Փաշինյան. 30 տարի Հայաստանին կոչ են արել պայքարել կոռուպցիայի դեմ, երբ այդ պայքարն ընթանում է, հորդորում են ընդդիմությանը չճնշել

Կառույցներ կան, որ երեսուն տարի Հայաստանին կոչ են արել պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն այժմ, երբ այդ պայքարը իրապես ընթանում է, հորդորում են ընդդիմությանը չճնշել. այսօր կառավարության նիստին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառույցներ կան երեսուն տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ, հիմա որ ռեալ պայքար ա սկսվել, ասում են` էդ ընդդիմության ինչի՞ եք ճնշում: Բա երեսուն տարվա կոռուպիոներները հիմա ընդդիմություն են… էդ շատ լավ ձև ա` ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք: Ու ընդհանրապես պետք ա էս հարցերում կողմնորոշվել: Որ ուղղությամբ գնում ես, պարզվում ա սխալ ա… տպավորություն ա, որ ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապեն ու ասեն ոչ մի բան մի արեք», - նշեց վարչապետը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին, երբ իրավապահ մարմինները նրան մեղադրեցին ընտրակաշառք բաժանելու մեջ, Եվրոպական Միության խորհրդարանում ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը, ով 2014-2019 թվականներին Եվրամիության խորհրդի նախագահան էր, թվիթերի իր էջում հետևյալ գրառումը կատարեց. - «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ օրինականերով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ ընդդիմությանը ճնշելուց»։

Միաժամանակ, թվիթերյան մեկ այլ գրառմամբ Տուսկը նշել է. - «ԵԺԿ-ն կաջակցի Եվրամիություն - Հայաստան հարաբերություններին [Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝] CEPA-ի շրջանակում՝ քաղաքական կամք ցուցաբերելով համաձայնագրի ամբողջական վավերացման և կիրարկման համար»։

Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական կայքէջի համաձայն, Հայատանից քաղաքական երկու ուժ է անդամակցում ԵԺԿ-ին, երկուսն էլ 2012 թվականից՝ «Ժառանգությունը» և Հայաստանում մոտ քսան տարի իշխած և 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցությունը, որին քաղաքական ընդդիմախոսները մեղադրում են բազմաթիվ ընտրություններ կեղծելու, երկրում քրեաօլիգարխիկ համակարգ ղեկավարելու մեջ։

Երրորդ նախագահ, ՀՀԿ բազմամյա առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով իշխանությունը կորցնելուց հետո էլ շարունակում է պահել ՀՀԿ ղեկավարի աթոռը, անցած նոյեմբերին Զագրեբում մասնակցում էր ԵԺԿ համագումարին, որի ժամանակ էլ, ի դեպ, Դոնալդ Տուսկը ընտրվեց ԵԺԿ նախագահ, և այդ համագումարին Սերժ Սարգսյանը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում։

Իսկ երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրյուսելից անցկացվող ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին՝ Տուսկի նախագահությամբ, որի ընթացքում ՀՀԿ առտաջնորդը դարձյալ քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ խոսելով «պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին»։

Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով Տուսկի թվիթերյան գրառումները հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում, օգտատերերից մեկի հարցին, թե կարող ենք եզրահանգել, որ այս հայտարարությունների հիմքում Սերժ Սարգսյանի հետ քննարկումներն են և նրա արտահայտած մտահոգությունները», պատասխանել է. - «Կարելի է»։

Ազգային ժողովի իմքայլական փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ, Տուսկը պարզապես ձգտում է սատարել է ԵԺԿ-ին անդամակցող կուսակցության ներկայացուցչին, այս պարագայում` Սերժ Սարգսյանին. – «Պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի Հանրապետության ժողովրդի գործերին և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ, ավելի մասնագիտացված անձինք: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որը որ իրականությունից կտրված աչքեր են, որը որ արդարադատությանը սպասող աչքեր են, և որը որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ և Հայաստանի Հանրապետության իրականության հետ արդեն շատ շուտվանից, դեռ մինչ հեղափոխությունը ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ»: