Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը

Վերաքննիչ դատարանում այսօր 5 ժամից ավելի քննվում էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։

Այսօրվա նիստի մեկնարկին, ամբաստանյալ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը ներկայացրեց նախկին վարչապետների և Քոչարյանի անձնական կապերը, դրանք, ասաց, ձևավորվել են տասնամյակների ընթացքում։

Հետո, շուրջ 35 րոպե ընթացավ դատավոր Արսեն Նիկողոսյանի ու «Իզմիրլյան» ԲԿ-ից դատարան եկած Քոչարյանի հարց ու պատասխանը։ Քոչարյանն ասաց՝ խոսքի տեր մարդ է, պատասխանատվությունից չի խուսափում: Ընդգծեց՝ դա իր համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է ու բավականին տհաճ է, որ դատարանում պետք է բացատրել դրա կարևորությունը։

«Ինչո՞ւ է տհաճ, պարոն Քոչարյան, Դուք կանգնած եք պետության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ», - հարցրեց դատավոր Նիկողոսյանը:

«Ես չեմ ասել, որ կարևոր չէ, ես ասել եմ, որ տհաճ է, որովհետև ինձ թվում է, թե դա այն բանն է, որի բացատրության կարիքը չպետք է լինի՝ ուղղակի կենսագրությունից ելնելով: Եթե փախնող մարդ լինեի, ուղղակի այս կենսագրությունը ես չէի ունենա երբեք», - արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը:

Շուրջ մեկ տարի ընթացող այս դատավարության ընթացքում մեղադրող կողմը շարունակ պնդում է, որ ոչ մի գրավ և ոչ ոքի երաշխավորությունը չի կարող ազատության մեջ ապահովել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքը։ Մեղադրող դատախազներն այսօր նույնպես կրկնեցին՝ կալանվորման հիմքը ոչ թե գործին խոչընդոտելու փորձն է, այլ՝ ռիսկը։ Հենց այս կանխավարկածից ելնելով դատավորը Ռոբերտ Քոչարյանին հարցրեց. «Ինչպե՞ս կվերաբերվեիք, եթե ինչ որ մեկը ձեր խոսքի դեմ բան ասեր, կամ չհամաձայներ ձեզ հետ»։

«Իմ կերպարից ելնելով թյուր ըմբռնում կա, ինձ հետ աշխատած ամենալավ պաշտոնյաները նրանք էին, որոնք համարձակություն էին գտնում վիճելու ինձ հետ», - պատասխանեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահը:

«Չէ՞ որ, դուք երկրի 20 տարվա նախագահն եք եղել, բայց ձեզ դարձրել են ամբաստանյալ, ինչո՞ւ պետք է կատարեք վարույթ իրականացնող մարմնի պահանջները, ինչո՞ւ պետք է մոտիվացված լինեք», - դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ Քոչարյանին:

«Այն փաստը, որ կարող են ասել, որ խուսափեց դատարանից, ասել մի մարդու, որը 10 տարի պետականաշինության գործով էր զբաղված, սա ուղղակի չգիտեմ <...>», - պատասխանեց Քոչարյանը:

«Այսօրվա իշխանությունն առանձնապես սեր չի ցուցաբերում իմ նկատմամբ», - հայտարարեց դատարանի առաջ կանգնած Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորը հարցրեց, եթե գրավ կիրառելու հարց լինի, որքանո՞վ կարող է ափսոսել գրավադրված գույքը, Քոչարյանը պատասխանեց, թե իր ողջ ունեցվածքը կալանքի տակ է։ «Եթե երեխաներս բնակարաններ գրավադրեն, ինչպիսի՞ն կլինի իմ պատասխանատվության զգացումը», - հարցին հարցով պատասխանեց նախկին նախագահը:

Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ​ Սեդա Սաֆարյանն ասաց՝ երբ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դատարանում դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որ վերջինս կոչով դիմի իր աջակիցներին՝ չանհանգստացնել ու չվիրավորել տուժողների իրավահաջորդներին ու ներկայացուցիչներին, նա չարձագանքեց։ Սա, ըստ Սեդա Սաֆարյանի, նույնպես խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազատության մեջ պատշաճ վարք դրսևորել։ Խոսելով երաշխավորների՝ Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի և Անուշավան Դանիելյանի մասին, Սաֆարյանն ասաց՝ նրանք Քոչարյանի պաշոտնավարման տարիներին բարձր պաշտոններ են զբաղեցրել:

«Ռեժիմին ծառայած մարդիկ, առավել ևս երբ նրանք են ենթարկվել Ռոբերտ Քոչարյանին, չեմ կարծում, որ երաշխավորությունը որպես խափանման միջոց կարող է որևէ նշանակություն ունենալ: Քոչարյանը չի փոխվել, հիմա էլ Ռոբերտ Քեչարյանին թվում է՝ նախագահ է, ասեմ ինչու, երբ որ Ռոբերտ Քոչարյանն ինքը հայտարարեց, որ հիվանդանոցում ուղեկցողին՝ քրեակատարողական հիմնարկի աշխատողին դուրս է հանել, որովհետև իր և բժշկի զրույցը չգիտեմ լսել է, թե ինչ է արել: Այսինքն Ռոբերտ Քոչարյանն այս պահի դրությամբ էլ հարցեր է լուծում ինքն իր համար», - ասաց Սաֆարյանը:

Շուրջ 20 րոպե դատավորի ու մեղադրող դատախազի միջև ընթացած հարց ու պատասխանի ընթացքում դատախազն ասաց՝ դատական տեղեկատվական համակարգում պաշտոնապես հրապարակված տեղեկություն կա, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմը քննությանը խոչընդոտելու նպատակով կազմակերպված խումբ է ստեղծել։

Նիստը կշարունակվի վաղը, դատարանը կշարունակի լսել մեղադրող կողմի ներկայացուցինչերին