«Իրավիճակը ծանր է, և չպետք է այդ ամբողջ ծանրությունը թողնել բժիշկների ուսերին»

Շտապ բուժօգնության ավտոմեքենա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտ, արխիվ

Կորոնավիրուսով վարակված 37-ամյա Հայկ Սահակյանը պատմում է՝ մոտ 7 օր ընդունել է պոլիկլինիկայի բժշկի նշանակած դեղերը, բայց վիճակն ավելի է ծանրացել:

«Նորք»-ում էի, և բոլոր բժիշկները, ովքեր գալիս էին, բնականաբար հարցնում էին, թե «Դուք ի՞նչ բուժում եք ստացել»: Երբ ես ասում էի, դեղերը նկարագրում էի, իրենք ասում էին, որ դրանք անօգուտ դեղեր են այս պարագայում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Սահակյանը: «Սկզբում աջակողմյան վերին հատվածում էր, հետո էդ պոլիկլինիկայի դեղերի ազդեցության կամ դրանց չգործունեության արդյունքում եղավ երկկողմանի թոքաբորբ», - նշեց նա:

Թուլություն, ախորժակի կորուստ, քնի իսպառ բացակայություն, ջերմության կտրուկ բարձրացում՝ ընդհուպ 40 աստիճան: Հաբերը չէին օգնում՝ ջերմությունն իջեցնելու, օրական մեկից երկու անգամ շտապ օգնություն էին կանչում. - «Սրսկման կարիք էր առաջանում, շտապ օգնություն էինք զանգում, շտապ օգնությունը գալիս էր և միանգամից տեսնելով ասում էր, որ «Ձեզ պետք է հոսպիտալացնենք», բայց, չգիտես ինչու, զանգում էին ինչ-որ տեղ, բայց զանգից հետո ասում էին՝ «ներողություն, չենք կարող, Ձեզ կարող ենք պարզապես մի հատ ներարկել, առողջություն ցանկանալ և գնալ»: Եղել են մարդիկ, ովքեր ասել են՝ «այո, կարող ենք հենց հիմա գնալ, ուզո՞ւմ եք՝ գնանք միջանցքում նստենք», հա՞, մոտավորապես այ տենց անկեղծացել են էդ մարդիկ մեզ հետ, ես, բնականաբար, ասել եմ՝ «միջանցքում չեմ ուզում նստել»:

Առողջական վիճակի է՛լ ավելի վատթարացումից հետո Սահակյանին տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն: Արդեն հիվանդանոցում մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո երեկ դուրս է գրվել: Ասում է՝ առավել ծանր հիվանդներ են եղել, հերթը մյուսներինն էր:

«Հիվանդանոցում ամեն ինչ շատ ուրիշ է, նախ՝ դու էդ ընկճված հոգեբանական ծանր վիճակում չես, ֆիզիկապես քեզ էդ դեղերի ազդեցության տակ, բժիշկների էդ հոգատար միջավայրում միանգամից ազդեցությունը դրական է լինում: Բժիշկները շատ, խիստ ծանրաբեռնված են աշխատում, դուք պետք է ուղղակի տեսնեք՝ այս շոգին իրենց այդ արտահագուստներով, այդ պաշտպանիչ միջոցներով, շատ դժվար է մեզ համար անգամ դիմակով, որպեսզի մենք շնչենք, նրանք այդպես օրը 24 ժամով աշխատում են, շատ ծանր է: Պալատներից, ես կողքի պալատներից հա լսում էի, որ օգնության կանչեր են լինում, և որ գալիս էին, իրենց պետք է, ասենք, սրսկեին, կամ ինչ-որ դեղահաբ, կամ պարզապես հարցնում են՝ «ինչպե՞ս ես», մեկ էլ կողքից կանչում են, իրենք շտապում են, վազում են՝ ստեղ գործը կիսատ թողած, մեկ էլ, այդ ընթացքում, չգիտեմ, իմ սենյակում տարիքով մարդ կար, ով արագ ուշագնաց էր լինում, էդ ջերմությանը, էդ բանին չէր դիմանում, միանգամից...», - պատմեց Հայկ Սահակյանը՝ ընդգծելով. - «Այսինքն, իրավիճակը ծանր է, իրավիճակին պետք է լուրջ մոտենալ և այդ ամբողջ ծանրությունը չթողնել բժիշկների ուսերին՝ մենք էլ անելիք ունենք»:

Նա շեշտեց նաև, որ ծխելու հետևանքով այս հիվանդության ընթացքում բարդությունները մեծանում են. - «Եթե ծխող չես, շատ ավելի թեթև ես տանում, դա ոչ միայն բժիշկները ասացին, դա նաև պալատում պառկած այն մարդիկ, ովքեր որ ծխող էին և ծխող չէին, տարբերությունը մենք զգում էինք, հա՞, թե ինչպես է լինում: Եվ, բացի այդ, իմ բուժումների մեջ որոշակի ինչ-որ տարբերություններ կային, որոնք ամենևին ամենահաճելի պրոցեդուրաները չէին, և ես խնդրեցի և հորդորեցի մարդկանց՝ «եթե կարող եք թողնել այդ սովորությունը, թողեք, առանց դրա, համենայն դեպս, ավելի առողջ կլինեք»: