Այսօրվանից Վրաստանը ևս մեկ քայլով թուլացնում է կարանտինի սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվում է վերաբացել սրճարանների և ռեստորանների, ինչպես նաև մինչև հիմա սահմանափակումների տակ գտնվող որոշ խանութների աշխատանքը:
Սննդի օբյեկտներում մի սեղանի շուրջ չի թույլատրվում 6-ից ավելի մարդ նստել, երեխաները կարող են բացառություն լինել: Սեղանների միջև պետք է պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն, եթե նման հնարավորություն չկա, պետք է պաշտպանիչ ժամանակավոր պատնեշներ դրվեն: Ճաշացանկն էլ պետք է միանգամյա լինի, որ մի հաճախորդի կարդալուց հետո դեն նետվի՝ մյուսները չօգտագործեն:
Ահա այսպես, մանրամասնորեն շարադրված է, թե ինչպես պետք է աշխատեն բաց տարածքներ ունեցող սրճարանները և ռեստորանները:
Երեկ Վրաստանում նշվել է Ոստիկանության օրը, և այդ կապակցությամբ ելույթ ունենալով՝ վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, թե Թբիլիսիի և Բաթումիի ընդգրկվելը անվտանգ զբոսաշրջության եվրոպական ուղղություններում՝ շարքային քաղաքացիների, բժիշկների և ոստիկանության ջանքերի արդյունքն է: Նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել արդյունավետ վերահսկողությունը անվտանգ երկրի կարգավիճակը պահելու համար:
«Էֆեկտիվ վերահսկողությունը մեզ հնարավորություն կտա աստիճանաբար վերաբացել տնտեսությունը, մարդիկ աշխատանքի գնան, շարունակել շինարարական աշխատանքները, զբոսաշրջիկներ գան, և դրանում շատ կարևոր է ձեր դերակատարությունը», - դիմելով ոստիկաններին՝ ասել է երկրի ղեկավարը:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ եվրոպական զբոսաշրջային կազմակերպություններից մեկը անվտանգ 20 ուղղությունների ցանկ է կազմել, որոնք ամենաքիչն են տուժել COVID-19-ից, և այդ ցանկում առաջին տեղում Թբիլիսին է, իսկ Բաթումին՝ 7-րդը:
Վրաստանում կորոնավիրուսի 10, 20 դեպքերն արդեն բարձր թվեր են համարվում, և քանի որ անցած շաբաթավերջին Թբիլիսիում 11 դեպք է հաստատվել, Բոլնիսիի շրջանում՝ ավելի շատ, պաշտոնյաները շտապեցին հայտարարել, թե նոր դեպքերը կապ չունեն սահմանափակումները թուլացնելու հետ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ Բոլնիսի շրջանի Մուշևանի գյուղը նախկինում ևս կորոնավիրուսից ամենաշատ տուժած վայրերից մեկն էր, և սպասվում էր, որ այնտեղ նոր դեպքեր կլինեն: Անցած ուրբաթ օրը գրեթե բոլոր բնակիչները հետազոտվել են, և 18 նոր դեպք է հաստատվել:
Մեկ դեպք էլ հաստատվել է Ռուսաստանից վերադարձած բեռնատար մեքենայի վարորդի մոտ: Մայիսի 22-ից նա ինքնամեկուսացվել էր, հիմա պետք է բուժվի Թբիլիսիում: Վրաստանի գինեգործական Կախեթի շրջանը վիրուսից ազատ կանաչ գոտի էր համարվում, բայց հիմա այնտեղ այդ վարորդի մոտ հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը:
Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել:
Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով 783 մարդ է վարակվել, որոնցից 12-ը մահացել են:
Վրաստանը պլանավորում է մեկ ամիս հետո՝ հուլիսի 1-ից արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունել: