Մատչելիության հղումներ

Տանը բուժվող կորոնավիրուսով հիվանդները՝ առաջացած խնդիրների ու բարդությունների մասին


Հայաստան, Երևան - Կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժօգնություն ցուցաբերող բժիշկ, մայիս, 2020թ.
Հայաստան, Երևան - Կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժօգնություն ցուցաբերող բժիշկ, մայիս, 2020թ.

36 շաբաթական հղի Արփին, որ վարակված է կորոնավիրուսով, բուժվում է տանը: Վարակվել է ամենայն հավանականությամբ մայրիկից: Այժմ իրենից բացի ծնողների տան չորս անդամներն էլ կորոնավիրուսի նշաններ ունեն, սակայն ջերմելուց երկու օր հետո արագ թեստավորվել է միայն ինքը՝ որպես հղի, պատասխանը դրական է։

«Ասաց՝ «գնա տուն, բայց դրական է երևում, հանկարծ գիշերը շնչահեղձություն կսկսվի կամ շատ կբարձրանա՝ կապ չունի, գնա հիվանդանոց», - պատմեց կինը:

Երեք օր ջերմելուց հետո Արփին այժմ կազդուրվում է, ավելի անհանգիստ է հայրական տանը բնակվող տատիկի, ինչպես նաև առանձին բնակվող մյուս տատիկի համար, որը ևս վարակված է, 8 օր ջերմությամբ տանը մնալուց հետո միայն տարեց կնոջը տարել են հիվանդանոց։ Մինչ այդ ապարդյուն փորձել են բուժօգնություն ստանալ պոլիկլինիկայի բժշկից, ինչպես ցուցում է տվել Առողջապահության նախարարությունը. - «Ու այդ ժամանակ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի ընկավ տոն օրեր, պոլիկլինիկան չաշխատեց, ոչինչ չարեցինք: Ամսի 31-ին ես զանգեցի «Նորք», տատիկիս ջերմությունը արդեն 8-րդ, 9-րդ օրն էր, զանգեցի, ասացի՝ էսպես, «ինքը շաքարով հիվանդ է, մեծ է, ինչ կլինի, թեստավորման կարիք կա, և այլն, բերենք «Նորք»: Ասացին՝ «բերեք», շտապ օգնությունը տարավ»:

Մայիսի 25-ից ջերմություն ունի նաև Արփիի մայրը, ինչի մասին տեղյակ է տեղամասային՝ Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի բժիշկը. - «Ասացին՝ պոլիկլինիկա դիմեք, պոլիկլինիկա դիմեցինք՝ էլի ոչ աշխատանքային էր, ասացին՝ երկուշաբթի: Երկուշաբթի օրվանից ամեն օր զանգում ենք, որ բուժում նշանակեն կամ ուղղորդեն, կապ լինի, որովհետև հազում էր շատ, 38.5 մինչև բարձրանում է ջերմությունը: Բուժում նշանակեց՝ դե, բնականաբար, առանց թոքերը լսելու, առանց ռենտգենի արդյունքները նայելու»:

Միայն երեկ՝ ջերմության 11-րդ օրը, կնոջը զանգահարել ու կանչել են թեստի և հետազոտման՝ այն բանից հետո, երբ նրա դուստրը մոր վիճակի ու տեղամասային բժշկի արձագանքների մասին պատմել է Առողջապահության նախարարության թեժ գծին։ Անգամ մեկշաբաթյա հակաբիոտիկների կուրսից հետ դեռ ջերմող ու հազ ունեցող կինը սպասում է թեստի պատասխանին։ Մինչ այդ, նրա դուստրն ասում է, որ ամենայն հավանականությամբ վարակված են նաև տան մյուս անդամները, սակայն նրանց չեն թեստավորել, և նրանք փաստորեն դուրս են մնում երկրի վիճակագրությունից։

«Քույրիկս՝ իմ հետ, նույն օրը՝ ամսի 28-ին, ջերմել է, բայց ունի համի ու հոտի կորուստ, մկանային ցավեր: Երեկ պոլիկլինիկայից զանգեցին, հարցրեցին, թե ինչ սիմպտոմներ ունի, ախտանշաններ ունի, ասացին, որ համապատասխանում է վիրուսին, բայց իրեն թեստավորում չի հասնում: Պապաս է ունեցել մինչև 38 երկու օր՝ ամսի 29-ին և 30-ին, մարմնի ցավեր ուներ, հազում էր», - պատմեց Արփին:

Մեկ այլ կորոնավիրուսով վարակված կին՝ Լենա Հակոբյանը, ով այժմ հիվանդանոցում է, պատմում է, թե, իր հերթին, մեծ դժվարությամբ է հասել նրան, որ իրեն թեստավորեն: Թեև հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված հարևանուհու հետ է ավելի վաղ շփվել և ունի վարակված լինելու նշաններ, բայց քանի որ ջերմությունը 37.5-ից չի բարձրացել, նրան ասել են՝ բարդանալու դեպքում միայն զանգահարել շտապ օգնություն։

«Արդեն որ երեք օր լավ էի ու սկսեց նորից վատի գնալ, արդեն ես վախեցա ու սկոռի [շտապ բուժօգնություն] զանգեցի արդեն», - պատմեց կինը:

Լենա Հակոբյանին տեղափոխել են հիվանդանոց արդեն բարձր ջերմության ու հազ ունենալու պատճառով։ Նրա դրական թեստի պատասխանից հետո էլ հարազատները դժվարությամբ են հասել այն բանին, որ թեստավորեն Լենայի տատիկին, ում հետ նա բնակվել է նույն տանը։ Մալաթիա-Սեբաստիայի պոլիկլինիկայի բժիշկը հորդորել է չորս ոչ աշխատանքային օր սպասել, մինչև կգնար աշխատանքի և ուղեգիր կգրեր տատիկին թեստավորելու համար: Մինչ այդ, կնոջ մյուս թոռնուհին բազմաթիվ հեռախոսազանգերից ու հորդորներից հետո ի վերջո համոզել է, որ շտապ օգնությունը չսպասի տեղամասային բժշկին ու բարձր ջերմությամբ 75-ամյա կնոջը բուժօգնություն ցույց տա: Հիվանդանոցում պարզվել է, որ նա երկողմանի թոքաբորբ ուներ:

«Հա, երկկողմանի թոքաբորբ, նույն պրոցեսը, ոնց որ ինձ մոտ: Հիմա արդեն, ջերմություն դեռ մնում է իհարկե, իր մոտ մի քիչ ավելի բարդ է լավի գնալը, մի քիչ դժվար է, ծանր է, քանի որ իր տարիքը... բայց, փառք Աստծո, քրոնիկ հիվանդություններ չունի», - փոխանցեց Լենան:

XS
SM
MD
LG