Կորոնավիրուսով հիվանդ 100 տարեցներ հիվանդանոցներից կտեղափոխվեն ու կխնամվեն մեկուսացման վայրում

Հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը թուլացնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է կորոնավիրուս ունեցող 100 տարեց քաղաքացիների հիվանդանոցներից տեղափոխել-խնամել մեկուսացման վայրում։

Նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ Բյուրեղավանի փակված գիշերօթիկը նախապատրաստվել, կահավորվել ու ախտահանվել է. – «Այն քաղաքացիներն են, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, տարիքից ելնելով ռիսկային գոտում են գտնվում, սակայն չունեն COVID-19-ով պայմանավորված առողջական վիճակի վատթարացումներ»:

Այժմ սպասում են Առողջապահության նախարարության ցուցակին, որտեղ կներառվեն այն տարեցները, որոնք կարող են այժմ հիվանդանոցներից տեղափոխվել մեկուսացման վայր: Զուգահեռ նախարարության կադրերի բաժինը, Մարտիրոսյանի փոխանցմամբ, զբաղված է բժիշկ, բուժքույր, մայրապետների հավաքագրմամբ. – «Մեր համակարգում գործող բոլոր հաստատությունները ունեն անհրաժեշտ բուժանձնակազմը` և' բժիշկներ, և' բուժքույրեր, և' սանիտարներ, բայց քանի որ մեր հաստատությունները ևս գործում են կարանտինային փակ ռեժիմում, այս բոլոր մասնագետները մնում են, գիշերում են մեր հաստատություններում: Ուստի այդ հարյուր տարեցների խնամքի ապահովումը մեր հաստիքային աշխատակիցների ուժերով հնարավոր չէր կազմակերպել»:

Առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանների ենթակայությամբ գործող մանկատուն, ծերանոց խնամքի հաստատություններում անձնակազմն էլ գիշերում է տեղում: Կորոնավարակի դեպքեր արդեն մի քանի հաստատություններում են գրանցվել: Նորքի տուն-ինտերնատի վարակակիր տարեցներից երկուսը 10 օր առաջ մահացան, մեկ հոգու վիճակը այս պահին ծանր է։ Այստեղ անձնակազմից էլ վարակակիրներ կան

«28 աշխատակիցները բոլորը իրենց լավ են զգում և մեկուսացված են հյուրանոցներում: Ցավոք, ունենք մեկ տարեց, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մյուս 14 տարեցները իրենց լավ են զգում», - փոխանցեց
Սոնա Մարտիրոսյանը:

Նա հավելոց, որ 9 երեխա ու 6 դայակ վարակակիր են հաշմանդամություն ունեցող երեխաների Իզմիրլյան կենտրոնում, բոլորը լավ են, մեկուսացած են հենց տեղում՝ մանկատանը:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում մեկ շաբաթ առաջ էր վարակի դեպք գրանցվել. այստեղ խնամվողներից մեկը հոսպիտալացվել էր առողջական այլ խնդրով, և հենց բուժկենտրոնում հաստավել էր, որ կովիդ դրական է: Բարեբախտաբար, այստեղ վարակը չի ծավալվել:

Նուբարաշենի հոգեբուժական հաստատությունում 300-ից ավելի մարդ է թեսթավորվել: «Դեռ պատասխան չունենք», - ասաց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը: Այստեղ 7 հոգու մոտ էր վարակ հաստատվել, նրանցից մեկը` խնամվողներից:

Հոգեբուժական հաստատությունում հոգեկան խնդիր ունեցող 380 հոգի է բուժվում կամ խնամվում։ Այս պահին ջերմող կամ այլ ախտանշաններով մարդ չունենք ասաց տնօրենը:

Ի դեպ, այս փակ հաստատությունում խնամվողները դիմակ չեն կրում. – «Դիմակով չեն եղել մինչև այսօր, որովհետև դրա կարիքը չի եղել: Այդ հիվանդները ամիսներ, նույնիսկ տարիներ գտնվել են մեզ մոտ, արտաքին շփումներ այդ մարդիկ չեն ունեցել» (Սերգեյ Խաչատրյան):




«Բացի դրանից», - հավելեց նա, -«եթե մեր հիվանդներին դիմակ տանք,պարզ չի ինչ կլինի, նրանց վարքն անկանխատեսելի է»:

Հետաքրքիր է, որ խնամքի բոլոր հաստատություններում վարակն արձանագրվել է տարբեր բուժհաստատությունների այսպես ասած օգնությամբ... խնամվողն է գնացել այլ քրոնիկ խնդրով, կամ էլ բուժաշխատողն է վարակ բերել:

Ինչպես, օրինակ, «Ավագ սերունդ» տարեցների խնամքի մասնավոր կենտրոնում, վարակը բերել է համատեղությամբ աշխատող «Արմենիա» բուժկենտրոնում հերթապահող բուժքույրը, վարակվել ու հիվանդանոց են տեղափոխվել բոլոր 11 խնամվողները:

Խնամքի կենտրոնը «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանն է, որի փոխնախագահ Ալլա Հարությունյանը շեշտում է, որ տարեցներին լավ սնում էին ու վիտամիններ տալիս: Հույս հայտնեց, որ վարակը կհաղթահարեն ու բոլորը անփոփոխ կազմով, անվնաս կվերադառնան: