Մատչելիության հղումներ

Գյումրիի որոշ մանկապարտեզներ չեն կարող լիարժեք ապահովել անվտանգության պայմանները


Գյումրիում գործող 24 մանկապարտեզներից ոչ բոլորը կվերաբացվեն երկուշաբթի օրվանից։

Փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի փոխանցմամբ՝ որոշները չեն կարող լիարժեք ապահովել պարետի սահմանած անվտանգության չափորոշիչները.- «Քնելուց առաջ ննջասենյակը պարտադիր պետք է ախտահանեն, նաև ենթադրենք` քնելու ժամանակն է, ուրեմն սնվել են, քնել են երեխաները, այդ ընթացքում պետք է ախտահանեն այն բոլոր շփված մակերեսները, որտեղ երեխաները շփվել են` սննդի հետ կապված, պետք է այդ բոլոր տարրաները հատուկ արկղերի միջոցով տանեն աղբանոց և այլն: Օրվա վերջում նորից պետք է ախտահանեն: Այդ բոլոր աշխատանքները պետք է կատարվեն: Նաև սպիտակեղենը յուրաքանչյուր օր պետք է լվացվի: Դա երևի կկազմակերպենք այն ձևով, որ ասենք` ծնողը սպիտակեղենը կարող է տանել տուն, ամեն օր լվանալ, առավոտ բերել երեխայի հետ, որովհետև այս պայմաններում եթե վերցնենք, իրոք մանկապարտեզը հնարավորություն չունի: Խնդիր կա նաև, որ պարտադիր պետք է երեխաներին ջերմաչափեն, 2 անգամ օրվա ընթացքում պետք է ջերմաչափեն հեռավար տարբերակով, կամ ծնողն ինքը պետք է ջերմաչափ տա, յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր անհատական ջերմաչափը, որպեսզի այդ շփումը նորից բացառվի»:

Խնդրահարույց է հատկապես սննդի կազմակերպման հարցը։ Փոխքաղաքապետի կարծիքով՝ առավել ապահով կլինի, որ ծնողը երեխայի հետ սնունդ ուղարկի.- «Սննդի կազմակերպման հետ կապված պարետի որոշմամբ առաջարկվում է, որ նախընտրելի տարբերակ է, որպեսզի ծնողները մեկանգամյա օգտագործման տարրաներով սնունդը իրենք երեխաների հետ ուղարկեն մանկապարտեզ: Այդ դեպքում եթե այդ տարբերակին ենք մենք գնում, մենք նաև սննդի համար ծնողական վարձավճար չենք գանձի, պարզապես միայն կոմունալ մասով վարձավճարը կարող ենք գանձել, իսկ եթե մանկապարտեզն է կազմակերպում, այնտեղ շատ խիստ պայմաններ են, որոնք ոչ բոլոր մանկապարտեզները կարող են կիրառել, օրինակ` ափսեն որևիցե ճաք չպիտի ունենա»:

Պարետի որոշմամբ մանկապարտեզում պարտադիր է ախտահանումը։ Հայկ Սուլթանյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է վերահսկելու, որ անվտանգության միջոցառումներն իրականացվեն ու պահպանվեն: «Անվտանգության պայմանների ապահովման պարտականության ամբողջ ծավալը կրում է հաստատության տնօրենը, այսինքն` յուրաքանչյուր հաստատության տնօրեն պատասխանատու է պարետի` անվտանգության կանոնների պահանջների կատարման համար:

Բնական է, մենք էլ ինչպես միշտ առօրյա, ամենօրյա հսկողություն կիրականացնենք քաղաքապետարանի համապատասխան կրթության բաժնի կողմից»:

Գյումրիում մանկապարտեզ է հաճախում 2 հազար 700-ից ավելի երեխա։ Երեխային մանկապարտեզ ուղարկող ծնողները պարտավոր են գործատուից տեղեկանք ներկայացնել, որ աշխատում են։

Մայիսի 18-ից նաև հանրային տրանսպորտը կսկսի աշխատել։ Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն ասաց՝ ստացել են պարետի որոշումն ու պատրաստվում են սպասարկող ընկերությունների հետ քննարկել, թե ինչպես են կազմակերպելու շահագործումը: Հսկողությունն իրականացնելու է և՛ քաղաքապետարանը, և՛ ոստիկանությունը.- «Վերահսկվելու է բաժնի կողմից ամենաառաջինը, երկրորդը` ՍՊԸ-ն պետք է պարտադիր վերահսկի, նաև իրենց մեքենաները, նաև չեմ կարծում, որ շատ խիստ չի վերահսկվելու ԳԱՅ-ի (ոստիկանություն) կողմից: Պարտադիր ու մեծ տուգանքներ են դրված ավելի, կանգնած ուղևոր ունենալու, նաև չեմ կարծում, որ ոստիկանությունը շատ խիստ չպետք է վերահսկի գործընթացը»:

Տրանսպորտային միջոցներում մի շարք անվտանգության միջոցառումներ են իրականացվելու.- «Պարտադիր վարորդի դիմակ, ձեռնոց կրելը, պարտադիր տրանսպորտային միջոցի մուտքի մոտ ալկոգելերով ամանների տեղադրումը, որպեսզի ուղևորները ախտահանեն ձեռքերը, նաև պետք է ունենան համապատասխան թղթից կամ փայտից արկղեր` գումարներն ընդունելու համար»:

Տրանսպորտից օգտվողներին հորդորում են 100 դրամանոց մանրադրամներ ունենալ՝ վարորդի հետ շփումը բացառելու համար։

Գյումրին սպասարկում է 95 միկրոավտոբուս և 5 ավտոբուս: Երթուղի դուրս կգան այն տրանսպորտային միջոցները, որոնցում ապահովված կլինեն անվտանգության միջոցառումները:

XS
SM
MD
LG