Մատչելիության հղումներ

Ծառուկյանի պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատավոր Ռոբերտ Պապոյանին, հայտնեց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ»,- ասաց նա` հավելելով, որ խնդիրը մակագրությունների կարգն է, որն ի սկզբանե արդեն «խախտում է արդար դատաքննության իրավունքը»: Ըստ Երեմ Սարգսյանի` պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը:

Բացի այդ, պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել:

Նրա խոսքով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի` իրենց միջնորդությունը բավարրավելու է, թե ոչ:

Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն Ազգային անվտանգության ծառայությունն է ներկայացրել: Հարցի քննությունը սկսվել է երեկ, շարունակվել այսօր` ժամը 16:30-ից: ԲՀԿ առաջնորդը, ըստ նրա փաստաբանի, մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար: Նույն այդ քրեական գործով Ծառուկյանը երեքշաբթի օրը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:

«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5 հազար դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Ծառուկյանի բիզնես կառավարիչ Սեդրակ Առուստամյանից և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Բացի այս քրեական գործից, ԱԱԾ-ում Ծառուկյանին առնչվող ևս երկու քրեական գործ է հարուցվել։

XS
SM
MD
LG