75 հայաստանցի զինծառայող այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է շուրջ կես միլիոն հայ, այդ թվում՝ 300 հազար հայաստանցի՝ Հայաստանի այն ժամանակվա բնակչության 23 տոկոսը: Պատերազմում զոհվել է 200 հազար հայ:
Կրեմլը, իհարկե, այլ զորահանդես էր ուզում կազմակերպել, սակայն, կորոնավիրուսի համաճարակը պատճառաբանելով, Մոսկվայում չէին արտասահմանցի առաջնորդների մեծ մասը: Ռուսաստանը ցանկանում էր ցույց տալ, որ 75 տարի անց՝ այսօր աշխարհի հզորագույն պետություններից է, ում հետ բոլորը հաշվի են նստում, բայց նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին այսօր ընդամենը 8 պետության առաջնորդ էր, ինչպես նաև չճանաչված Հարավային Օոսիայի և Աբխազիայի առաջնորդները:
Մոսկվա չէին ժամանել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ կորոնավիրուսի պատճառով: Հայաստանի պատվիրակությունը հաղթանակի 75 ամյակին նվիրված միջոցառումներին գլխավորում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարն ու զինծառայողները կորոնավիրուս չունեն, հակառակ դեպքում զորահանդեսին չէին կարողանա մասնակցել, ինչպես չի մասնակցել, օրինակ, Ղրղըզստանի պատվիրակությունը, որի երկու անդամի մոտ Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուս և պատվիրակությունը մեկուսացվել է:
Բոլոր հյուրերը, այդ թվում՝ երկրի ղեկավարները Մոսկվայի օդանավակայանում պարտադիր թեստ են հանձնել: Սրա հատ մեկ տեղ՝ ո՛չ Վլադիրմիր Պուտինը, ո՛չ հյուրերը, ո՛չ զորահանդեսին մասնակցած զինծառայողները դիմակներով չէին:
Շքերթին մասնակցել են 13 հազար զինծառայողներ, մեծ քանակի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր:
Այսօրվա զորահանդեսի ամենամեծ ինտրիգը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունն էր: Նա կրտսեր որդու հետ նստել էր Պուտինի կողքին:
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն մայիսի 9-ին, չնայած համաճարակը, կազմակերպել էր Հաղթանակին նվիրված զորահանդես, որին, սակայն, որևէ բարձրաստիճան հյուր ներկա չէր: Փորձագետները կարծում էին, որ այդ զորահանդեսից հետո ռուս-բելառուսական տարաձայնությունների ֆոնին Լուկաշենկոն Մոսկվա չի ժամանի: