«Աստված անսպասելի մարդկանց է ընտրում իր կամքը հայտնելու համար»

Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը, Հյուստոն, 9 հունիսի, 2020թ.

Ֆլոյդի վերջին հանգրվանը՝ մոր շիրիմի կողքին

Մինեապոլիսում կեղծ թղթադրամ շրջանառելու մեղադրանքով բերման ենթարկվելու ընթացքում սպիտակամորթ ոստիկանի կողմից խեղդամահ արված 46-ամյա Ջորջ Ֆլոյդը Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում դարձել է ռասայական խտրականության դեմ պայքարի նահատակի խորհրդանիշ։

Ոստիկիան Դերեկ Շովինը ծունկն ինը րոպե պահել է Ֆլոյդի կոկորդին։ Նրա վերջին խոսքերն էին «Մամա... Խնդրում եմ, չեմ կարող շնչել»։

Շովինը մնացել է անդրդվելի։ Հիմա նա բանտում է, ինչպեսև բերման ենթարկելու գործողության մասնակից ևս երեք արդեն նախկին ոստիկանները։

Իսկ Ֆլոյդին երեկ հողին են հանձնել հայրենի Հյուստոնում, որտեղ նա վերջին հանգրվանն է գտել հանգուցյալ մոր կողքին։

«Չկա արդարություն, չկա խաղաղություն»​

Չորս ժամ տևած հուղարկավորության արարողությունը, որը դարձել է ռասիզմի դեմ համաամերիկյան և համաշխարհային մանիֆեստ՝ վարել է բապտիստական հոգևորական և իրավապաշտպան, քաղաքական գործիչ և հրապարակապոս Էլ Շարփթոնը։

Նա ասել է, որ հիմա տեսնում է, թե ինչպես են Ամերիկայում, Անգլիայում փողոցներ դուրս գալիս նախկին ստրկատերերի ժառանգները, սպիտակամորթ երիտասարդներ, և պահանջում են տապալել ստրկատիրության գաղափարախոսության դարաշրջանի պատմական գործիչների արձանները։

Տեսնում է, թե ինչպես են այդ երիտասարդները վանկարկում Black lives matter, no justice, no peace՝ «Սևամորթների կյանքն արժեք ունի, չկա արդարություն, չկա խաղաղություն» կարգախոսները։

Շարփթոնի փոխանցմամբ, Ֆլոյդը հեղինակավոր համալսարանից չէր, անվանի մարզիկ չէր, մեծահարուստ չէր, եթե թվարկվածներից մեկը լիներ, կասեին, թե հիմա շահարկում են նրա անունը, հարստությունը, հռչակը։ Աստված անսպասելի մարդկանց է ընտրում իր կամքը հայտնելու համար։

«Ֆլոյդը մերժված էր ու անպիտան քարի պես մի կողմ նետված։ Աստված վերցրեց այդ մերժված քարը և դարձրեց ամբողջ աշխարհը փոխելու շարժման անկյունաքար», - ասել է սևամորթ սպասավոր Ալ Շարփթոնը։

Խոսել է նաև սպանվածի եղբայրը՝ Ֆիլոնիս Ֆլոյդը։ Հիշելով Ջորջ Ֆլոյդի վերջին խոսքերը՝ «մամա, չեմ կարող շնչել», Ֆիլոնն ասել է, որ գիտի, թե որտեղ է հիմա մայրը՝ իրենց հավերժական տանը՝ գրկաբաց սպասում է զավակին։

«Ես արդեն փողկապ չեմ կապում, որովհետև ուզում եմ շնչեմ, ես գնացի հոգեհանգստին առանց փոխկապի, ես հիմա արդարություն եմ ուզում եղբորս համար, նրան բոլորը կհիշեն աշխարհում, նա կփոխի աշխարհը», - ասել է Ֆիլոնիս Ֆլոյդը։

Հայրենակիցներին է դիմել նաև նախկին դեմոկրատական փոխնախագահ Ջո Բայդենն, ով այս տարի մտադիր է մարտահրավեր նետել հանրապետական Դոնալդ Թրամփին։

Բայդեն. «​Չենք կարող անտեսել ռասիզմը»

«Ինչո՞ւ են այս երկրում ամեն օր արթնանում այդքան սևամորթ ամերիկացիներ, ովքեր մտածում են, որ ապրելու փոխարեն կարող են իրենց կյանքը կորցնել։ Ինչո՞ւ արդարությունը չի դառնում հզոր հոսանք, ինչո՞ւ։ Տիկնայք և պարոնայք, չենք կարող երես թեքել, չպետք է երես թեքենք, չենք կարող ևս մեկ անգամ անտեսել ռասիզմը, դա հենց մեր սիրտն է խոցում», - ասել է Ջո Բայդենը։

Ինչ է նշանակում Defund the Police

Այս օրերին Միացյալ Նահանգներում սկսել են քննարկել ոստիկանությունը ֆինանսավորումից զրկելու հնարավորությունը՝ Defund the Police։

Գաղափարի ընդդիմախոսներն անմիջապես պատկերացնում են քաղաքներ, որտեղ քաոս է, չկան ոստիկաններ, փողոցներում զինված ավազակներ են, չկա տարրական կարգուկանոն։

Ջո Բայդենը գաղափարի կողմակից չէ, բայց համոզված է, որ երկրին անհրաժեշտ է արդարադատության և մասնավորապես ոստիկանության համակարգի ամբողջական բարեփոխում։

Իսկ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհանրապես մերժում է գաղափարը։ Նրա համոզմամբ, երկրում հանցավորության աստիճանն իջել է շնորհիվ ոստիկանների ավելի արդյունավետ ծառայության։

«Չի լինի ապաֆինանսավորում, չի լինի մեր ոստիկանության ապամոնտաժում, չի լինի մեր ոստիկանության լուծարում», - հայտարարել է Թրամփը։

Ֆինանսավորել սոցիալական ծրագրերը

Մինչդեռ, Defund the Police եզրույթը, որքան էլ արմատական է հնչում, բնավ չի նշանակում ոստիկանության լուծարում։

Ամերիկացի վերլուծաբանները բացատրում են, որ խոսքը ոչ թե ոստիկաններին ֆինանսավորումից զրկելու, այլ փողի մի մասն ուրիշ ոլորտներ ուղղելու մասին է։

Ոստիկանն է առաջինը, ով ծառայության բերումով ստիպված է զբաղվել վտանգավոր ճանապարհ ընտրած, դպրոցից կամ աշխատանքից խուսափող երիտասարդով։

Ոստիկանն է առաջինը, ով ստիպված է ընկնել թմրադեղ վաճառող կամ գնող երիտասարդի հետևից։

Ոստիկանն է, ով ահազանգ է ստանում այս կամ այն թաղամասում գործող պոռնկատան կամ զենքի ընդհատակյա խանութի և սոցիալական առումով վտանգավոր այլ ակտիվության մասին։

Հետևաբար, պետք է փող տրամադրել հիմնարկներին, որոնք զբաղվում են այդ դժվարությունները հաղթահարելով և նոր կյանք մտնող երիտասարդներին կամ ճակատագրի բերումով ազնիվ ճանապարհից շեղված մեծահասակներին տալիս են բնականոն կյանքը շարունակելու հնարավորություն։

Լավագույն հասցեատերը կարող են լինել դպրոցները, կրթական հաստատությունները և սոցիալական օգնության կենտրոնները։