Հայաստանում կորոնավիրուսի վարակի անկման մասին դեռ վաղ է խոսել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, ծանր դեպքերի մահացության տոկոսն էլ է մեծ, հետևաբար ակամայից մեծ թվերը կամ ակամայից չէ, շատ ուղիղ բերում են նաև մեծ մահացության, հետևաբար միևնույնն է` բոլոր գործողությունները պետք է ուղղվեն թվերի զսպմանը, ոչ թե միայն հզորությունների բարձրացմանը»,- ասաց նա:
Նախօրեին կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 612-ով` հասնելով՝ 15 հազար 281-ի, առողջացել 173, մահացել ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող ևս 13 մարդ։ Հայաստանում վիրուսից արդեն 258 մարդ է մահացել։ Արձանագրվել է նաև կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն այլ հիվանդության պատճառով մահվան 4 դեպք։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:
Այս պահին հիվանդանոցներում և տանը բուժում է ստանում 9 հազար 298 մարդ։ Բժիշկները ծանր և ծայրահեղ ծանր են գնահատում 524 քաղաքացու վիճակը, տեղեկացրեց առողջապահության նախարարը.- «Ինչը շատ մեծ թիվ է, և այդ թիվը վերջին օրերին չի իջնում առնվազն և տատանվում է 500-ի շրջանակներում: Մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով (ռեանիմացիոն) վերակենդանացման բաժանմունքներում էլ տեղ ունենք, սակայն տեղ ունենալն ինքնին իրավիճակի դրական գնահատական չի կարող լինել, որովհետև մենք ծայրահեղ ծանրների մոտ ունենք մահացածության մոտ 70 տոկոս, ծանրների մոտ, իհարկե, ավելի քիչ, և թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա գտնվող քաղաքացիների մոտ 90 տոկոս մահացածություն ունենք: Հետևաբար ասել, որ եկեք, միայն մեծ հզորություններով բոլորին ընդունենք, դա կնշանակի չանել պատշաճ քայլեր, ինչքան հնարավոր է շատ մարդ փրկելու ուղղությամբ»:
Այս օրերին ավելանում են բժշկական կենտրոնները, որտեղ ևս կարող են բուժում ստանալ Covid-ով հիվանդները։ Կան նաև հիվանդանոցներ, որոնք հայտարարում են, թե պատրաստ են ընդունել այս հիվանդությամբ վարակվածներին, սակայն նախարարությունից թույլտվություն չեն ստացել, օրինակ` «Նաիրի» բժշկական կենտրոնը, Հերացու անվան Առաջին համալսարանական հիվանդանոցը։ Արսեն Թորոսյանն այսօր ասաց՝ լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ զուտ առողջապահական նկատառումներով.- «Որովհետև առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի, որ զբաղվում է, այլ զբաղվում է բազմաթիվ այլ, մեր բոլորի հիվանդություններով։ «Նաիրին», ընդհանրապես որոշում է կայացվել, որ ինքը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, և դա ճիշտ որոշում է եղել, ու այդ որոշումն ուժի մեջ է»:
Թորոսյանն ընդգծեց նաև` դիմակը ճիշտ կրելու պարագայում վարակվածների թիվը կնվազի.- «100 տոկոս ճիշտ դիմակը 100 տոկոս ճիշտ կրելու դեպքում բոլորի կողմից բերում է վերարտադրողական ցուցանիշի մեկից իջեցման, իսկ մեկից իջեցում նշանակում է, որ 10 մարդը շարունակում է վարակել 9 մարդու, 9 մարդը` 8 մարդու, 8-ը` 7-ի և այդպես շարունակ»:
Թե երբ կլինի վիրուսի էական նահանջ, դեռ պարզ չէ: Առողջապահական գերատեսչության ղեկավարը նկատեց` նույնիսկ կորոնավիրուսը հաղթահարած երկրներում ցրտերն ընկնելուն պես հիվանդության ակտիվանալու վտանգը մեծ է.- «Մենք էլ ենք պատրաստվում աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»:
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու նպատակով վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից 10 բժիշկ կժամանի Երևան, հավանաբար հաջորդ շաբաթ նաև Լիտվայից բժիշկների և փորձագետների խումբ կժամանի, Ռուսաստանից մոտ 50 բժիշկ ևս ցանկացել է գալ և աշխատել այստեղ:
Ինչ վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրությանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն «Ազատությանը» տեղեկացրեց` թեստերի որոշակի քանակ փոխանցել են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն՝ փորձարկման.- «Փորձարկում են` համեմատելով իրենց մոտ առկա թեստերին»:
Թե երբ կավարտվեն փորձարկումները, Առաքելյանը հստակ ժամկետ չնշեց։ Կառավարությունը 550 հազար դոլար էր նախատեսել կորոնավիրուսի ախտորոշման թեստերը տեղում արտադրելու համար: