Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը ցանկանում է արտակարգ դրության վերացումից հետո էլ օժտված լինել հատուկ լիազորություններով


Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան, արխիվ
Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան, արխիվ

«Կորոնավիրուսից` կորոնաբռնապետություն», - վրացական ընդդիմությունն այսպես է բնութագրում Գիորգի Գախարիայի կառավարության հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը շրջանառության մեջ դրվեց այս շաբաթ:

Մայիսի 22-ից` արտակարգ դրության ռեժիմի գործողության ավարտից մի քանի օր առաջ վրացական իշխանությունները առաջարկում են կառավարությանը օժտել հավելյալ լիազորություններով, որոնք հնարավորություն կտան գործադիր իշխանությանը սահմանափակել երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքները առանց արտակարգ դրություն հայտարարելու և անգամ խորհրդարանին տեղյակ պահելու:

Վարչապետ Գիորգի Գախարիայի համոզմամբ՝ այս նախաձեռնությունը մի կողմից հնարավորություն կտա արդյունավետորեն վերահսկել համաճարակաբանական իրավիճակը, մյուս կողմից` խուսափել տնտեսության վերագործարկմանը խոչընդոտող ավելորդ սահմանափակումներից:

«Մենք պետք է մի պարզ իրողություն ըմբռնենք` կորոնավիրուսի դեմ պայքարում մեր արձանագրած հաջողությունները կզրոյացվեն, եթե մենք ընդամենը մի կամայական որոշմամբ վերացնենք բոլոր սահմանափակումները` վտանգելով ոչ միայն մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը, այլև երկրի տնտեսության վերածնունդը: Մեզ սահմանափակումներ պետք են, բայց արտակարգ դրության և պարետային ժամի կարիքն այլևս չի զգացվում: Հասկացեք՝ այն պահին, որ աշխարհը հաղթահարեց կորոնավիրուսի համաճարակը, բոլորը մոռանալու են այն մասին, որ Վրաստանը կարողացել է արդյունավետորեն պայքարել COVID 19-ի դեմ: Այդ պահին ամենակարևոր խնդիրն է դառնալու տնտեսության ակտիվացումը, այնպես որ, նոր սահմանափակումները պետք է նախևառաջ արդյունավետորեն կիրառվեն` միտված լինելով կոնկրետ խնդիրների լուծմանը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Վրացական ընդդիմությանը, սակայն, այս բոլոր բացատրությունները բացարձակապես չեն գոհացնում: Ընդդիմադիրները համոզված են` աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը մտադիր է կորոնավիրուսի համաճարակը որպես պատրվակ օգտագործել` քարոզարշավի ընթացքը վերահսկողության տակ պահելու և խորհրդարանի լիազորությունները սահմանափակելու նպատակով:

«Խորհրդարանը այսպիսով, փաստորեն, դուրս է մղվում երկրի համար շատ ռիսկային որոշումների կայացման պրոցեսից: Գործնականում խորհրդարանը վայր է դնում զենքերը` իր լիազորությունների մի մասը պատվիրակելով գործադիրին: Այս օրենքն ընդունելու դեպքում կառավարությունը հնարավորություն կստանա սահմանափակել մարդկանց տեղաշարժը, դադարեցնել տնտեսության այս կամ այն ճյուղի գործունեությունը, փակել քաղաքների ելումուտը և չեղարկել Վրաստանի քաղաքացիների` հավաքներին ու ցույցերին մասնակցելու սահմանադրական իրավունքը, և այդ ամենը` առանց խորհրդարանի հավանության», - նշել է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն:

Կառավարության վիճահարույց այս առաջարկը, ի դեպ, կարող է վրացական ընդդիմության միավորմանը նպաստող ևս մեկ գործոն դառնալ: Առանց արտակարգ դրություն հայտարարելու երկրի քաղաքացիների սահմանադրական իրավունքները սահմանափակելուն դեմ են ինչպես արևմտամետները, այնպես էլ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ձևավորելու կողմնակիցները` ինչպես օրինակ՝ խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա համոզմամբ ևս՝ Գախարիայի կառավարության համար կորոնավիրուսի համաճարակը զուտ պատրվակ է:

«Բարեկամներ, ինչպե՞ս կարող են երկրում ընտրություններ կայանալ, երբ կառավարությունը ի վիճակի է ցանկացած պահի արգելափակել այն շրջանը, որտեղ ընդդիմությունը նախատեսում է բնակչության հետ հանդիպում անցկացնել: Դա հնարավոր է անել ընդամենը երեք օրով` բայց այնպես, որ ընդդիմության քարոզչական ակցիաները տապալվեն: Դա համաճարակի դեմ պայքար չէ, դա ընդդիմությանը բնականոն քարոզարշավ անցկացնելու հնարավորությունից զրկել է նշանակում: Ավելին, այս ամենը նաև երկրում խորհրդարանի վերջնական լուծարում է նշանակում», - ասել է Նինո Բուրջանաձեն:

«Վրացական երազանքի» ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ կառավարությունը որևէ հեռուն գնացող քաղաքական նպատակ չի հետապնդում: Իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ այս քայլով Գախարիայի կառավարությունը ընդամենը լրացնում է առկա օրենսդրական բացը` համաճարակի դեմ պայքարի առավել տեղային գործիքներ ստեղծելու նպատակով` առանց համապետական ռեսուրսների կիրառման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG