Ըստ New York Times-ի, ГРУ-ն թալիբներին փող է առաջարկել ամերիկացիներին սպանելու համար

Ամերիկացիները հայրենիք են փոխադրում Աֆղանստանում զոհված զինծառայողի դին, արխիվ

Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանի զինվորական հետախուզության՝ ГРУ-ի (գլխավոր հետախուզական վարչության, ներկայիս անունը՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչություն) գործակալները թալիբներին դրամական պարգև են առաջարկել Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողներին և նրանց արևմտյան դաշնակիցներին ոչնչացնելու համար։

Այդ լուրը, վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին, առաջինը տարածել է The New York Times օրաթերթը։ Ըստ ամերիկյան անանուն աղբյուրի, փողը թալիբներին առաջարկել են ГРУ-ի գաղտնի միավորման գործակալները, ովքեր առնչություն ունեն Եվրոպայում կազմակերպված մահափորձերի և հանցավոր այլ գործողությունների հետ։

Ռուսական կողմն անմիջապես հերքել է մեղադրանքը։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը Թվիթերի էջում գրել է. «Այլևս չունենալով ռուսներին մեղադրելու փաստարկներ` New York Times-ը սկսել է կեղծ պատմություններ տարածել։ Հոդվածի երեք հեղինակները, հավանաբար, տեղեկություններ չունեն Աֆղանստանի խաղաղ գործընթացի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի և Իրանի հիմնախնդիրների շուրջ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համագործակցության մասին»։

Ըստ New York Times-ի, դեռ մարտ ամսին անվտանգության ծառայությունները նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են ГРУ-ի դավադրությունների մասին, սակայն Սպիտակ տունը չի որոշել, թե ինչպես է արձագանքելու։

Թալիբները կամ նրանց հետ կապված քրեական տարրեր որոշակի գումար են վերցրել ռուսներից։ Թերթը նշում է, թե այս պահին հնարավոր չէ պնդել, որ հենց այդ փողով է ֆինանսավորվել անցյալ տարի Աֆղանստանի տարածքում ամերիկացի 20 զինծառայողների սպանությունը։

Տեղեկությունը ստացվել է գերեվարված աֆղանստանցի զինյալների և հանցագործների հարցաքննությունների ընթացքում։ Այս ամենը տեղի է ունենում ամերիկացիների կողմից Աֆղանստանում խաղաղության գործընթացն արագացնելու ջանքերի ֆոնին։ Բանակցությունների հաջող ավարտի և հարատև խաղաղության հնարավորության դեպքում Սպիտակ տունը մտադիր է 2021-ին դուրս հանել զորքն Աֆղանստանից։

New York Times-ը նշում է, որ ամերիկացիները չգիտեն, թե Ռուսաստանի կառավարությունում ինչ մակարդակով են ընդունել ամերիկացիներին ոչնչացնելու համար թալիբներին փող տրամադրելու որոշումը, և թե որն է դրա վերջնական նպատակը։

Ամերիկացի որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ գուցեև այդ գաղտնի գործողությամբ ռուսները փորձել են վրեժ լուծել Սիրիայում 2018 թվականին ամերիկյան ուժերի կողմից ռուս վարձկաններին դաժանաբար ոչնչացնելու համար։

Մեկ այլ վարկածով էլ, ռուսները պարզապես ցանկանում են, որ Աֆղանստանում խաղաղության գործընթացն առաջ չգնա, և ամերիկացիները հնարավորինս երկար ժամանակ խրված մնան անավարտ պատերազմի պայմաններում գտնվող այդ երկրում։

Թրամփը երեկ Թվիթերում պնդել է, որ Մոսկվայի նկատմամբ ինքն է վարել ամենակոշտ քաղաքականությունը։ «Ոչ ոք ինձ, փոխնախագահ Մայք Փենսին կամ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարք Միդոուզին չի տեղեկացրել ամերիկյան բանակի վրա հարձակումներ կատարելու համար թալիբներին փող տալու ռուսների այսպես կոչված` գործողության մասին»,- գրել է Թրամփը։

Ամերիկյան պարբերականի հաղորդագրությանն է արձագանքել պաշտոնական Կրեմլը։ «Առաջին՝ այդ բոլոր պնդումները սուտ են, երկրորդ՝ եթե ամերիկյան հատուկ ծառայությունները դեռ ենթարկվում են նախագահին, ապա ես խորհուրդ կտամ կենտրոնանալ Դոնալդ Թրամփի հայտարարության վրա, երրորդ` մենք ստիպված ենք ափսոսանքով փաստել, որ նախկինում հեղինակավոր միջազգային պարբերականները վերջին շրջանում զբաղված են կեղծիքներ հրապարակելով, դա, բնականաբար, նրանց չի օգնի բարձր պահել երբեմնի հայտնի անունն ու վարկը»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսական դավադրության լուրը զայրացրել է նաև օրենսդիրներին։ Հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին երեկ ասել է, որ եթե լուրը համապատասխանում է իրականությանն, ապա Կոնգրեսը պետք է պարզի, թե «ով և երբ է իմացել այդ մասին, և ինչ է արվել ամերիկյան զորքը պաշտպանելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու համար»։

Լուրին է արձագանքել նաև նախկին փոխնախագահ, դեմոկրատական Ջո Բայդենն, ով այս տարվա նոյեմբերին մտադիր է նախագահական ընտրություններում մարտահրավեր նետել Թրամփին։

«Դոնալդ Թրամփը շարունակում է Վլադիմիր Պուտինի հանդեպ ակնածանքի և նրա առաջ նվաստանալու ամոթալի արշավը և նույնիսկ պատրաստ է նրան վերադարձնել «Մեծ յոթնյակի» կազմ։ Թրամփի ամբողջ նախագահությունը մի նվեր է Պուտինի համար։ Բայց այս դրվագն ամեն ինչից անդին է, սա որևէ վտանգավոր շրջան մեր բանակն ուղարկելուց՝ զինվորին ապահովելու և վտանգից պաշտպանելու մեր համազգային սրբազան պարտքի ուրացում է»,- ասել է Բայդենը։

Երեկ The New York Times-ը գրել է նաև, թե Միացյալ Նահանգների հետախուզության և Աֆղանստանում ամերիկյան հատուկ գործողությունների շտաբի ներկայացուցիչները Վաշինգտոնում իրենց վերադասներին դեռ հունվարին են զեկուցել ամերիկացիներին սպանելու համար թալիբներին փող տրամադրելու ռուսների գաղտնի ծրագրի մասին։