Մատչելիության հղումներ

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի ղեկավար. Միջինը մոտավոր 60-65 տոկոսը թեստերի ունենում ենք դրական


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավար Արտակ Ջումայանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ներկայացրեց, թե ինչպես է իրականացվում հսկողությունը տեղամասային պոլիկլինիկաների կողմից գանգատներ ունեցող մարդկանց դեպքում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը թեթև կամ առանց ախտանշանների տանող հիվանդներին տանը թողնելու որոշումն արդեն գործում է:

«Բոլոր հաստատված թեթև դեպքերից օնլայն հարթակով ստանում ենք տեղեկությունը, որից հետո բժիշկը սահմանում է բուժհսկողություն` օրական 2 անգամ զանգելով հետաքրքրվում է հիվանդի առողջությամբ: Եթե գանգատներ լինում են, մենք շտապօգնության մեքենայով բուժանձնակազմի հսկողությամբ բերում ենք պոլիկլինիկա առանձին մուտքով, մուտքի մոտ մեկուսարաններ կան, կատարվում է բուժզննում, որից հետո կայացվում է որոշում` կամ շարունակել վարել տանը, կամ համաձայնեցնելով հատուկ դասակարգման խմբի հետ` ընտրում են բուժկենտրոն, որտեղ պացիենտը հոսպիտալացվում է»,- ներկայացրեց Ջումայանը:

Նրա խոսքով` վերջին մեկ շաբաթվա մեջ իրենց կենտրոն այցելությունն ավելացել է, այսօր ունեն 5 մեկուսարան, ամեն մի մեկուսարանով անցնում է միջինը 15 պացիենտ. - «Եթե մենք մի ժամանակ ունեինք 2 մեկուսարան և աշխատում էինք հանգիստ ռեժիմով, ասենք, էդ մեկուսարանները ծանրաբեռնված էին միջին ծանրաբեռնվածությունով, այսինքն՝ մոտավոր օրական մենք ընդունում էինք 15-20 պացիենտ, այսօր ունենք 5 մեկուսարան, և ամեն մի մեկուսարանով անցնում է միջինը 15 պացիենտ»:

«Այս պահին ունենք 57 դրական թեթև դեպք, որը վարվում է տանը, և 115 կոնտակտ, և ամեն անգամ բժիշկը զանգելով պիտի տեղյակ լինի նաև կոնտակտի մասին: Եթե ընտանիքում կան այլ անդամներ, բոլորը վերցվում են հսկողության տակ»,- ասաց նա` հավելելով, որ վերջին 4 ոչ աշխատանքային օրերին իրենց միջին ծանրաբեռնվածությունը եղել է մինիմալ 57, մաքսիմալ 69 պացիենտ, որոնք անցել են մեկուսարաններով, և 16-29 թեստավորում է արվել:

«Ես դա ասում եմ ընդհանուր աշխատանքային ժամի հետ կապված, միջինը մոտավոր 60-65 տոկոսն ունենում ենք դրական այդ քանակությամբ թեստերի»,- հայտնեց նա` հավելելով, որ այս օրերին էլ միջինն օրական 47-69 այցելություն են ունեցել մեկուսարաններում, դրանցից միջինը 6-8-ը մանկական տարիքին է բաժին ընկնում.- «Ամեն օր ունենում ենք նաև 2-3 երեխա թեստավորման` շփվելով ընտանիքի հետ հաստատված և ունենալով ախտանիշ, թեստավորում ենք»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավարը շեշտեց. - «Վիճակը ծանրանում է նաև էն հանգամանքով, որ գիտենք, որ մեր բնակիչները հենց, մեր ժողովուրդը պարետատան հրապարակած ոչ բոլոր կանոններին են հետևում: Անգամ մինչև հիմա կան մարդիկ, որոնք չեն հավատում: Բայց, ցավոք սրտի, մենք ունեցել ենք էդպիսի դեպք նաև մեր պոլիկլինիկայում, երբ չեն հավատացել ընդհանրապես այդ վիրուսին, և էս պահին ընդհանուր ամբողջ ընտանիքը, 9-հոգանոց ընտանիքից 6-ը վարակված են, 3-ը անցնում են հիվանդանոցում բուժում, 3-ը հսկվում են մեր կողմից որպես դրական, և 3-ը՝ կոնտակտ: Այսինքն՝ այ էդ թերահավատորեն և ոչ պատասխանատու իրենց վերաբերմունքն էլ է բերել այսօրվա իրավիճակին, և, այո, այս պահին իրավիճակը ծանր է ընդհանուր՝ և՛ ստացիոնար, և՛ ամբուլատոր»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG