Տեղի ունեցածը «իշխանության յուրացում է, քանի որ Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին», - հայտարարում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ մեկնաբանելով խորհրդարանի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը:
«Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա», - ասված է նախկին իշխող կուսակցության գործադիր մարմնի՝ երեկ ուշ երեկոյան հրապարակած հայտարարությունում:
Հանրապետականը պնդում է, որ սույն քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել Հայաստանի հեղինակությանը։
«Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից», - վստահեցնում է նախկին իշխող կուսակցությունը:
Արտախորհրդարանական մեկ այլ կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը իր հայտարարությունում պնդում է. - «Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը», ըստ Դաշնակցության, փաստում են, որ «օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը»:
«Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում», - հայտարարում է Դաշնակցությունը և դիմում Հայաստանի նախագահին՝ «որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիրքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»:
«Իմ քայլ»-ի մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանը երկուշաբթի օրն ընդունեց 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի:
Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը կուղարկվեն թոշակի։
Տե՛ս նաև այստեղ