Մարզպետներն ահազանգում են` շարունակվում են ընդհատակյա միջոցառումները, դիմակ պատշաճ չկրելը

Այգի Հայաստանում, արխիվային լուսանկար

Տաքսու վարորդը, տեղյակ լինելով, որ իր մոտ առկա է կորոնավիրուս, շարունակել է տաքսի ծառայություն մատուցել Աբովյան քաղաքում։ Արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նրան սպառնում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով։

Ռոմանոս Պետրոսյան, արխիվ


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Ազատությանն» ասաց, որ երեկվա դրությամբ մարզում կա 2 հազար 88 հաստատված դեպք, մարզպետի խոսքով՝ մեծ մասն արդեն բուժվել են, մահվան թվերը՝ 2 տասնյակից ավելի։ Մարզկենտրոն Հրազդանում քաղաքացիներին դիմակներ բաժանելիս մարզպետն ինքն էլ է նկատել մարդկանց, որոնք շարունակում են դիմակ չկրել կամ ոչ պատշաճ կրել։ «Ազատության» հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասաց՝ չնայած լայնածավալ աշխատանքներին, դեռ շարունակում են ահազանգեր ստանալ ընդհատակյա միջոցառումների վերաբերյալ:

«Որքան էլ որ մեր իրավապահ համակարգի գործընկերների հետ մենք հետևողականորեն վերահսկում ենք հանրային միջոցառումների անցկացումը կամ պարետատան ցուցումներին համապատասխան ձևաչափով աշխատումը, բայց որոշակի գուցե մենթալիտետային խնդիր է, որոշակիորեն ազգային ավանդույթների տեսակետից նաև, մեր ժողովրդի ունեցած հակումներով պայմանավորված լինում են միջադեպեր, երբ կարիք է լինում սուր միջամտությունների: Նման դեպքեր ունեցել ենք վերջին օրերին նույնպես, երբ ահազանգում են կոնկրետ բնակիչներ` հարսանիքներ, նշանդրեքներ, նաև հոգեհանգստի արարողություններ», - նկատեց նա:

Կոտայքի մարզպետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում «Հրազդան» բուժկենտրոնը պատրաստ է վերապրոֆիլավորվելու, իր այս առաջարկն այսօր էլ ուժի մեջ է։ Ռոմանոս Պետրոյանը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը պարետատունն ու Առողջապահության նախարարությունը գուցե այս պահի դրությամբ չեն տեսնում, որովհետև իրենց մարզը Երևանին ամենամոտն է։

Իսկ ահա Արարատի մարզում, որտեղ երեկվա դրությամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1750 դեպք կա արձանագրված, վերապրոֆիլավորված երկու բուժկենտրոն է գործում. 115 մարդ բուժում է ստանում

Գարիկ Սարգսյան, արխիվ


Արտաշատի հիվանդանոցում, 53-ը՝ Վեդիում։ Մարզպետի խոսքով՝ երեկվա դրությամբ 580-ից ավելի առողջացած կա, մահվան` 35 դեպք։ Գարիկ Սարգսյանը նշում է, որ կորոնավիրուսի տարածվածության առումով իրենց մարզում նույնպես առկա է դիմակների կրման խնդիրը. - «Ես արձանագրել եմ դեպքեր, երբ հիմնականում ճիշտ չեն կրում` չի փակում քիթը կամ ծնոտի հատվածում են դնում դիմակը: Եղել է, որ մոտն ունեցել է դիմակ, բայց չի կրել: Հենց ամենասկզբից խնդիրը հետևյալն է` մարդիկ լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը, հետո հենց արդեն իրենց դուռն է բախում, նոր դրանից հետո սկսում են մտածել, բողոքում են, որ իրենց չեն ընդունում հիվանդանոցում կամ իրենց հիվանդությունը գնահատում են թեթև և առաջարկում եմ տնային պայմաններում բուժումը շարունակել, այլ ոչ թե հիվանդանոցային, այլ հիվանդանոցային տեղերը նախատեսում են ավելի ծանր հիվանդների համար»:

Գնել Սանոսյան, արխիվ


Գեղարքունիքի մարզում հավանաբար մյուս շաբաթվանից կսկսի գործել վերապրոֆիլավորված մեկ հիվանդանոց, մարզպետ Գնել Սանոսյանն ասում է՝ հոսպիտալացման կարիք ունեցող ոչ մի քաղաքացի դրանից հետո տանը չի մնա։ Մարզպետը, վերջին 10 օրվա տվյալները համադրելով, ընդհանուր պատկերը գոհացուցիչ է համարում, ասաց՝ չնայած մարզում 958 հաստատված դեպք ունեն, բայց դրանից 710-ն արդեն բուժվել և տուն են գնացել, 240-ից ավելի չբուժված քաղաքացիներից շուրջ 40-ն են գտնվում բուժհիմնարկներում, մնացածն ինքնամեկուսացված են բուժում ստանում։

Սանոսյանը պատմեց՝ չնայած տարբեր գերատեսչությունների գործադրած ջանքերի, հուղարկավորություններին սահմանափակ թվով մասնակիցների շրջանում են երբեմն դեպքեր գրանցվում։ Վարակվածների մեծ մասը Սևան քաղաքից են լինում. - «Լինում է, որ ասենք 15 դեպք ենք ունենում օրվա ընթացքում մարզում, որոնցից 7-8-ը` միայն Սևան համայնքից, այսինքն` գրեթե կեսը Սևան համայքից է: Այդ առումով եմ ասում, որ մտահոգիչ է, իսկ ինչ վերաբերում է տարբեր միջոցառումներին, այնտեղ դիմակ չկրելուն, մասսայական թաղումներ չկան, բայց ցավոք սրտի, այդ 10-15 հոգանոց նեղ բարեկամական շրջանակներում եթե վարակված մարդ է լինում, որի մասին տեղյակ չեն, նման բռնկումներ ունենում ենք:

Այսպիսով՝ կովիդ-19-ի տարածվածության առումով վերջին օրերի տվյալներով` առաջատարը Կոտայքի մարզն է՝ արձանագրված 2 հազար 88 դրական դեպքով, երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 1750 դեպք, երրորդ տեղում Գեղարքունիքը՝ 958 դեպք: