Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 612-ով՝ հասնելով 15 հազար 281-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 173-ով և հասել 5 հազար 639-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 297 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 77 հազար 686-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74 (տղամարդ), 55 (տղամարդ), 69 (կին), 83 (տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվն այժմ 258 է, կորոնավիրուսով վարակված ևս 86 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 298 մարդ:
Կառավարությունն այսօր հավանություն տվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 16-ից երկրում գործող արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելուն:
Կառավարության արտահերթ նիստի ժամանակ հրապարակված տվյալների համաձայն՝ մոտ 7 հազար պացիենտներ գտնվում են տնային հսկողության տակ, շուրջ 1800-ը՝ հիվանդանոցային հսկողության տակ: Ծանր դեպքերը 425-ն են, 100 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 23-ին միացված է արհեստական շնչառական ապարատ: