Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով՝ հասնելով 9 հազար 492-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 16-ով և հասել 3 հազար 402-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 58 հազար 668 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 139-ի, կորոնավիրուսով վարակված ևս 55 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 896 մարդ:
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ ամբողջ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով՝ թեստավորման արդյունքը դրական է: