտադրում են մասնակցել հանրաքվեին և կողմ քվեարկել։ Բացի այդ կան արդեն բազմաթիվ վկայություններ այլ խախտումների մասին՝ մասնավորապես, ռուսաստանցիների մի մասը ահազանգում է, որ եկել են ընտրատեղամասեր և պարզել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են։

Երեկ Սանկտ Պետերբուրգի ընտրատեղամասերից մեկում ոստիկանները ջարդել են «Մեդիազոնա»-ի լրագրող Դավիթ Ֆրենկելի ձեռքը:

Ռուսաստանյան ընդդիմությունը ընդհանուր ռազմավարություն այս քվեարկությանը չէր մշակել, երկու մասի էր բաժանվել. մի մասը կոչ էր անում բոյկոտել հանրաքվեն, մյուս մասը՝ մասնակցել և սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկել:

Սահմանադրական փոփոխությունների փաթեթում հիմնականը՝ նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչի արդյունքում Պուտինը 2024-ին և 2030-ին նախագահական ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունք է ստանում։ Հենց այս փոփոխությանն են դեմ ընդդիմությունն ու մտավորականության մեծ մասը, սակայն իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատրվակով չեն արտոնել բողոքի ակցիաները մինչև հանրահավաք:

Անկախ փորձագետները, լրագրողները վերջին ամիսներին, համաճարակի այս պայմաններում շեշտում են, որ Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, սրա հետ մեկտեղ իրական պատկեր, թե ռուսաստանցիների քանի՞ տոկոսն է այսօր աջակցում երկրի նախագահին չկա:

«Մենք հստակ չգիտենք, թե ռուսաստանցիների ո՞ր տոկոսն է ուզում տեսնել Պուտինին երկրի նախագահի պաշտոնում մինչև 2036 թվականը, մենք չունենք իրական սոցիոլոգիական հարցումներ», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է փորձագետ Անդրեյ Պյանկովսկին:

Բոլորը սրա հետ մեկտեղ համոզված են, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտնի բարձ մասնակցության մասին, և որ ռուսաստանցիների մեծ մասը՝ 65-70 տոկոսը կողմ է քվեարկել Պուտինի նախագահությունը դե յուրե գրեթե հավերժացնող սահմանադրական փոփոխություններին։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախօրեին հայտարարել էր, որ Պուտինին ընդհանրապես պետք է հռչակել ցմահ նախագահ։

Այսօր կեսօրին Կարմիր հրապարակից բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ, նրանք պառկել էին գետնեին և իրենց մարմիններով պատկերել 2036 թվականը:

Այս պահին ուժայինները Պուշկինսկի հրապարակ են բերել մի քանի տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ, ավտոզեկեր, ավտոբուսներ և «Գազելներ»։ Տարածքը հսկում են ՕՄՕՆ-ը և Ռոսգվարդիան։

Այսօր «Բաց Ռուսաստան» շարժման համակարգող, «Ոչ»-ի քարոզարշավի ղեկավար Անդրեյ Պիվովարովը կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ Պուշկինի հրապարակ, որպեսզի, ինչպես ինքն է ասել, քննարկեն քվեարկության արդյունքը: Նա քվեարկությունը խայտառակություն է անվանել՝ ասելով, որ այդ ընթացակարգի միակ նպատակը Վլադիմիր Պուտինի ժամկետների զրոյացումն է: