«Պետք է, որ ասում են՝ «դիմակ կրեք», անպայման կրեք, մի զլացեք, մի ափսոսացեք էդ 100, 200, 300 դրամները: Հասկանում ենք՝ շատ դժվար է, բայց առողջությունից թանկ չի: Խնդրում եմ, հավատացեք, հիվանդությունը կա, մատների արանքով մի նայեք»», - Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում կորոնավիրուսից բուժվող հիվանդներից մեկի կոչն է բոլորին՝ որքան էլ դժվար է, պահպանել հակահամաճարակայնի կանոնները:
«Ժամանակին չէի հավատում այդ հիվանդությանը, բայց մինչև իմ գլխով չանցավ ու իմ ծնողի՝ մայրիկիս, ես նոր եմ հասկանում, որ ինչքան լուրջ հիվանդություն է», - ասաց նա:
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդային բարձր ցուցանիշն է արձանագրվել՝ 697 նոր հաստատած դեպք կա։ Մարտի 1-ից ի վեր հայտնաբերված դեպքերի թիվը այսպիսով հասել է 11 հազար 221-ի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ուղիղ եթերը սկսեց այս լուրից. «Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատությունները ուղղակի կարող են և արդեն այդ վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին մենք չենք կարողանում հոսպիտալացնել»:
Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ընտանիքի մյուս անդամները ևս վարակված են։ Վարչապետն ասաց՝ երեկ իրենք ենթարկվել են բժշկական զննման և թոքաբորբ չունեն։ Պարզաբանեց՝ առողջապահական համակարգը արդեն էլ չի դիմանում այս ծանրաբեռնվածությանը։
«Մեր առողջապահական համակարգը ճկվում է արդեն: Այսօր երկրում կա մոտավորապես 20 հազար իմ նման մարդ, որոնք չգիտեն, որ հիվանդ են, իրենք էլ չգիտեն, իրենց շրջապատի մարդիկ է չգիտեն: Էդ 20 հազար մարդը, որը ինքն էլ չգիտի, ոչ մեկ էլ չգիտեի, իրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Որտե՞ղ են այդ մարդիկ, այդ մարդիկ հասարակական տրանսպորտի մեջ են, աշխատանքի վայրում են, սրճարանում են, փողոցում են քայլում: Որպեսզի վարակի այսպիսի տարածումը տեղի չունենա, շատ կարևոր է, որ մենք բոլորս բոլորիս առանց բացառության վերաբերվենք որպես վարակակիր», - հայտարարեց Փաշինյանը:
Վարակի տարածման մտահոգիչ տեմպերը հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարության ղեկավարը կոչ է անում երկրում հակահամաճարակային շարժում սկսել։ «Վերահսկել ուրիշների կողմից կատարումը՝ հակահամաճարակային կանոնների, լուսանկարել խախտման դեպքերը, տեսանկարահանել և հրապարակել սոցիալական ցանցի էջերում, երեկ, օրինակ, բանկերի դեպքում ի՞նչ պարզվեց, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հարցերը լուծվեց, որովհետև բանկերը հասկացան, որ իրենց գործարար համբավի վրա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում դա: Այսօր էլ եկեք այդ պրոցեսը շարունակենք՝ դպրոցներում ինչ է տեղի ունենում, հասարակական վայրերում ինչ է տեղի ունենում, կանգառներում ինչ է տեղի ունենում: Այս ամեն ինչը պետք է լայնորեն, հանրային կերպով վերահսկվի», - ասաց վարչապետը:
Վարակի բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ վարակից ապաքինվել է 3 հազար 468 մարդ։ Մեկ օրվա ընթացքում բուժվել է 14 և մահացել՝ 6 հիվանդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ, մահացածներից 4-ը կանայք են՝ 44, 66, 79, 80 տարեկան, երկուսը՝ տղամարդ՝ 80 և 90 տարեկան։ Բացի 66 տարեկան կնոջից, մյուսներն ունեցել էին քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 9 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը հասավ 176-ի, կորոնավիրուսով վարակված ևս 68 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց՝ ծանր վիճակում է 391 հոգի, ծայրահեղ ծանր է 59 հիվանդի վիճակը, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հիվանդ։
«Այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, և միայն մնացածն է, որ մնում է տանը տնային բուժման՝ առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության տակ, և ունենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է ասել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է բռնկում», - նշեց նախարարը:
Հայաստանում այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 7 հազար 509 մարդ: