Մատչելիության հղումներ

Սպիտակում միանշանակ չի ընդունվել հիվանդանոցը կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորելու որոշումը


Սպիտակի բժշկական կենտրոնը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար վերապրոֆիլավորելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել բուժանձնակազմի շրջանում։

Տեխնիկական աշխատողներից մինչև բաժանմունքի վարիչներ վրդովված են`պնդոլով, թե տարածքի միակ ստացիոնար բուժհաստատությունը փակում են հիվանդների առաջ։ Նրանք շեշտում են, որ Երևան - Բագրատաշեն մայրուղուն անմիջապես կից գործող միակ հիվանդանոցն է, վթարների ու այլ շտապ դեպքերում առաջինն իրենք են արձագանքում:

Եպրաքսիա Թումասյանը մայրապետ է ծննդատանը։ Ասաց, որ իրենք չորս մայրապետներով չեն աշխատի կորոնավիրուսով հիվանդների համար։ Ինքն առողջական խնդիրներ ունի, մյուսներն էլ վախենում են վարակվելուց. – «Վախենալը քի՞չ բան ա... Էլ ուրիշ տեղ չկա՞ր, որ կորոնան մենակ մեր Սպիտակից արեցին»:

Ծննդատան 31 տարվա մանկաբույժ Սվետլանա Պապիկյանը ևս մատնացույց է անում իր քրոնիկ հիվանդություններն ու ասում, որ ինքն էլ իր շատ գործընկերների հետ ստիպված տանը կնստի. – «Աշխատողների անձնակազմով մեր հիվանդանոցը չի կարա բավարարի էդ ձեր կորոնավիրուսի, որ կոլեկտիվը աշխատի: Ասելիքներս դա ա, մենք ոչ թե ազգի դավաճան ենք, այլ առաջին հայրենասերները մենք ենք»:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը չմեկնաբանեց աշխատողների դժգոհությունները։ Միայն ձայնագրվելու պայմանով ասաց՝ որևէ խնդիր չի տեսնում, պատրաստ են վերապրոֆիլավորման։ Գրավոր արդեն պատասխանել է կառավարությանը, որտեղ նշել է. «Մարդկային կյանքերի պահպանման առումով յուրաքանչյուր որոշման իրենց բժշկական անձնակազմը վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ»։

«Հարցը ԲԿ-ի աշխատակազմի կողմից երբեք չի կարող քննարկվել, որովհետև այս պարագայում դա առնվազը կդիտվի ոչ պրոֆեսիոնալ», - հավելեց նա:

Բժշկական կենտրոնի տնօրենը միջանցքներում արտահայտված դժգոհություններից հեռուասաց` պոլիկլինիկան ու շտապ օգնության ծառայությունը լիարժեք կաշխատեն, չսպասարկված որևէ հիվանդ չի մնա։ Հետաձգելի հիվանդությունների դեպքում քաղաքացիները կսպասեն, խիստ անհետաձգելի ստացիոնար բուժման կարիք ունեցողներն ուղեգրով կդիմեն Վանաձորի կամ Երևանի բուժհաստատություններ։

Մի քանի օր կպահանջվի բժշկական կենտրոնը թթվածնային կետերով ապահովելու և անհրաժեշտ բուժսարքավորումներով վերազինելու համար։

Ավելի քան 30 տարի գործող հիվանդանոցն ապահովված չէ տաք ջրով։ Տնօրենն ասաց, որ միջոցներ են ձեռնարկում այդ անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար։ Մեկ շաբաթից արդեն 100 ծանր ու միջին ծանրության հիվանդ կընդունեն։

Մինչդեռ որոշ հիվանդներ նույնպես դժգոհում էին, թե իրենց հիվանդանոցը ձեռքներից առնում են։ Սպիտակցիներից մեկը, որ հղի հարսի հետ ծննդատուն էր եկել, ասաց, որ ոչ մի դեպքում հարսին այլ բուժհաստատություն չի տանի. – «Ես իմ ծնունդը Վանաձոր չեմ տանելու, ես իմ բժիշկներին եմ վստահում, Սպիտակի»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հակադարձում է, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ ամենաարագը հնարավոր է վերապրոֆիլավորել Ստիտակի հիվանդանոցը՝ հաշվի առնելով թե՛ գտնվելու վայրը, թե, հնարավորություններն ու մակերեսը։

Մարզպետն վստահեցնում է, որ բուժանձնակազմի բոլոր քրոնիկ հիվանդություններ ունեցող անդամները կլինեն տանը՝ լրիվ աշխատավարձով։

Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար աշխատողներ կներգրավվեն նաև մարզի այլ բուժհաստատություններից. – «Հարցը պետք է նայել ընդհանուրի մեջ, և ոչ թե կոնկրետ որևէ համայնքի, որևէ մեկի տեսանկյունից: Եթե համարենք, որ դա պատերազմ է հիվանդության դեմ, մեր ազատամարտիկները, մեր զինվորները, մեր հրամանատարները այսօր բուժաշխատողներն են: Պատկերացրեք պահ, որ կռվի ժամանակ զորամասի հրամանատարը կամ զինվորը հրաժարվի իր պարտականությունները իրականացնել»:

Նշենք, որ Սպիտակի 60 տեղանոց հիվանդանոցը ծանրաբեռնված չէր։ Վիրաբուժական բաժանմունքում այսօր հիվանդ չկար։ Ասացին, որ ուրբաթ օրը, երբ հայտնի է դարձել հիվանդանոցը վերափոխելու որոշման մասին, միակ հիվանդին դուրս են գրել։ Թերապևտիկ բաժանմունքը նախատեսված է և՛ երեխաների և՛ մեծահասակների համար։ Ըստ բժիշկների, բաժանմունքի 20 մահճակալների կեսն էր միայն զբաղված։ 18 տեղանոց ծննդատանը վերջին օրերին երեք երեխա էր ծնվել։ Այսօրվանից արդեն հիվանդներ չեն ընդունում։

Լոռու մարզում մինչև օրս գրանցվել է 273 կորոնավիրուսով հիվանդ։ Նրանցից 72-ը բուժվել են, 28-ը հոսպիտալացված են։ Մարզում հիվանդների թիվը կտրուկ աճել է վերջին մեկ շաբաթում, երբ հիվանդներ հայտնաբերվեցին 2600 աշխատող ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկայում։

XS
SM
MD
LG