Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանը» բոյկոտեց նիստը և լքեց դահլիճը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը, 17-ը հունիսի, 2020թ.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը, 17-ը հունիսի, 2020թ.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան բոյկոտեց Ազգային ժողովի նիստը` լքելով դահլիճը:

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այն, ինչ երեկ տեղի է ունեցել այս դահլիճում, «քաղաքական հաշվեհարդար է» մեծամասնության կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած գործչի` իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Հավելեց, որ իշխանությունը փորձում է լռեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին:

«Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական և քաղաքական բեսպրիդելը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը, և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը», - հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Արթուր Դավթյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը:

Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը գնաց ԱԱԾ հարցաքննության: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ: Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG