Միացյալ Նահանգների ավելի քան 40 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Լոս Անջելեսում, պարետային ժամ է հայտարարված, 15 նահանգներում փողոց են դուրս բերվել Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
Ամերիկյան իշխանությունները այս քայլերին ստիպված եղան դիմել մայիսի 25-ին սկիզբ առած լայնածավալ անկարգությունների հետագա տարածումը կանխելու նպատակով: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումները ԱՄՆ ողջ տարածքում սկիզբ առան մայիսի 25-ին` Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած միջադեպից հաշվված ժամեր անց: Դրա ընթացքում ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկում քաղաքի աֆրոամերիկացի բնակիչներից մեկին` Ջորջ Ֆլոյդին: Դատելով համացանցում հայտնված տեսանյութերից՝ ոստիկաններից մեկը Ֆլոյդի ձերբակալության ընթացքում նրա նկատմամբ անհամաչափ ուժ էր կիրառել, ինչի արդյունքում տղամարդը մահացել է:
Ֆլոյդի մահվանից հետո սկիզբ առած ցույցերն արագորեն դուրս եկան վերահսկողությունից, դրանց մասնակիցների մի մասը սկսեց մեքենաներ այրել, հարձակումներ գործել ոստիկանների վրա, մի շարք քաղաքներում գործը հասավ խոշոր սուպերմարկետների թալանին:
Անցած գիշեր առավել լարված էր իրավիճակը մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ ցուցարարների և ոստիկանների միջև բախումները ծավալվել էին Սպիտակ տան անմիջական հարևանությամբ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները փորձել էին անգամ հրկիզել Սպիտակ տան անմիջական հարևանությամբ գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն ամերիկյան քաղաքական և կրոնական շրջանակներում նաև հայտնի է որպես «Նախագահների եկեղեցի»: ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, բազմիցս այցելել են այս եկեղեցի` մասնակցելով այնտեղ մատուցվող ժամերգություններին: Ի դեպ, CNN-ի տեղեկություններով, ուրբաթ երեկոյան, երբ Սպիտակ տան շրջակայքում ոստիկանության և ցուցարարների միջև առաջին ծավալուն բախումներն էին արձանագրվել, ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայությունը Դոնալդ Թրամփին, առաջին տիկին Մելանիա Թրամփին և նրանց որդուն տարհանել է Սպիտակ տան նկուղում գտնվող բունկեր: Նախագահական ընտանիքն, ըստ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների, այդ բունկերում էր մնացել մոտ մեկ ժամ` մինչև անկարգությունների ճնշումը:
Հազարավոր մարդիկ են մասնակցում նաև Նյու Յորքում ծավալված բողոքի ակցիաներին: Դրանց մասնակիցներ վերջին 12 ժամերին առնվազն մեկ ոստիկանական մեքենա են հրկիզել Մանհեթենի հարավային հատվածում, բախումներ են արձանագրվել Յունիոն Սքվերի շրջանում, ինչպես նաև Բրուքլինում:
«Նյու Յորքի բնակիչներն այսօր արտահայտեցին խնդիրներ լուծված տեսնելու իրենց ցանկությունը: Դրանք խաղաղ ցուցարարներ էին, սակայն կար նաև մարդկանց մի փոքր խումբ, որ գերադասեց դիմել բռնության, որոնք այս ցույցերին մասնակցում էին զուտ ոստիկաններին սադրելու, նրանց վրա հարձակվելու նպատակով: Նման պահվածքն անընդունելի է: Ես դիմում եմ խաղաղ ցուցարարներին` եթե դուք դեռևս փողոցում եք, փորձելով խաղաղ միջոցներով փոփոխությունների հասնել իմացեք` մենք ձեզ լսել ենք: Այժմ, սակայն, եկել է մարդկանց տուն վերադառնալու պահը», - կեսգիշերին շտապ կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:
Ի դեպ, այս ասուլիսից հաշվված ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում ծավալված բախումների ընթացքում ձերբակալված տասնյակ ցուցարարների թվում է նաև քաղաքապետի դուստրը` Քիարա Դե Բլազիոն: Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքում անցկացնելուց հետո քաղաքապետի դուստրն ազատ էր արձակվել: