ԼՀԿ-ն այժմ չի միանա ԲՀԿ-ի դիմումին, ՍԴ կդիմի Քոչարյանի գործով քննության ավարտից հետո

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Տարոն Սիմոնյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 24-ը հունիսի, 2020թ.

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցությունն այժմ չի միանա ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության դիմումին, այլ Սահմանադրական դատարան (ՍԴ) կդիմի բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: Այս մասին առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նախկին նախագահի դիմումի քննությունը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

ԼՀԿ ղեկավարը մանրամասնեց. - «Մի շատ կարևոր նյուանս, ասպես ասած, որ տեղի ունեցավ, չգիտեմ, որքանով որ նկատեցիք, որքանով չնկատեցիք՝ իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, կամ էս հարցով զբաղվողներ, լավ, էս ձևով ձևակերպեմ, սա հանրությանը մատուցողներ, պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է Սահմանադրական դատարանում քննվող մեկ գործի հետ՝ խոսքը գնում է երկրորդ նախագահի գործի մասին: Եվ մենք մինչ այս պահը որևէ ձևով չենք արձագանքել որևէ նման պնդման, որովհետև թողել ենք, որ իրավական գործընթացները իրավական ճանապարհով ընթանան: Եվ հենց այն օրը, որ օրը որ խորհրդարանը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է արել և որոշում է ընդունել, որ երկրորդ նախագահին առնչվող գործը իրենք կքննեն հուլիսի 7-ին, եթե չեմ սխալվում, այսինքն՝ ինչ-որ ժամկետ է առաջ բերել՝ կասեցված գործը հանել է և նշանակել է օր, հենց այդ օրը, որը օրը որ էստեղ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Եվ դրանից հետո նաև երկրորդ նախագահի փաստաբանական խմբից, փաստաբաններից նաև երեկ հարցազրույցում ասել են, որ սա արվում է, որ միջամտվի, ազդեցություն լինի Սահմանադրական դատարանում քննվող գործի հետ կապված»:

Ապա Մարուքյանը փոխանցեց. - «Մեր քննարկումների արդյունքում մենք որոշել ենք վարվել հետևյալ կերպ՝ որպեսզի որևէ ձևով չմիջամտենք էս գործընթացին, այսինքն՝ որևէ ձևով այն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել էս գործընթացին, որովհետև մենք դա թողել ենք, որ մնա իրավական սահմաններում, իսկ գործը քննվում է գրավոր ընթացակարգով, և գրավոր ընթացակարգով քննվող գործը, ըստ էության, շատ արագ որոշում պետք է ունենա, վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է, Սահմանադրական դատարանի մասին նաև օրենքով, երեք ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա, և պատգամավորները ցանկացած պահի կարող են դիմել: Այսինքն՝ մենք հիմա դիմումի վրա աշխատանքները, ըստ էության, արդեն սկսել ենք, մենք դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը, կուժեղացնենք այն <...>, և հենց էդ գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, Սահմանադրական դատարան կմուտքագրվի այս բոլոր խնդիրների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ մոտավորապես օրերի խնդիր է էստեղ»:

«Բարգավաճ Հայաստան»-ը երեկ հայտարարեց, որ մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժն ունի 25 պատգամավոր, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության բարձր դատարան դիմելու հնարավորություն չի լինի։

Հունիսի 22-ին Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

ԼՀԿ ղեկավարը հայտնեց նաև, որ իրենց կարծիքով՝ ընդունված փոփոխություններով կարող են դադարեցվել Սահմանադրական դատարանի ոչ թե երեք, ինչպես նշվում է, այլ երկու դատավորների լիազորությունները՝ «բացի ՍԴ անդամ, դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանի լիազորություններից»:

«Հետևաբար, ըստ էության, երկու դատավորի փոփոխություն է փորձում իշխանությունը անել և նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի դադարում, ինչն, ըստ էության, ադմինիստրատիվ, վարչական պաշտոն է, և դատարանի նախագահը չունի երկու ձայն որպես դատարանի նախագահ, նա ունի էլի մեկ ձայն քվեարկություններին մասնակցելիս», - հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, թե «պրոպագանդան, որ ուղղված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին փոխելուն, ըստ էության, էս իրավիճակում <...> թնդանոթով ուզում են կրակել ճնճղուկի վրա»:

«Որովհետև էն գործողությունները, որ մեկնարկած են, դրանք թնդանոթներ են, տանկեր են ըստ էության, բայց անգամ էդ իրավիճակում էդ ամբողջ պրապագանդված նպատակը չի բավարարվում, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ Սահմանադրական դատարանի դատավոր», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը: