Շիրակի «Կանաչ կիրճ» ռեստորանում հարսանյաց խնջույք էր կազմակերպվել. պարետի ցուցումով 3 օրով փակվեց

Սննդի անվտանգության տեսչական մարմինն այսօր Շիրակի մարզի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Մարալիկում ու Արթիկում, 20 օբյեկտի գործունեություն կասեցրեց՝ 19-ինը մեկ, մեկինը՝ երեք օրով։

Տեսչական մարմինը Գյումրիից ոչ հեռու գտնվող «Կանաչ կիրճ» ռեստորանում օրերս հարսանյաց խնջույք էր արձանագրել։ Սեփականատեր Գագիկ Ադամյանը չառարկեց երեք օրով ռեստորանի փակմանը.- «Մենք էլ կփորձենք պարետի որոշումը կայացրած... պարետի որոշումն է, կդնենք, ամեն ինչ կկատարենք նորմալ, որպեսզի խոսակցություն ավել-պակաս չունենանք»:

Տեսչական մարմնի ներկայացուցչի խոսքով. - «Պատճառը եղել է պարետի որոշման հարսանեկան միջոցառում է կազմակերպված եղել, որը պարետի որոշումով չի թույլատրվում, դա է հիմք հանդիսացել»:

Սեփականատեր Գագիկ Ադամյանը նշեց` մեծ հարսանիք չի եղել, 18 հոգի է եղել, մեծ սրահում են կազմակերպել, հյուրերը դիմակներ են կրել, սոցիալական հեռավորությունն էլ պահել են.- «Շատ վատ է անդրադառնում, իմացեք` եթե մի օբյեկտ փակվավ, դրանից հետո նորից վերագործարկելու համար օրեր, շաբաթներ, ամիսներ են պետք, որպեսզի այդ բիզնեսը սկսկի աշխատել, սա է խնդիրը: Թե մեր պարետը որոշում է կայացրել, ուրեմն մենք էլ այդ որոշումը կփորձենք լրիվ կատարել: Դիմակներով են եղել, իրենք շատ լավ տեղյակ են եղել այդ ամեն ինչից, իրենց պահանջն է եղել սոցիալական հեռավորությունը, 100 քառ մետր զալի մեջ է եղել»:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ով է վերահսկելու, որ պահպանվի 72-ժամյա կասեցումը: «Հետագա վերահսկողական աշխատանքները պետք է ոստիկանությունը կատարի, որ չաշխատեն, եթե մենք ենք ահազանգ ստանում, տեղեկացնում ենք ոստիկանությանը կամ համապատասխան մարմնին»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Մարզում երեք օրով առաջին անգամ էր տնտեսական գործունեություն կասեցվում։ Հարցին, թե եթե խախտվում է 72-ժամյա ռեժիմը, ի՞նչ է նախատեսվում, նա ասաց.- «Դա արդեն պարետը պետք է որոշի, մեր որոշումը չէ, եթե խախտում արձանագրենք մենք, արձանագրությունից հետո պարետատուն ենք ուղարկում, պարետը որոշում է: Պարետատունն է որոշումը կայացնում: 72 ժամ միայն «Կանաչ կիրճն» է եղել»:

Այս շաբաթվա մշտադիտարկման արդյունքում Սննդի անվտանգության տեսչությունն ավելի շատ խախտումներ արձանագրել է Մարալիկում: Տեսչական մարմնի ստուգումներին զուգահեռ ոստիկանությունը նաև փողոցներում է շրջում ու տուգանում դիմակ չկրողներին։ Մինչ օրս մարզում 406 ակտ է կազմվել:

Գյումրիում կորոնավիրուսի 2 նոր օջախներում՝ «Լենտեքս» ու Սվետտեքս տեքստիլ ֆաբրիկաներում, չորս տասնյակից ավելի հայտնաբերված դեպքերի թիվը չի փոխվել, ընկերություններում դեռ սպասում են թեստերի պատասխաններին: Ավելանում է տանը մեկուսացած հիվանդների թիվը։ Այսօր այն 107 է, իսկ հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 69 պացիենտ։