Կորոնավիրուսով վարակվածների թվերը չի հաջողվում նվազեցնել, իսկ պատճառը հակահամաճարակային պայմանները համատարած կերպով չպահպանելն է, այսօր կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ստիպված են ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել. - «Ինչքան մեծ է հաստատված դրական դեպքերը, այնքան մեծ է մահացության թիվը, և հետևաբար մեզնից յուրաքանչյուրը, չվարակելով և չվարակվելով, անկախ նրանից իրեն անձամբ սպառնում է վիճակի ծանրացում, թե ոչ, որոշակի շատ կոնկրետ և ուղղակի ազդեցություն ունի մահացության ընդհանուր մակարդակի վրա»:
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 665 նոր դեպք է գրանցվել, 746 մարդ առողջացել է, ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 7 հիվանդ էլ` մահացել։ Կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է: Ընդհանուր առմամբ Հայաստանում արդեն 18 հազար 698 մարդ է քովիդով վարակվել, մահացել` 309-ը: Այժմ տանը կամ հիվանդանոցներում բուժում է ստանում 10 հազար 728 քաղաքացի։ Այս պահին կորոնավիրուսով հիվանդ 143 մարդ հոսպիտալացման կարիք ունի, կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրանցից 25-ը տանն են, մյուսները գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում, և կարիք ունեն տեղափոխման։
Ծանր վիճակում է գտնվում 444, ծայրահեղ ծանր վիճակում՝ 131 քաղաքացի։ Նրանցից 39-ը թոքերի արհեստական օդափոխության սարքերին են միացված։ Թորոսյանը նշեց՝ թեև մահճակալներն ավելացնում են, սակայն քովիդով հաստատված դեպքերն ավելի շատ են լինում։ Վարչապետը հավելեց՝ մահճակալների թվի ավելացումը չի կարող անվերջ ծավալվել։ «Չենք կարող նաև ամբողջ առողջապահական հզորությունները ծառայեցնել բացառապես կորոնավիրուսային հիվանդությանը, որովհետև մարդիկ, կներեք, այս ընթացքում ինֆարկտ էլ են ստանում, այլ հիվանդություններով նույնպես հիվանդանում են, և նրանց էլ պետք է բուժօգնություն տրվի: Եվ եթե մենք այս թվերը չպակասեցնենք, մեկ է` կծավալվենք, կծավալվենք, մի իքս պահի ուղղակի ծավալվելու տեղ չի լինի, խնդիր կառաջանա զրոյից նոր հիվանդանոց կառուցելու, որը պետք է տևի 3 կամ 1, կամ 2 տարի: Այնպես որ խնդիրն առողջապահական համակարգից դուրս մեր գործողությունների էֆեկտիվության մեջ է, որն էլի նույն խնդիրն է` կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը», - ասաց վարչապետը:
Վարակման օջախները հիմնականում բակերն են, այն հասցեները, փողոցները, որտեղ դեպքեր են եղել։ Եթե, օրինակ, կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում վերահսկման հնարավորություն կա, ապա բոլորովին այլ պատկեր է բակերում: «Շատ դժվար է լինում այդ վերահսկողությունն իրականացնել, և այստեղ ես չեմ պատկերացնում այլ գործիք, ինչքան ուզում է ոստիկանական ուժերը մեծացնենք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը: Երբ որ մենք ինքներս նայում ենք, օրինակ, զրուցարանում նստած մեր տարեց քաղաքացիների նարդի խաղալուն, ինչքան էլ որ դա տրիվիալ հնչի, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է, ուրիշ ոչինչ չի պաշտպանելու իրենց իրար վարակելուց և հետո ծանր ռեանիմացիայում հայտնվելուց: Այս պարզ գիտակցմանը մենք մինչև չհասնենք երևի մեր ամբողջ ազգաբնակչության մոտ, մենք չենք կարողանալու դիմակայել այս մարտահրավերին», - շեշտեց Արսեն Թորոսյանը:
Հունիսի 4-ից Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է բոլոր վայրերում. իշխանությունն ու մասնագետները պարբերաբար հորդորդում են դրանք կրել, սոցիալական հեռավորություն պահել ու հաճախ լվանալ ձեռքերը։ Արդյո՞ք քաղաքացիները հետևում են այս կանոններին. վարչապետ Փաշինյանն այսօր անձամբ էր փորձում դա պարզել Երևանի փողոցներում, նաև դիմակներ էր բաժանում քաղաքացիներին:
«Ազատության» նկարահանման ընթացքում քաղաքացիները մեծամասամբ կա՛մ թերի էին կրում դիմակները, օրինակ՝ չծածկելով քիթը կամ բերանը, կա՛մ ընդհանրապես չէին կրում, կա՛մ էլ դիմակը դնում էին, երբ տեսնում էին տեսախցիկը։
Ի դեպ, կառավարության նիստում առողջապահության նախարարն ասաց՝ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա առնվազն պետք է կրել կտորից դիմակներ, իսկ մնացած պայմաններում կրել բժշկական դիմակ, քանի որ կտորից դիմակը, ըստ նախարարի, երբեք չի կարող փոխարինել բժշկական եռաշերտ դիմակներին։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ տեղեկացրեց՝ առաջիկայում տեղական արտադրության դիմակները կվաճառվեն 70-75 դրամով։