Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս. վարչապետ


Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս։ Իհարկե, չի կարելի արձանագրել, որ Հայաստանում վիճակը կայունացել է, բայց առաջին նախանշանները կան, պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա: Մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած ընդհանուր առմամբ ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար: Ըստ էության, մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե մենք միասին կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրները ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ զրոյացման փուլին», - ասաց վարչապետը:

Անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 428-ով, մահացել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող ևս 10 մարդ։

Ըստ Առողջապահության նախարարության՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ անձանց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է:

Այսպիսով Հայաստանում մարտի 1-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 14 հազար 103 դեպք, մահացել՝ 227 մարդ։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում ստանում է 8 հազար 573 պացիենտ: Երեկվա դրությամբ մենք կատարել ենք շուրջ 1700 հետազոտություն», - տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև, որ նախօրեին ապաքինվել է 775 մարդ։ Սա մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվն է: Բուժվածները հիմնականում ախտանշաններ չունեցող վարակակիրներն են, ովքեր մայիսի 22-ից իրենց բուժումը ստանում էին տնային պայմաններում։

Այս պահին տնային պայմաններում շարունակում է բուժում ստանալ մոտ 4 հազար 500 քաղաքացի:

Հակահամաճարակային կանոնները պահպանելու համար հսկողությունը խստացվելու է։ Ոստիկանությունը միայն այսօր 1800 քաղաքացու է տուգանել դիմակ չկրելու համար։

Վարչապետի խոսքով՝ հիմնական մարտահրավերը մնում է պարետատան սահմանած կանոնների խախտմամբ հուղարկավորությունների արարողությունների կատարումը և ընդհատակյա հարսանիքները։ Ասաց՝ եղել են դեպքեր, երբ նման միջոցառումների հետևանքով անգամ մահեր են գրանցվել։

Ծանր և առանձնապես ծանր հիվանդների բուժօգնությամբ զբաղվող Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց՝ վերջին շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թվի աճի միտում է նկատվել։

«Հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր հիվանդի, և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանշաններ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլարվածությունը բերում են մի այնպիսի վիճակի, որ հիվանդների մոտ զարգացման ընթացքը բերում է որոշակի առումով անկառավարելի վիճակի: Բառիս բուն իմաստով աչքիս առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել: Այստեղ մեզ օգնության են հասնում տարբեր տեսակի շնչական ապարատները, որոնցով այսօր կլինիկան ամբողջովին հագեցած է, և մենք կիրառում ենք արհեստական շնչառության ապարատներ, նման հիվանդների բուժման ընթացքը կառավարելու համար», - ասաց Մանուկյանը:

Բժշկի խոսքով՝ հիվանդությունն ընթանում է անկառավարելի, բարդությունները նույնպես, չեն կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը։ Սա պատերազմ է, նկատեց Պետրոս Մանուկյանը՝ հավելելով՝ բուժանձնակազմը գիշեր ու զօր պայքարում է մարդկային կյանքերի համար։

Վարչապետի նշած դեպքերից մեկը վերաբերում է 5000 բնակիչ ունեցող Ձորագյուղ համայնքին, որի մուտքն ու ելքը փակ կլինի մինչև հունիսի 20-ը: Այստեղ հուղարկավորությունների պատճառով կորոնավիրուսի արդեն 64 դեպք կա, մահացել է մեկ մարդ։ 20 տարի համայնքը ղեկավարած Լևիկ Գրիգորյանն ասաց՝ մահացածը 46-ամյա տղամարդ էր, որը խոցելի խմբում էր:

«Թաղումը կատարել ենք անցած օրը, անձամբ մարզպետը ներկա է եղել, ոստիկանապետը ներկա է եղել: Բնականաբար [մասնակցել են] շատ քիչ թվով մարդիկ, ես կարող եմ ասել՝ երևի 10-15 մարդ է մասնակցել», - տեղեկացրեց Գրիգորյանը:

Փակ սահմանների պատճառով՝ համայնքում թեև դժգոհություններ կան, սակայն մեծամասամբ համակերպվել են, նկատեց գյուղապետը։

«Նստած տանը՝ սպասում են իրավիճակի լավացմանը», - հայտնեց Լևիկ Գրիգորյանը:

XS
SM
MD
LG